ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԳՈ՞ՐԾ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ
00:00, October 9, 2008 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք2008թ. հոկտեմբերի 8-ին Հյուսիսային քրեական դատարանում շարունակվեց «Մատաղիսի գործի» քննությունը:
Հիշեցնենք, որ նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին ու Մուսա Սերոբյանին մեղադրում են զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: Երեկ դատական նիստը հետաձգվեց փաստաբանների բացակայության պատճառով, ինչը բավականին զայրացրեց մեղադրողներ Անդրանիկ Շահինյանին ու Լեւոն Ղազարյանին: Նրանք դատարանին միջնորդեցին փաստաբաններ Հայկ Ալումյանին եւ Ստեփան Ոսկանյանին պաշտպանելու իրավունքից զրկելու համար:
Նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանն ասաց. «Արդեն ութերորդ նիստն է՝ դատական նիստը հետաձգվում է պաշտպանների պատճառով, դատարանը նախապատրաստական աշխատանքների կեսն է արել: Ի՞նչ է ստացվում. մեղադրող կողմը, տուժողը ծանուցվում են, Երեւանից գալիս են Գյումրի, իսկ պաշտպանական կողմը չկա»:
Մեղադրողներն էլ հայտարարեցին, որ չեն հավատում փաստաբանների ներկայացրած պատճառաբանությանը: «Մենք կարող ենք ստուգել, փաստաբան Ոսկանյանը, ինչպես որ հեռախոսով տեղեկացրել է դատավորին, մասնակցո՞ւմ է այլ դատավարության, թե՞ ոչ, կա՞ նման դատավարություն: Անցած անգամ էլ փաստաբանները ներկայացրին, թե Թալինում իրենց մեքենան փչացել է, դրանք հեքիաթներ են, սա անհարգալից, արհամարհական վերաբերմունք է դատարանի նկատմամբ»,- ասացին մեղադրողները:
Ամբաստանյալ Արայիկ Զալյանը հիշեցրեց, որ փաստաբան Հայկ Ալումյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքելով, որ ստեղծված դատարանը արտակարգ է, քանի որ ընդգրկվել է երկու դատավոր այլ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Տեղեկացնենք, որ այս անգամվա դատական նիստը եւս աչքի ընկավ սկանդալով: Այն պահին, երբ մեղադրողները կրքոտ ելույթ էին ունենում փաստաբանների դեմ, մասնակիցներից մեկը, որ գրկել էր սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի լուսանկարը, բղավեց. «Բա ձեր դեմ ո՞վ պետք է քրեական գործ հարուցի, որ էս անմեղ զինվորի իրական սպանողին թաքցնում եք»: Այդ պահին նախագահողը հրահանգեց նրան հանել գլխարկը, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց. «Սա դատարան չէ, սա թատրոն է, իսկ թատրոնում գլխարկ չեն հանում»:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://new.aravot.am/am/news/24997/view