Քաղաքացիական հասարակության հաղթանա՞կ. ընտանիքը, ակտիվիստները կալանավորված առաջնորդի հետ տեսակցության արգելքը հանելը վերագրում են իրենց պայքարին
05:49, January 16, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Քաղբանտարկյալներ«Ցեղակրոն» կուսակցության կալանավորված առաջնորդ Շանթ Հարությունյանի և իր 13 ընկերների նկատմամբ քննչական մարմինը վերացրել է տեսակցության արգելքը, ինչի արդյունքում Հարությունյանի կինը և որդին կարողացել են տեսակցել Շանթի հետ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանն ասել է, որ իրավապահները չեն բացատրել, թե ինչո՛ւ են վերացրել արգելքը, և այն իրենց համար էլ է անակնկալ եղել:
«Երևի թե` մեր պայքարի արդյունքում: Ես այդպես եմ կարծում»,- ասել է Բադալյանը:
Շանթ Հարությանին և 13 քաղաքացիներին կալանավորել էին նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում ոստիկանների և մի խումբ ցուցարարների միջև տեղի ունեցած բախումից հետո: Անցյալ տարեվերջին նրանց կալանքը երկարացվել է ևս երկու ամսով։ Հարությունյանը և մյուսները մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար։ Նախքան նոյեմբերի 5-ի՝ բախումով ընդհատված երթը Հարությունյանը մի քանի օր շարունակ նստացույց էր անցկացրել Ազատության հրապարակում՝ «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսի ներքո։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ հասարակական պահանջատիրության արդյունքում տեսակցության արգելքը վերացվեց:
«Իրավացիորեն գտնում էինք, որ տեսակցության արգելանքը որևէ իրավական հիմք չունի, և քաղաքացիական ակտիվության գործողությունների հիմքում դրված էր հենց այդ գաղափարը, և պահանջում էինք վերացնել այդ հակաիրավական որոշումը, որը և եղավ»,- ասում է Սաքունցը:
Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ էր տեղափոխվել ավելի քան երկշաբաթյա հացադուլից հետո, երբ վատացել էր ինքնազգացողությունը, որտեղ էլ և դադարեցրել էր այն:
Հարությունյանի համակիրները հունվարի 1-ին բողոքի ցույց և երթ անցկացրեցին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել կալանավորվածներին։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 30-ին, անհայտ անձը մետրոյի «Բարեկամություն» կայարանում բռնություն էր գործադրել Հարությունյանի 14-ամյա որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ, երբ վերջինս և ընկերները մետրոյի կայարանում հունվարի 1-ին կայանալիք բողոքի ակցիայի մասին իրազեկող թռուցիկներ էին տարածում։
Իրավապաշտպանները և ընդդիմադիրները հայտարարում են, որ Հարությունյանը և ընկերները դասական քաղբանտարկյալ են: Երկու ամսով կալանքի երկարացումը, տեսակցություններն արգելելու որոշումները համարում են մարդու իրավունքների խախտում, պատիժ՝ այլախոհության համար։
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով մի քանի անգամ այցելել է Հարությունյանին, «ԱրմենիաՆաուին» ասում է. «Նրա կոչերը, որ բենզինի շշեր ունեն, ի վերջո, հռետորական խոսքեր էին, նրանց մոտ զենք չկար, և նրա խաղաղ երթը, որ թեկուզև փայտերով էր, սիմվոլիկ էր, ու եթե ոստիկանությունը չխոչընդոտեր ու բռնություն չգործադրեր, ընդամենը խաղաղ երթ էր լինելու»:
Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ հայտարարել է, որ ինչպես ցանկացած անձ, այնպես էլ Շանթ Հարությունյանը իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվելու, եթե դատարանը վերջինիս մեղավոր ճանաչի:
Արթուր Սաքունցն էլ նշում է, որ պետք է փոխվի կալանավորվածների խափանման միջոց կալանքը, քանի որ որևէ հիմք չկա, որ Շանթը կամ ընկերները կազդեն նախաքննության վրա:
«Ոչ էլ վկաների կամ տուժողների վրա, աբսուրդ է, իրենք և՛ վկա են, և՛ տուժող: Թող խափանման միջոցը լինի ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին»,- ասում է Սաքունցը: