ՏԻՄ ոլորտի բարեփոխումները
00:00, November 26, 2009 | Քննարկումներ2009 թ. նոյեմբերի 26-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող հարցերի շուրջ:
Քննարկումը կազմակերպվել էր ”Համայնքների ֆինանսիստների միավորում” հասարակական կազմակերպության կողմից:
Քննարկմանը ներկա էին ավագանու անդամներ Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներից, Գուգարք համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը, ուսանողներ, լրագրողներ:
Ծրագրի համակարգող Աբրահամ Արտաշեսյանը ներկայացրեց “Login Հայաստան” ծրագիրը, որը հանդիսանում է Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ 15 երկրների միջև համագործակցության ծրագիր: Ծրագիրը ֆինանսավորվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի Տեղական ինքնակառավարման և հանրային բարեփոխումների նախաձեռնության (LGI/OSI) կողմից և ուղղված է տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին:
Քննարկման ընթացքում ՙՀամայնքների ֆինանսիստների միավորում՚ հասարակական կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը և փոխնախագահ Դավիթ Թումանյանը ներկայացրեցին համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հիմքերը Հայաստանում:
”Համայնքների ֆինանսիստների միավորում” կազմակերպության կողմից մշակվել է ֆինանսական համահարթեցման մասին և տեղական հարկերի մասին օրենսդրական փոփոխությունների նախագծեր և նոր օրինագծերը: Նշված փոփոխություններով ապահովվել է համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման կարգերի օրենսդրական ապահովումը: Ֆինանսական համահարթեցման մասին նախագիծը քննարկվել է Ազգային Ժողովում և ընդունվել է առաջին ընթերցմամբ: Այդ օրենքի նախագիծն ուղարկվել է Եվրոխորհուրդ փորձաքննության:
”Համայնքների ֆինանսիստների միավորում” հասարակական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ուսումնասիրել է ՏԻՄ գործունեությանը վերաբերող 300-400 փաստաթղթեր:
Քննարկման վերջում մասնակիցներն առաջարկեցին այդպիսի աշխատանքային հանդիպումներ հաճախակի կազմակերպել, որտեղ ավագանու անդամները կներկայացնեն բարեփոխումներին ուղղված իրենց առաջարկությունները: