Վլադիմիր Գասպարյանի կադրերը
14:46, July 6, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, ՈստիկանությունՈստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շատ բարձր է գնահատում իր պաշտոնավարումից ի վեր ոստիկանության ծավալած աշխատանքները և այդպիսի գնահատականի էլ սպասում է հանրությունից: Ոստիկանապետը նույնիսկ իր զարմանքը հայտնեց, որ «անհիմն կասկածամտություն արտահայտվեց» հանրության կողմից, Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպի բացահայտման հետ կապված: Ոստիկանապետն այլևս բացառում է օրինականության ոտնահարման հնարավորությունը. ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը:
Արված հայտարարությունները բարձրագոչ են. «Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջև բոլորի հավասարությունը, ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար և` թափանցիկ», այս բարձր բառերը շարունակ կրկնվում են, իսկ հեռուստաընկերությունները լայնորեն գովազդում են ու լուսաբանում ոստիկանապետի ցանկացած խոսք ու հանդիպում:
Հանրությունը սակայն շատ զգույշ է, և իրական գնահատականներ կհնչեն այն ժամանակ, երբ կտեսնեն իրական արդյունքներ:
Ոստիկանապետն իր գործունեությունը սկսեց կադրային բարեփոխումներով, որոնցից «ամենաբարեփոխականը» ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնում Սամվել Տոնոյանի նշանակումն էր` Վահան Խալաֆյանի մահվան տարելիցի օրը:
Նախկին փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանի անունը շրջանառվում էր 24-ամյա Վահան Խալաֆյանին ոստիկանության Չարենցավանի բաժնում խոշտանգելու մեջ և նրան մահվան դուռը հասցնող ամենահավանական «թեկնածուն» էր համարվում: Գուցե ոստիկանապետը հանրությանը կվկայակոչի դատարանների որոշումն այդ գործով, բայց դժվար գտնվի մեկը, ով կհավատա դրան:
Ոստիկանապետի հաջորդ նշանակումը ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում գնդապետ Արմեն Հակոբյանի նշանակումն է: Վերջինս զինվորական դատախազության նախկին հատուկ կարևորագույն գործերով այն քննիչն է, ով սարքել էր հանրությանը հայտնի Մատաղիսի աղմկահարույց գործը և երեք անմեղ տղաներին ներկայացրել որպես մարդասպաններ:
Սակայն սա դեռ ամենը չէ: Այն ժամանակ բավական երիտասարդ քննիչն, ըստ մամուլի տեղեկությունների, անմեղ զինվորների ցուցմունքները կորզել էր առանձնակի դաժանությամբ` հնարավոր բոլոր բռնի մեթոդներով:
«Ամենաայլանդակ խոշտանգումներն իրականացվել են հենց նրա կողմից, նախաքննության պարագլուխը հենց Արմեն Հակոբյանն էր», ասում է Մատաղիսի գործով մեղադրյալներից Արայիկ Զալյանը, ով այժմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանն է: Արայիկ Զալյանի համար այս նշանակումն անսպասելի էր. «Կարծում էի՝ վերջապես նրան պատժելու լուրը պիտի լսեի, բայց պարզվում է պաշտոնի բարձրացում է ստացել»:
«Մատաղիսի գործն» այժմ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` քննության փուլում: ԵԴ-ի կողմից արդեն երկրորդ անգամ կառավարությանն ուղղված հարցերը հիմնականում հենց խոշտանգումներին են վերաբերում: Սրան զուգահեռ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեռևս շարունակվում է այս գործով դատաքննությունը:
2006 թ. դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեցին երեք մեղադրյալները`Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը, և գործն ուղարկվեց նոր քննության`շեշտը դնելով հենց խոշտանգումների վրա: ԵԴ-ն կառավարությունից պահանջել է ներկայացնել հետազոտությունների արդյունքների մանրամասները և փաստաթղթերի կրկնօրինակները:
Ակնհայտ է, որ ոստիկանապետն իր հրապարակային գործունեությամբ ակնկալում է ստանալ հանրության վստահությունն ու աջակցությունը, սակայն դրան արժանանալու համար անհրաժեշտ են վստահություն ներշնչող քայլեր: Նվազագույնը, ինչ կարող էր անել Վլադիմիր Գասպարյանը, վարկաբեկված անձանց նման պատասխանատու պաշտոնների չնշանակելն էր, այն էլ երկու աղմկահարույց գործերով, որոնք ցնցել են հանրությանը: