Վերաքննիչ բողոք՝ ոստիկանությունում ինքնավնասված Հ. Կյուրեղյանի գործով
12:16, October 26, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Ոստիկանություն2012 թ. հոկտեմբերի 25-ին Հակոբ Կյուրեղյանի պաշտպան Կարեն Թումանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճռի դեմ:
Հակոբ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցիչներին և հասարակական կարգի խախտումը խափանող անձանց դիմադրություն ցույց տալով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Կյուրեղյանին և դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով:
2011 թ. սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի ոստիկանության Մաշտոցի բաժնից Լոռու մարզի ոստիկանության վարչություն գրություն է ուղարկվել, որպեսզի Վանաձոր քաղաքի բնակիչ Հակոբ Կյուրեղյանին պարտավորեցնեն ներկայանալ Երևան քաղաքի ոստիկանության Մաշտոցի բաժին: Գրության մեջ նշված չի եղել, թե Կյուրեղյանը ինչի համար պետք է ներկայանա ոստիկանություն և ինչ դատավարական կարգավիճակով: Գրության կատարումը հանձնարարվել է Կյուրեղյանի թաղամասային տեսուչ Նարեկ Սեփխանյանին, ում հետ զրույցից հետո Կյուրեղյանը հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն:
Զրույցից մի քանի օր անց տեսուչի զանգով Կյուրեղյանը ներկայացել է Լոռու մարզի ոստիկանություն: Կյուրեղյանը ոստիկանության շենքում հայհոյել և հարվածել է աշխատակիցներին, այնուհետև սայրով սկսել վնասել իր պարանոցը, ապա նախաբազուկը:
Վերաքննիչ բողոքում Կարեն Թումանյանը նշել է, որ Հակոբ Կյուրեղյանի արարքում բացակայում է դիտավորությունը:
Դեպքի օրը Հակոբ Կյուրեղյանը գնացել է ոստիկանության Վանաձորի բաժին՝ Նարեկ Սեփխանյանին հանդիպելու: Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ ոստիկանության Վանաձորի բաժին մտնելով՝ Հակոբ Կյուրեղյանը միանգամից հարցրել է Նարեկ Սեփխանյանի աշխատասենյակի գտնվելու տեղը և գնացել այնտեղ: Հետո միայն, հայտնաբերելով, որ Նարեկ Սեփխանյանն աշխատասենյակում չի, զայրացել է և նյարդայնացած բացել Նարեկ Սեփխանյանի աշխատասենյակին հարակից մյուս աշխատակիցների աշխատասենյակի դուռը և կատարել արարքը: Այսինքն՝ ի սկզբանե Հակոբ Կյուրեղյանը ցանկացել է հանդիպել Նարեկ Սեփխանյանին, հասարակության ներկայությամբ կամ հասարակության անդամների նկատմամբ որևէ գործողություններ կատարելու մտադրություն չի ունեցել: Ինչպես նաև Հակոբ Կյուրեղյանի գործողություններն ուղղված չեն եղել հասարակական կարգի դեմ:
Կարեն Թումանյանը վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և Հակոբ Կյուրեղյանին հռչակել անմեղ: Ինչպես նաև Հակոբ Սեպուհի Կյուրեղյանի նկատմամբ արձակել արդարացման դատավճիռ և նրան ազատ արձակել դատական նիստերի դահլիճից: