Քաղաքականության խերը. «ֆիլտրում է» սակավամիտ գեներալներին
00:00, January 30, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՄինչեւ հիմա տեսե՞լ եք, որ պաշտպանական կառույցի բարձրաստիճան որեւէ սպա, գեներալ անձամբ պատասխան տա իր զորամասում (մի կողմ թողնենք հրամանատարական աստիճանակազմից յուրաքանչյուրի մեղքի բաժինը) մահացած, սպանված կամ, այսպես ասած` ինքնասպանված զինվորի համար:
Չեք գտնի:
Գուցե արդարացնեք` պատճառաբանելով, թե գեներալների մեղքը ապացուցված չէ, եւ որ դժբախտ դեպքը պարզապես զինվորների` տղայական ինքնահաստատման, խուլիգանության դրսեւորման հետեւանք է: Հակադարձեմ` այդ դեպքում զորամասի, կորպուսի հրամանատարները կամ տեղում չեն, ինչը եւս հանցակազմի տարրեր է պարունակում, կամ` տեղում են, բայց «դուռը ծեծում ես»` «տանը» մարդ չկա. սակավամիտ հանցագործի մեկն է, կամ` որպես կադրային սպա չի տիրապետում իր գործին: Ուրեմն, նրանց պետք է դատել կամ ուղղակի դուրս շպրտել բանակից, որովհետեւ բանակը մեր երկրի, մեր սերունդների անվտանգության երաշխիքն է, եւ հասարակության պարտքն է` զինվորին աչքի լույսի պես պահել: Բայց քանի դեռ հասարակությունն իր պարտքը լավ չի կատարում` ստիպված ենք հերթական ուսումնասիրությունն անել` բանակի խնդիրները վեր հանելու, եւ գեներալիտետի, սպայակազմի` իրենց պարտականությունների չկատարման հանգամանքները պարզելու համար, քանի որ բանակը առողջացման նշաններ գրեթե ցույց չի տալիս:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հիշեցրեց Մատաղիսի հայտնի դեպքը, որի դատաքննությունը մինչեւ հիմա շարունակվում է, բայց այսօր էլ մեղադրող կողմը փորձում է հրամանատարի կողմից կատարված հանցանքը բարդել այն չկատարած երեք զինվորների վրա: Զինվորների մահացության թիվը աճի, նվազման միտում ունի, թե ոչ` կազմակերպությունը կոնկրետ թվերի չի տիրապետում, բայց եթե նույնիսկ նվազման միտում կա` ինչպես հայտարարում են իրավասու մարմինները (կոնկրետ թվեր չհրապարակելով), ապա Ա.Սաքունցն այդ խնդրում շեշտադրումը մի քիչ փոխում է. «Խնդիրը կայանում է նրանում, որ ասենք, հիմա 120 մարդ չի մահանում, այլ 40, ցավում եմ, կներեք կոպիտ համեմատության համար, բայց 40 հոգին էլ, տարվա կտրվածքով եթե հաշվենք, կստացվի, որ շաբաթը մեկ հոգի մահանում է, ինչը կրկին շատ է եւ լուրջ անհանգստության տեղիք է տալիս»: Իսկ կազմակերպությունը նման դժբախտ դեպքերի մասին իմանում է հասարակությունից, տուժողների հարազատներից, լրատվամիջոցներից, դատարաններից, քանի որ պաշտպանական գերատեսչությունը նման դեպքերի մասին սովորաբար լռում է, մինչդեռ այդ կառույցը չի կարող մեկուսանալ հասարակությունից, եւ դեպքերի, դրանց հնարավոր դրդապատճառների մասին, այնուամենայնիվ իմանում են, թեկուզ` ոչ ամբողջ ծավալով:
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողության խմբի անդամ իրավապաշտպանից հետաքրքրվեցինք, թե ինչ տենդենց կա ՔԿՀ-ներում դատապարտված եւ դատապարտվող զինվորների թվի ավելացման կամ նվազման առումով: Զրուցակիցս կոնկրետ թիվ չնշեց, բայց նկատեց. «Այդ դեպքերի իրական պատճառների բացահայտումը այդպես էլ մնում է չբացահայտված: Եթե նայենք պաշտոնական տեղեկանքին, որը գլխավոր դատախազությունը պարբերաբար հրապարակում է, ավելի շատ անփութության, տեխնիկայի անվտանգության եւ այլ է պատճառը: Դուրս է գալիս, որ մեր ստացած ինֆորմացիան եւ նախաքննության կողմից տրամադրված տեղեկատվությունը իրար չեն համապատասխանում: Եվ մտահոգիչ հանգամանք կա, որ էլի ծածկադմփոց է արվում մահացության իրական պատճառը: Ավելին` մենք ունենք նաեւ գործեր, որ անձին զորակոչի ընթացքում ճանաչել են պիտանի, ծառայության ընթացքում նա ձեռք է բերել հիվանդություն, եւ որեւէ մեխանիզմով պետությունը այդ քաղաքացուն առողջական վիճակի վատթարացման համար փոխահատուցելու մեխանիզմը չունի»: Սա լուրջ խոչընդոտ է քաղաքացիների` բանակի նկատմամբ վստահության ամրապնդման, երաշխիքների առումով: Մինչդեռ Ա.Սաքունցի համոզմամբ` իրեն ժողովրդավար հռչակած պետությունում չպետք է լինեն անվերահսկելի կառույցներ, մինչդեռ «Վերահսկիչ պալատի կողմից զինված ուժերում երբեք աուդիտ չի արվել, չի ստուգվել ռազմական ծախսերի օգտագործման արդյունավետությունը: Գերատեսչությունը մնում է որպես փակ: Ավելին` երբ զինվորական սպայակազմը, հատկապես գեներալները, անմիջականորեն կամ անուղղակիորեն ներգրավված է նաեւ բիզնեսում, դա ընդհանրապես աղճատում է ամբողջ զինված ուժերի ֆունկցիան. փոխանակ զբաղվեն իրենց զինվորական պարտականությունները կատարելով` ժամանակին գան զինմաս, զբաղվում են իրենց անձնական բիզնեսի հարցերը լուծելով: Եվ այստեղ կոռուպցիայի ռիսկ կա` շահերի բախման առումով. որտեղ է վերջանում նրա զինվորական պարտականնությունների կատարումը` որպես բարձրաստիճան սպա, եւ որտեղ են սկսվում նրա բիզնես շահերը», – նշեց Ա.Սաքունցը` հավելելով, որ նրանք բիզնեսով զբաղվելու իրավունք չունեն, բայց դա չի խանգարում, որ նրանք խանութներ, տաքսի-ծառայություններ, բենզալցակայաններ ունենան, որոնք հիմնականում գրանցված են հարազատների անուններով: Բայց դրան ուշադրություն չեն դարձնում, եւ իրավական տեսակետից լուրջ նպատակային նշանակություն ունեցող խնդիրը ծածկադմփոց է արվում: Ուստի, իրավապաշտպանի խորը համոզմամբ` բանակային խնդիրներն առանձին-առանձին, մասնակիորեն կամ ձեւականորեն լուծելով, փոքր տրամաչափի մեկ-երկու հրամանատարի դատելով, իրավիճակը չի փոխվի: Այստեղ զինված ուժերի նկատմամբ քաղաքականությունը ընդհանրապես եւ արմատապես փոխելու խնդիր կա եւ այս հարցում մեծ է հատկապես քաղաքացիական հասարակության վերահսկողության դերը:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.zhamanak.com/article/13842/