Տնակային ավանի բնակիչներին «չփրկեց» անգամ դատարանը
00:00, October 12, 2006 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք2006թ-ի օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում լսվել են 25 գործեր ընդդեմ տնակային ավանների բնակիչների: Վանաձորի քաղաքապետարանի բոլոր հայցերը առաջին ատյանի դատարանը բավարարել է:
Այս տարվա մայիսի 15-ին Վանաձորի քաղաքապետը կարգադրեց ազատել իր՝ Վանաձոր քաղաքի թիվ 1,2,3,4 և 7 տնակային ավանների ոչ հիմնական շինությունների զբաղեցրած տարածքները: Իր կարգադրությունը Սամվել Դարբինյանը մեկնաբանեց նրանով, որ վիճարկելի տարածքները հանդիսանում են պետական կամ համայնքային սեփականություն: Տնակային ավանների բնակիչներին փողոցում չթողնելու համար քաղաքապետը առաջարկեց տնակային ավանների բնակիչներին բնակպայմանների մի քանի տարբերակներ՝
* տնակի տեղափոխում մեկ այլ տարածք /Սանկտ-Պետերբուրգ փողոցի թիվ 5 տնակային ավան/
* դրամական փոխհատուցում /այլ բնակարան վարձակալելու նպատակով/
* հանրակացարանային սենյակների տրամադրում
Սամվել Դարբինյանի առաջարկը տնակաբնակներին դուր չի եկել: Ներկայացվող բնակպայմանները նրանք հարմար չեն գտնում ապրելու համար ու շարունակում են բնակվել վաղուց իրենց դարն ապրած տնակներում:
Վանաձորի Բաթումի 1-9-2 տնակի բնակիչ Հովհաննես Սանթրոսյանը ծանուցում ստացավ, որով սահմանված ժամկետում նա պարտավոր էր ազատել բնակտարածքը՝ տնակը տեղափոխելով 5-րդ տնակային ավան:
Խնդրի լուծման տարբերակ քաղաքապետարանն ընտրեց դատական գործընթացը: Իրենց տարածքները չազատած բնակիչները, այդ թվում Սանթրոսյանի ընտանիքը հայտնվեցին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում:
Հովհաննես Սանթրոսյանը պնդում է, որ իր տնակի զբաղեցրած տարածքը ժամանակին օտարվել է, այսինքն՝ այլևս պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս չէ: Մինչդեռ իր պնդումը նա չկարողացավ ապացուցել դատարանում, քանի որ Սանթրոսյանը բազմիցս դիմել էր Վանաձորի քաղաքապետին՝ խնդրելով իրեն տրամադրել վիճարկվող տարածքի օտարման վերաբերյալ տեղեկատվություն, այն մասին, թե օտարման դեպքում այն ում, երբ և ինչ կարգով է տրվել: Վանաձորի քաղաքապետարանը քաղաքացուն տեղեկատվություն չի տրամադրել՝ պահանջելով 1000 դրամ տեղական տուրք օտարման վերաբերյալ որոշման պատճենը տրամադրելու դիմաց: Արդյունքում դատաքննությունն ավարտվել է Սանթրոսյանի պարտությամբ, որովհետև նա այդպես էլ որևէ փաստաթուղթ չկարողացավ ներկայացնել, որը կվկայեր տնակի տարածքը և տնակը իրեն օրինական կարգով հատկացնելու մասին: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը բավարարեց Վանաձորի քաղաքապետի հայցը, ըստ որի Հովհաննես Սանթրոսյանը պետք է ազատի Բաթումի փողոցում տեղակայված տնակի տարածքը, և տնակը տեղափոխի Սանկտ-Պետերբուրգ փողոցի թիվ 5 տնակային ավանը:
Վանաձորի քաղաքապետի մայիսի 15-ի թիվ 63/5 կարգադրությունը պայմանավորված է «Աղետի գոտում վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու միջոցառումների մասին» ՀՀ Կառավարության 01.04.2002թ թիվ 317 որոշման 2 կետի «ա» ենթակետի համաձայն: Դրանով աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում ընդգրկված վերականգնման ենթակա կամ էլ պետական կամ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերը պետք է ազատվեն ոչ հիմնական շինություններից: Դրանցում երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունների բնակիչներին առաջարկվում է բնակարանի վարձակալում վարձավճարի տրամադրմամբ կամ էլ բնակելի ժամանակավոր կացարան: