Տնակային ավանի բնակիչների խնդիրները որպես ՏԻՄ մարմինների և քաղաքական կուսակցությունների օրակարգային խնդիր
00:00, September 29, 2006 | Նորություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՍեպտեմբերի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ աշխատանքային քննարկում՝ Տեղական Ինքնակառավարման մարմինների, Հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Վանաձորի թիվ 1, 2 ,3, 4, 5 և 7 տնակային ավանի բնակիչների /186 ընտանիք/ բնակարանային խնդիրները անմիջական միջամտության կարիք են զգում:
Վանաձորի քաղաքապետարանը դատական հայց է ներկայացրել տնակների բնակիչների դեմ՝ տարածքի ազատման պահանջով: Ներկայումս մոտ 10 դատական նիստերն ավարտվել են ի օգուտ Վանաձորի քաղաքապետարանի: Դատարանի վճռով տնակի բնակիչները պարտավորվում են ազատել տնակի զբաղեցրած տարածքը, սակայն կացարան նրանց չի տրամադրվում:
Մինչդեռ, Վանաձորի քաղաքապտարանը մինչ այժմ չի տրամդրել ամբողջական տեղեկատվություն, թե երբ և ինչպես է կայացել այդ տարածնքերի օտարման աճուրդները և ովքեր են հանդիսանում այդ տարածքների սեփականատերերը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրված պատասխան գրության մեջ քաղաքպետարանը նշում է, որ «վերոհիշյալ տարածքներում կառուցվելու են հիվանադանոցային, ինչպես նաև սպորտային համալիրներ, մի մասն էլ աճուրդային եղանակով օտարվել են ՀՀ քաղաքացիներին»:
Տարածքների օտարման աճուրդների մասին տեղյակ չէ նաև Վանաձոր համայնքի ավագանին:
Չունենալով տարածքների իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություն՝ իբր օրինական կերպով տեղահանում են բնակիչներին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այս կապակցությամբ դիմել է Լոռու մարզի դատախազություն՝ կատարելու հետաքննություն՝ Վանաձորի տնակային 1, 2, 3, 4 ավանների, առանձին հողատարածքների օտարման օրինականությունը պարզելու համար:
Միաժամանակ կազմակերպությունը առաջարկություն է ներկայացրել ավագանու անդամներին.
* Վանաձորի քաղաքապետարանից պահանջել հաշվետվություն՝ Վանաձորի տնակային թիվ 1, 2, 3, 4 և 7 տնակային ավանների օտարված հողատարածքների, դրանց օտարման նպատակով կայացած աճուրդի օրինականության, սեփականատերերի, հողատարածքների նպատակային նշանակության օգտագործման մասին:
* Քննարկել Վանաձորի թիվ 1, 2, 3, 4 և 7 տնակային ավանների տարածքում համայնքի ենթակայության բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակով հողատարածքների հատկացման հարցը, հնարավորության դեպքում տարածքների օգտագործման սխեմայում փոփոխություններ կատարելու մասին որոշման կայացման միջոցով:
Վանաձոր համայնքի ավագանին, իր հերթին, իր նախաձեռնությամբ, ուղերձ է հղել համահայկական ֆորումին՝ Վանաձորի 84 բնակելի շենքերի ամրացման խնդրանքով:
Ավագանու ներկայացուցիչների կարծիքով տնակային ավանի բնակիչների բնակարանային խնդրի լուծման ռեալ հնարավորություն է համայնքի ենթակայության քանդված և թալանված բնակարանների բաշխումը:
«Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Վահան Ղույումչյանն առաջարկում է դասակարգել տնակային ավանի բնակիչներին, ըստ բնակարանը կորցնելու պատճառի: Նրա կարծիքով, այդ բնակարանների բաշխման ժամանակ նախապատվությունը պետք է տալ այն բնակիչներին, ովքեր բնակարանը կորցրել են աղետի հետևանքով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վանաձորի 138 տնակներում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքները հնարավորություն են տալիս կատարել նման դասակարգում:
Վանաձորի հանրակացարաններում, որտեղ բնակվում են տնակային ավանների նախկին բնակիչներ, ուսումնասիրություն է իրականացվել նաև ՀՍԻԿ հասարակական կազմակերպության կողմից: Կազմակերպության ղեկավար Գևորգ Մանուկյանը տեղեկացրեց, որ այդ ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ Մարդու պաշտպանի հանձնարարությամբ, և աառաջարկեց համատեղ մշակել Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող առաջարկությունների փաթեթը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համոզված է, որ տնակային ավանի բնակիչների խնդիրների լուծման լավագույն տարբերակ կարող է հանդիսանալ անօթևան մնացած քաղաքացիների համար համայնքի ենթակայության ներքո բնակֆոնդի ձևավորումը:
Մտահոգիչ է այն, որ տնակային ավանի բնակիչների չլուցված խնդիրների պատճառը քաղաքացիական ակտիվության և վերահսկողության բացակայությունն է:
Այս կապակցությամբ մասնակիցները ներկայցնում են իրենց առաջարկությունները.
1. Ավագանու անդամաների կողմից ներկայացվի համայնքային բնակֆոնդի ձևավորման որոշման նախագիծ:
2. Բարձրացնել համայնքի ենթակայության հողերի օտարման օրինականության խնդիրը:
Մասնակիցների որոշմամբ հոկտեմեբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայանալու է հասարակական և քաղաքական կազմակերպությունների նոր հանդիպում: Հանդիպման ընթացքում մշակվելու է Լոռու մարզի դատախազությանն ու ՀՀ Կառավարությանն ուղղված ուղերձներ: Հասարակական, քաղաքակական կազմակերպությունների, քաղաքացիների անունից այդ ուղերձները պիտի ուղարկվեն համապատասխան մարմիններին: