Վեց սպանվածների գործով պահանջվեց նախարարի «հույժ գաղտնի» հրամանը
10:27, February 12, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, դատավոր Կարինե Ղազարյանինախագահությամբ, այսօր սկսեց իրավապաշտպանԱրթուր Սաքունցի, սպանված զինծառայողներ Ռոբերտ Հովհաննիսյանի հոր՝ Միքայել Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Սարգսյանի մոր՝ Սվետլանա Կարապետյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Այս գործով պատասխանողը ՊՆ Մարտունիի զորամասերից մեկում 2010թ. հուլիսի 28-ին սպանված 6 զինվորների գործով նախաքննությունն իրականացրած քննիչն է՝ Մուշեղ Բուլղադարյանը: Եթե Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նա միայնակ էր հանդես գալիս, ապա վերաքննիչ դատարանում նրան միացավ զինվորական դատախազությունից Արամ Խաչատրյանը:
Բողոքաբեր կողմը դատարանին տեղեկացրել էր, որ 2010թ. հուլիսի 28-ին մարտական դիրքերում հրազենից սպանվել էին Վարդգես Թադեւոսյանը, Կարո Այվազյանը, Գարեգին Հովսեփյանը, Արթուր Մանասյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Երկու տարվա նախաքննությունն ավարտվել էր նրանով, որ քրեական հետապնդում չէր իրականացվել, կարճվել էր գործի վարույթը:
Քննիչի այս որոշումը բողոքարկվել էր զինվորական դատախազին, ապա բողոքաբեր կողմը դիմել էր Արաբկիր եւ Քանքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի սկսվի բազմակողմանի քննություն, քննիչի որոշումը վերացվի, եւ քրեական հետապնդում սկսվի սպաներ Վիգեն Պետրոսյանի եւ Սամվել Գեւորգյանի նկատմամբ:
Սակայն այս տարվա հունվարի 8-ին հայցը մերժվել էր, եւ իրավապաշտպանը սպանվածների ծնողների հետ բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան:
Արթուր Սաքունցը պնդեց իր բողոքը, ասելով, որ նախաքննությունն իրականացվել է թերի, որ ստացված վնասվածքների առաջացման հանգամանքները պարզված չեն, որ դատաձգաբանական փորձաքննության առարկա չի դարձել, թե սպանված Թադեւոսյանը շփվե՞լ է զենքի հետ, չի ճշտված սպանվածների դիրքի եւ հրազենային վնասվածքների համապատասխանությունը:
Ա.Սաքունցն ասաց, որ միակ ողջ մնացած վկան՝ Դավիթ Հարությունյանն ասել է, թե լսել է.«Ռոբ, չէ, չէ», ինչը փլուզում է նախաքննության այն վարկածը, թե գնդացրից կրակողը եղել է ԱՄՆ դատարաններից մեկի կողմից դատապարտված, զորակոչված Կարո Այվազյանը, որն էլ վերջում ինքնասպան է եղել:Նշեմ, որ դատական նիստին ներկա էր Կ. Այվազյանի պապը:
Պատասխանող քննիչն ու զինդատախազն առարկեցին այդ փաստարկներին, ասացին, թե նախաքննությունը արել է հնարավոր ամեն ինչ՝ մի քանի վարկածների ստուգման վերաբերյալ, որ հարցաքննություններին ու առերեսումներին մասնակցել են զոհվածների ծնողները: Ըստ պատասխանողի, հիմնավորվել է, որ զինվորներին սպանել է Կարո Այվազյանը:
Սպանված զինվորի մայրը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննության մարմինը դեպքի ժամ էր նշել ժ.14.45-ն, մինչդեռ նա իր որդու հետ խոսել է հեռախոսով դեպքի օրը՝ ժ.18.20-ին:
Ինքը նաեւ տեղեկացել էր, որ տղաներին՝ 3-4 հոգու տանելու են «գուբախտ»: Ի դեպ, այն վարկածը, թե տղաները քնած են եղել եւ այդ պատճառով ծագած վեճն էլ ավարտվել է ողբերգությամբ, Սվետլանա Կարապետյանը համաձայն չէ, քանի որ, ըստ նրա, միակ ականատես վկան՝ Դավիթ Հարությունյանն ասել է, որ տղաներին չի տեսել քնած:
Պատասխանող կողմին ուղղված բողոքաբերի հարցերին, թե ինչ հիմքերով են զինվորներին մինչ դեպքը տարել շինարարական աշխատաքներ կատարելու, արդյոք պատճառական կա՞պ կա, նրանց հոգնած լինելու եւ կատարված ողբերգության միջեւ, կողմը հղում էր անում պաշտպանության նախարարի 0250 հրամանին, որը համարվում է «հույժ գաղտնի»: Ըստ Ա. Սաքունցի, իրենք տեղյակ չեն այդ հրամանի բովանդակությանը, հետեւաբար՝ չեն կրողանում լիարժեք օգտվել պաշտպանությունից: Հետեւաբար, նա միջնորդեց, որպեսզի կողմը հրամանը տրամադրի իրենց:
Այս միջնորդության քննարկումը հետաձգվեց եւ կլսվի հաջորդ դատական նիստի ժամանակ:
Աղբյուրը` http://www.aravot.am/2013/02/12/195857/