Քաղաքական անզսպվածությո՞ւն, թե՞ հետապնդում
00:00, June 29, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունքՀունիսի 28-ին Լոռու մարզի վարչական դատարանում տեղի ունեցավ նախնական դատական նիստ Լոռու մարզպետարանի նախկին աշխատող Արմեն Հովհաննիսյանի հայցի վերաբերյալ՝ ընդդեմ մարզպետարանի աշխատակազմի քարտուղարի:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո Ա. Հովհաննիսյանն ազատվել էր աշխատանքից «Քաղաքական անզսպվածություն ցուցաբերելու» համար: Ա. Հովհաննիսյանը դատարանից պահանջում է անվավեր համարել իրեն աշխատանքից ազատելու մասին աշխատակազմի քարտուղարի հրամանը:
Լոռու մարզպետը հայցադիմումի դատարան ուղարկած իր պատասխանին կցել է, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունից ստացված գրությունը, որտեղ նշված է, որ մարզպետարանի աշխատակիցներ Արմեն Հովհաննիսյանը, Արշավիր Ղուկասյանն ու Մայիս Խաչատրյանը հունվարի 21-ից մարտի 5-ը ակտիվորեն մասնակցել է Լ. Տեր-Պետրոսյաննի հանրահավաքներին: Բոլոր նշված աշխատողներn ն այդ ընթացքում եղել են արձակուրդի մեջ: Լոռու մարզպետը գտնում է, որ աշխատողները, լինելով քաղծառայողներ, պարտավոր են քաղծառայողի պարտականությունները կատարել նաեւ արձակուրդի օրերին:
Արշավիր Ղուկասյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, Արմեն Հովհաննիսյանին ազատել են, իսկ Մայիս Խաչատրյանը շարունակում է աշխատել:
Նախնական դատական նիստին չէր ներկայացել պատասխանող կողմը: Դատաքննությունը կշարունակվի: