ՏԻՄ ընտրությունները վատ օրինակ են նախագահականի համար. Արթուր Սաքունց
12:22, October 11, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունք«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց կազմակերպության կողմից 2012 թ. սեպտեմբերի 9-ին Վանաձորում իրականացված ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը՝ նշելով, որ ՏԻՄ ընտրությունները վատ օրինակ են ծառայում 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների համար:
«Սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչպես չպետք է անցկացվեն ընտրությունները: Բոլոր այն խախտումները, որոնք բնորոշ են հանրապետությունում իրականացվածներին՝ եղան»,– ասաց նա:
«Առաջինը թանաքի հարցն էր: Խորհրդարանականի ժամանակ այդ հարցը բարձրացվեց, բայց մոտ 4-5 ամիս հետո ԿԸՀ-ն դարձյալ չկարողացավ տեխնիկական այդ խնդրին լուծում տալ»,- ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը նշեց, որ ընտրական տեղամասերում՝ հատկապես մերձակա տարածքներում՝ կուտակումներ էին: Ըստ նրա, դրանք հետաքրքիր էին այնքանով, որ ընտրախախտումների հիմնական միջոց են։
«Ընտրողների ազատ կամքի վրա էին փորձում ազդել: Ընտրատեղամասից դուրս գալուց հետո ընտրողը հաշվետվություն էր ներկայացնում և, ըստ երևույթին, ստանում փոխհատուցում»,– ասաց նա:
«Տրանսպորտային բոլոր միջոցներն այդ օրը իրենց ուղղությունը փոխում են դեպի ընտրատեղամասեր, քանի որ բոլոր գծերը պատկանում են իշխանության այս կամ այն ներկայացուցչին»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ բոլոր ընտրություններից հետո իրենց արձանագրած խախտումներն ուղարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն այդտեղից պատշաճ պատասխան չեն ստանում:
«Չի զգացվում, որ ԿԸՀ-ն ընդհանրապես ցանկություն կամ ձգտում ունի որևէ բան փոխել, իրավիճակը շտկել: Այս ամենը վկայում է, որ ընտրակեղծիքները մեր երկրում դեռևս չեն համարվում հանցանք կամ զանցանք»,- ասաց նա:
Հենվելով ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա՝ Արթուր Սաքունցը եզրակացնում է. եթե երկրում այս վիճակը շարունակվի, ապա նախագահական ընտրությունները սպառնալիքի տակ կհայտնվեն:
«Ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, բայց մենք որևէ հիմք չունենք մտածելու, որ ՀՀ իշխանությունը, ԿԸՀ-ն, ոստիկանությունը ձգտում ու ցանկություն ունեն ապահովելու ազատ ու արդար ընտրություններ: Մեր ահազանգերի նկատմամբ նման ոչ պատշաճ վերաբերմունքը նշանակում է խրախուսել հետագա խախտումները հօգուտ կամ ի վնաս ինչ-որ մեկի»,- ասաց նա:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2012/10/11/arthur-sakunts/
Մամուլի ասուլիսը լուսաբանած այլ ԶԼՄ-ներ՝ http://www.aravot.am/2012/10/11/119067/
http://www.aravot.am/2012/10/11/119105/
http://www.a1plus.am/am/politics/2012/10/11/hcav
http://www.1in.am/arm/armenia_politics_121160.html
http://www.report.am/news/politics/saqunc-tim-ntrutyunneri-zekuyc_2012.html