Վովա Գասպարյանին պատասխան կտրվի
00:00, October 21, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՔիչ առաջ ավարտվեց «Բանակն իրականում» նախաձեռնության անդամների հանդիպումը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպումը նախատեսվածից երկար տևեց՝ 1.5 ժամի փոխարեն, 3 ժամ:
Նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ներկայացրեց նախարարի առաջին տեղակալին ներկայացրած պահանջները: Պահանջներից առաջինը վերաբերում է երեկ խաղաղ ակցիայի մասնակից Վարդգես Գասպարիի ձերբակալության փաստին: Երկրորդ պահանջը՝ պաշտպանության փոխնախարարի հրապարակային արտահայտություններին. «Մենք գտնում ենք, որ պաշտպանության գերատեսչությունը պետք է անպայման իր վերաբերմունքը իր ներկայացուցչի արտահայտությունների վերաբերյալ արտահայտի»,- ասաց Արթուր Սաքունցը: Նախաձեռնության երրորդ պահանջը տեղեկատվություն ստանալն է: Ա. Սաքունցի խոսքերով`այս երեք խնդիրների վերաբերյալ պատասխանները, գործողությունները հիմք կտան մտածելու, որ իրապես կա ցանկություն, որ բանակում իրավիճակը փոխվի:
Նախաձեռնությունը մտահոգություն է հայտնել բանակում տիրող մթնոլորտի վերաբերյալ և նշել, որ ակնկալում է շատ ավելի արդյունավետ քայլեր:
Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ կան որոշակի քայլեր, որոնք իրենք ուզում են անել, թե ինչ քայլեր՝ դեռ պետք է սպասել:
Դավիթ Տոնոյանն անդրադարձել է իրավապաշտպան ՀԿ-ների դրամաշնորհ ստանալու խնդրին, նա ասել է, որ դրամաշնորհները շատ անհրաժեշտ են, դրանք հնարավորություն են տալիս որոշակի փորձաքննություն իրականացնել, և դա բավական լուրջ ներդրում է բանակում ներդրումների առումով:
«Այնպիսին էր տպավորությունը, որ ինքը չէր ողջունում նմանատիպ սև PR-ները»,- հավելեց Արթուր Սաքունցը:
Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ հավելեց, որ պահանջներից մեկի առումով, որը պաշտոնատար անձանց զավակների ծառայել- չծառայելու տեղեկությունների տրամադրման հետ էր կապված, Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՊՆ-ում աշխատանք է տարվում տեղեկությունների բազային որակի փոփոխման ուղղությամբ, և գաղտնիների շեմը ամենայն հավանականությամբ կիջեցվի, և մի խումբ տեղեկություններ, որոնք նախկինում գաղտնի են եղել, փոփոխության հաստատվելուց հետո դրանց մի մասը կարող է բաց լինել:
Իսկ թե ինչպես է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը վերաբերվում Վովա Գասպարյանի` վերջին օրերին կատարած հայտարարություններին, Լևոն Բարսեղյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանն ասել է`առաջիկա օրերին նախարարի վերադառնալուց հետո քննարկելու են այդ հարցը և այդ մասին կլինի հաղորդագրություն:
Արթուր Սաքունցը նաև ասաց, որ իրենք անդրադարձել են բանակում սպանությունների հետ կապված նախաքննության ոչ պատշաճ իրականացմանը, եթե դա չի բերում պատասխանատուների բացահայտմանը, պատասխանատվության ենթարկելուն, ապա անվստահությունը շարունակվելու է: