Վիճարկվում է քաղաքապետի անգործությունը
13:46, October 18, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2012 թ. հոկտմբերի 19-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում նշանակված է նախնական դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վանաձորի քաղաքապետի:
Կազմակերպությունը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել Վանաձորի քաղաքապետի գործողությունները (անգործությունը)՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունենալիք ադրբեջանական ֆիլմերի փառտոնին հրատապ արձագանքնելու նպատակով ՀՀ երկրապահ կամավորականների միության Վանաձորի քաղաքային բաժանմունքի նախագահի կողմից կազմակերպված հավաքի վերաբերյալ:
ՀՀ երկրապահ կամավորականների միության Վանաձորի քաղաքային բաժանմունքի նախագահը 2012 թ. ապրիլի 16-ին գրավոր դիմել է Վանաձորի քաղաքապետին՝ նույն օրը Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում կազմակերպել «Շտապ» հավաք, այնուհետև երթ մինչև գրասենյակ:
Հանրային հավաքի վերաբերյալ իրազեկումը ստանալուց հետո Վանաձորի քաղաքապետը պարտավոր էր հավաքի կազմակերպչին առաջարկել հավաքի անցկացման ժամանակին և վայրին վերաբերող պայմաններ: Պայմանների վերաբերյալ կազմակերպչի հետ համաձայություն ձեռք չբերելու դեպքում քաղաքապետը պարտավոր էր որոշում կայացնել հավաքի ժամանակի և վայրի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին:
Վանաձորի քաղաքապետը պարտավոր էր նախատեսել, որ հանրային հավաքը հանգեցնելու է կազմակերպության աշխատանքի դադարեցմանը, ինչպես նաև վտանգի տակ է դնում կազմակերպության աշխատակիցների անվտանգությունը, առկա է նաև գույքի վնասման, ոչնչացման վտանգ: Այս դեպքում քաղաքապետի կողմից պետք է հավաքի կազմակերպչին առաջադրվեր հավաքի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ այլ ՝ կազմակերպության բնականոն աշխատանքի համար խոչընդոտ չառաջացնող պայմաններ:
Վանաձորի քաղաքապետի կողմից նշված գործողությունները չեն կատարվել, ինչը հանգեցրել է կազմակերպության աշխատանքի դադարեցմանն ավելի քան 3 ժամ 40 րոպե տևողությամբ, ինչպես նաև կազմակերպության գույքի ոչնչացմանը, վնասմանը և աշխատակցի առղջությանը վնաս հասցնելուն: