Քաղաքացիական նախաձեռնություններն հենց իրենք են ազդում քաղաքական օրակարգի վրա. Ա. Սաքունց
14:33, July 6, 2012 | ՆորություններՔաղաքացիական նախաձեռնությունները հենց իրենք են ազդում քաղաքական օրակարգի վրա. այսօր այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այս օրերին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածով պայմանավորված քաղաքացիական հասարակության կազմակերպած ակցիաներին և պայքարին: Ըստ Ա. Սաքունցի՝ այսօր ձևավորման փուլում է այն քաղհասարակությունը, որը գլուխ բարձրացրեց 2008 թվականին, ուստի այս հասարակության պայքարը շարժվում է ճիշտ ուղղությամբ:
Նա նաև բնական համարեց այն, որ ամեն մի քաղաքական ուժ փորձում է քաղաքական նախաձեռնությունն ըստ իր քաղաքական նպատակների օգտագործել, բայց դրանք անհաջողության են մատնված, որովհետև վերջին տարիներին, ինչպես տեսնում ենք, քաղաքացիական նախաձեռնությունները հենց իրենք են ազդում քաղաքական օրակարգի վրա, ոչ թե քաղաքական ուժերն են առաջինն արձագանքում:
«Անկախ քաղաքական պատկանելությունից՝ քաղաքական ուժերի երիտասարդների ներգրավվածությունը քաղաքացիական նախաձեռնություններում ավելի շուտ վկայում է այն մասին, որ քաղաքական կուսակցությունները չեն դիտարկվում՝ որպես հարցերի քննարկման արդյունավետ հարթակ, ավելի հարմար են գտնվում քաղաքացիական նախաձեռնությունները»,- եզրափակեց իր խոսքը Արթուր Սաքունցը: