Տիգրան Առաքելյանի հարցը կորոշվի նախագահականում
12:39, October 12, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | ՔաղբանտարկյալներՔաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործով դատական վճիռը հրապարակվելու է սույն թվականի հոկտեմբերի 14-ին: Ինչպիսի դատավճիռ է ակնկալում դատարանից իրավապաշտպան Արթուր Սաքունցը, և ընդհանրապես ինչ գնահատական կտա ընթացող դատական նիստերին, փորձել է պարզել ArarartNews.am-ի թղթակիցը:
«Տիգրան Առաքելյանի գործով դատավարության ընթացքը հասատատեց քաղաքական հետապնդման փաստը, որովհետև որևէ իրավական հիմքեր չկային Տիգրան Առաքելյանի նկատմամբ առաջադրելու այն մեղադրանքը, որն առաջադրվել է, և ակնհայտորեն բացահայտվեց, որ ամենը արհեստական են, չեն համապատասխանում իրականությանը և օբյեկտիվ հիմքեր չունեն»,-մեր թղթակցի հետ զրույցում նշել է Արթուր Սաքունցը:
Իսկ սպասվելիք դատավճռին անդրադառնալովˋ իրավապաշտպանը նշել է, որ դատավճիռը պայամանավորված է լինելու քաղաքական որոշումից. «Ինչ քաղաքական որոշում կկայացնեն նախագահական ինստիտուտում Տիգրան Առաքելյանի վերաբերյալ, այդ որոշումն էլ կիրականացվի կամ կտեսնենք դատարանի դահլիճում»:
Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե այնուամենայնիվ, վերլուծելով ներկայիս իրավիճակը, ինչ դատավճիռ կարող ենք ակնկալել, իրավապաշտպանը պատասխանել է. «ՀՀ-ում դժվար է իրավական դաշտում կանխատեսումներ անել, որովհետև եթե զուտ իրավական դաշտում դիտարկեինք, ապա ակնհայտ է, որ Տիգրան Առաքելյանը չպետք է մեղավոր ճանաչվի, բայց քանի որ հարցն իր բնույթով քաղաքական է, ապա վճիռը կախված է այն բանից, թե քաղաքական գործոններն ինչպիսի զարգացում կունենան, և կախված է միայն նրանից, թե ինչ որոշում կկայացնեն նախագահականում, իսկ այդ որոշումները շատ անկանխատեսելի են, քանի որ նախագահական ինստիտուտի վարքագիծն է շատ անկանխատեսելի, չգիտես թե մեկ ժամվա ընթացքում ինչ կանցնի Սերժ Սարգսյանի մտքով, ինչ որոշում կընդունի։ Բայց գտնում եմ, որ Տիգրան Առաքելյանի նկատմամբ պետք է արդարացման վճիռ լինի, և նա արդարացվի դատարանի դահլիճից»,- AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցը եզրափակեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Աղբյուրը` http://araratnews.am/տիգրան-առաքելյանի-հարցը-կորոշվի-նախա