Փոխվե՞լ է Արտակ Նազարյանի մահվան վայրում գտնված պարկուճը
09:44, July 26, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԻրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն ուշադիր զննեց այն պարկուճը, որն իբր գտնվել է Արտակ Նազարյանի մահվան վայրում: Ռուբեն Մարտիրոսյանը հաստատեց նախկինում իր արած պնդումը, որ պարկուճը փոխված է: Նրա խոսքերով` 16 տարվա իրավապաշտպան գործունեության մեջ առաջին անգամ է տեսնում, որ նախաքննությունը նման կեղծիքով կատարված լինի:
Հուլիսի 25-ին Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության ընթացքում ներկայացվում էին գործով իրեղեն ապացույցները` Արտակ Նազարյանի բջջային հեռախոսը, նրա պատի օրացույցները, ծոցատետրը, տետրերը, ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի բջջային հեռախոսը, օրացույցը և այլն:
Չնայած դատավոր Սամվել Մարդանյանը դատարանում հայտարարում էր, որ տեղի է ունենում իրեղեն ապացույցների հետազոտում, սակայն երբ Ծովինար Նազարյանը լուսանկարում էր իրեղեն ապացույցները ու քանդեց հանգուցյալ եղբոր` Արտակ Նազարյանի բջջային հեռախոսը, դատավորը հայտարարեց, որ չի կարելի քանդել, այս փուլում իրեղեն ապացույցը կարելի է միայն նայել, բայց ոչ` հետազոտել:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրեղեն ապացույցների փաթեթները տեղավորող որոշ ծրարներ քննիչի կողմից կնքված չեն:
Արտակ Նազարյանը մայրը` Հասմիկ Հովհանիսյանը, նայելով իր հանգուցյալ որդու՝ խանութներին ունեցած ոչ մեծ պարտքի և ծառայակիցների կողմից Արտակին ունեցած պարտքի գումարների ցանկը, մեզ հայտնեց, որ Արծվաբերդ գյուղի մթերային խանութի աշխատողը Արտակի մահից հետո, նրա ունեցած 8300 դրամ պարտքի դիմաց իրենից 40 հազար դրամ է գանձել:
Ընդմիջումից հետո մեղադրող Հարություն Հարությունյանի միջնորդությամբ հրապարակվեցին քրեական գործում առկա մի շարք նյութեր` հեռախոսագրեր, բջջային հեռախոսի քարտեր առգրավվելու արձանագրություն, զենք-զինամթերքի ամրակցման տեղեկագիր, հրամաններից քաղվածքներ և տեղեկանք, Արտակ Նազարյանի մարմնից նմուշներ ստանալու որոշման արձանագրություն, նրա դիակի զննման արձանագրություն, որոշում Հակոբ Մանուկյանի հեռախոսի առգրավման մասին, որուշումներ Արման Մնացականյանի , Արթուր Մկրտչյանի և վերջինս եղբոր` Վարդան Մկրտչյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ կիրառելու մասին և այլն:
Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 31-ին՝ ժամը 11-ին։
Ոսկան Սարգսյան
Իջևան
Աղբյուրը՝ www.hra.am