Քաղբանտարկյալների փոխարեն պետք է ոճրագործները նստած լինեին
00:00, June 21, 2008 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Քաղբանտարկյալներ«Բանտում նստած են մեր ազգի ամենագիտակից, քաջ, հերոս, վճռական քաղաքացիները եւ նրանց նստեցրել են այն ոճրագործները, որ պետք է զբաղեցնեին նրանց տեղը, եւ վաղ, թե ուշ նրանք զբաղեցնելու են այդ տեղը»,- հունիսի 20-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա խոսեց «քաղբանտարկյալ ինստիտուտի» շուրջ բազմաթիվ սպեկուլյացիաների մասին, «այդ թվում ոչ միայն մեր տեղական, այլեւ միջազգային կազմակերպությունների բյուրոկրատների կողմից. սկզբում եւ Կոլումբիեն, եւ Պրեսկոտը իրենց զեկույցներում շատ հստակ գրել էին քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին, հետո, վերջնական բանաձեւում, Հայաստանի պատվիրակության ճնշման տակ նրանք այսպիսի տերմին կիրառեցին՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մարդկանց. վաղը դրանից էլ կարող են հրաժարվել»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ապա ավելացրեց, որ մեր իշխանություններն էլ հրաշալի բանաձեւ են գտել. «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, որովհետեւ քաղբանտարկյալների մասին օրենք չկա: Կարելի է ուրեմն ասել, որ Հայաստանում թռչուններ չկան, որովհետեւ թռչունների մասին օրենք չկա:
Նույն աբսուրդը հայտարարեց նախկին նախագահ կոչեցյալ Ռոբերտ Քոչարյանը, երբ իմ պարագայի մասին խոսելիս ասաց՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանում տնային կալանք լինել, երբ տնային կալանքի մասին օրենք չկա: Եւ այդ աբսուրդներով մեր երկրի ղեկավարներն ուզում են միջազգային ասպարեզում միջազգային հանրության առջեւ բարձրացնել վարկանիշը: Նրանք ծաղր ու ծանակի են ենթարկում մեր երկիրը: Բոլոր կալանավորվածներն անխտիր՝ սկսած Մուրադ Բոջոլյանից մինչեւ մեր շարժման մասնակիցները, որ գտնվում են մեկուսարաններում, անխտիր բոլորը քաղբանտարկյալներ են եւ քաղաքական հաշվեհարդարի զոհեր»,- հայտարարեց Առաջին նախագահն ու ավելացրեց. «5000 մարդ են բերման ենթարկել, 500 հոգու ձերբակալել, 130 հոգու կալանավորել, որոնցից 86-ն այսօր էլ գտնվում են բանտերում, եւ նրանցից ոչ մեկին մինչեւ հիմա մեղադրանք չի ներկայացվել մարտի 1-ին զենք կրելու կամ կիրառելու մասին:
Չկա եւ չի կարող լինել այդպիսի մեղադրանք: Ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել մեքենաներ հրկիզելու, խանութներ թալանելու մասին. 4 հոգու էին գտել, որոնցից մեկը, պարզվեց, Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերն է, մյուս երեքն էլ Սերժ Սարգսյանի վստահված անձինք, որոնց մասին նրանք հայտարարեցին դատարանում: Ես պահանջում եմ իշխանություններից՝ ձեր անունից, ձերբակալել եւ դատի տալ բոլոր խանութ թալանողներին, վստահ եղեք, որ դրանց մեջ շարժման համակիրներից, կողմնակիցներից ոչ մեկը չկա, բոլորն էլ նրանց սադրիչներն են, ձերբակալեք բոլորին եւ ցույց տվեք մեր ժողովրդին, նրանք կլինեն ձեր օրլիգարխների սափրագլուխները, մեր ոստիկանապետերի հովանավորության տակ գտնվող քրեական ոհմակները»:
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ՝ «ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ»
Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե ապացուցվի այն, ինչ հրապարակվել է մամուլում, որ Երեւանում խաղաղ ցուցարարների վրա կրակել են ԼՂՀ բանակի ստորաբաժանումները, ուրեմն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պետք է հայտարարվի «պերսոնա նոն գրատա»: «Մի՞թե ճիվաղություն չէ, որ 10 զոհերի կապակցությամբ քրեական գործեր չեն հարուցվել դրանք հետաքննելու համար, ճիվաղություն չէ՞, որ այդ 10 զոհերի ընտանիքները չեն ճանաչվել տուժածներ, որոնք արժանի են բավականին մեծ փոխհատուցման, դա չի մեղմի նրանց ցավը, բայց փոխհատուցումը պետք է շատ մեծ լինի, առնվազն 1 մլն դոլար պետք է ստանան զոհվածների ընտանիքները, այդ թվում նաեւ զոհված ոստիկանների: Եվ այդ գումարը պետք է վճարվի ոճրագործության գլխավոր հանցագործ Ռոբերտ Քոչարյանի գրպանից»: Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց ստեղծված իրավիճակի պատճառով նաեւ մարդկային կյանքերի ընդհատման մասին՝ հիշելով ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի օրինակը. «Կարելի՞ է հանրապետության բնակչության 10-20 տոկոսը ենթարկել հոգեբանական, բարոյական, անմարդկային ճնշման, ի՞նչ են մտածում, չեն հասկանո՞ւմ, որ հանրապետությունը վերածվել է եռացող կաթսայի»:
ՉԷՐ ՆԵՐԵԼՈՒ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՄԱՐ
Առաջին նախագահը հատուկ անդրադարձավ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման խնդրին. «Նա ընդամենը հրապարակայնորեն ընդվզել է ընտրակեղծիքների առթիվ: Այսինքն, նա կատարել է իր աշխատանքը, նա կատարել է այն, ինչ պիտի կատարեր Աղվան Հովսեփյանը, որը լինելով այս ավազակապետության հենասյուներից մեկը, այդ բանը չէր անելու: Դա արել է Գագիկ Ջհանգիրյանը»,- ասաց Տեր-Պետրոսյանն ու ավելացրեց. «Խորքում հասկանալի է, թե որն է նրա հալածանքի պատճառը, դա հոկտեմբերի 27-ի գործն է. Ռոբերտ Քոչարյանը 100 տարի էլ անցներ Ջհանգիրյանին չէր ներելու, որ նա հայտնաբերեց մարդասպանների եւ նախագահական նստավայրի կապը՝ հանձինս նախագահի աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանի: Սա նրան չէր ներվելու»: Տեր-Պետրոսյանը նաեւ նկատեց, որ չի հավատում, թե այս իշխանությունների օրոք արդար քննություն կիրականացվի մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ, ինչպես 10 տարի դա չարվեց հոկտեմբերի 27-ի գործի առթիվ, բայց նաեւ հայտարարեց. «Մենք անպայման հասնելու ենք նրան, որ Ռոբերտ Քոչարյանը կանգնի Հաագայի դատարանի առջեւ, որպես մարդկության դեմ գործած հանցագործ»: Այդ պահին հասարակությունը պոռթկաց՝ «Հիմա» վանկարկումներով, որոնց արանքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Իմ ձեռքը չի, եթե հնարավորություն ունենայի հիմա էլ կանեի»: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ընթացքում նաեւ կոչ արեց. «Ես միտինգի անունից կոչ եմ անում ԵԽԽՎ-ին, եթե մինչեւ Հայաստանի հարցի քննարկումը Սերժ Սարգսյանը ազատ արձակի անխտիր բոլոր քաղբանտարկյալներին, ապա ես կոչ կանեմ ԵԽ-ին ՀՀ-ի հանդեպ չկիրառել այն սանկցիան, որ նրանք սպառնացել են կիրառել: Ապա դիմեց Սերժ Սարգսյանին. «Սերժ, դու իմ ընկերն ես եղել, ես քեզ կարող եմ նաեւ «դու»-ով դիմել, նույն իրավունքը ունես նաեւ դու. սա ի՞նչ խելագարություն է՝ ՀՀ-ում ստեղծել մի այնպիսի խնդիր, որը շարունակ բորբոքելու է ժողովրդին, մի՞թե հնարավոր չէ մեկ օրում մեկ զանգով լուծել այդ հարցը եւ դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ նստել երկխոսության իշխանությունների հետ, որպեսզի դուրս գանք այս թնջուկից, սա վտանգավոր իրավիճակ է, վտանգավոր ոչ թե ֆիզիկական բախման իմաստով, այլ մի երկրում, երբ այդպիսի հակադիր քաղաքական ռեալ ուժեր գոյություն ունեն, ոչ իշխանությունն է ունակ նորմալ աշխատելու, թեթեւացնելու ժողովրդի վիճակը, ոչ էլ մեր խաղաղ ցուցարարներն են կատարելու իրանց ընտանեկան ու աշխատանքային պարտքը. հոգեկան խռովքը պետք է հանել մեր ժողովրդի միջից: Այո, մենք պատրաստ ենք երկխոսության, բայց մենք չենք գնալու բազարների»,- ասաց Տեր-Պետրոսյանն ու հայտարարեց, որ իրենց պետք չեն իշխանության առաջարկած պաշտոնները. «մեզ պաշտոններ տվել է մեր ժողովուրդը, եւ այդ պաշտոնները շատ ավելի պատվավոր են, քան ձեր զբաղեցրած բարձր աթոռները»: Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Կա իշխանությունը բռնազավթած, ոչ լեգիտիմ իշխանություն եւ կա հասարակություն, որ համաձայն չէ այդ իշխանության գոյության հետ. մենք ընդունում ենք, որ սա քաղաքական ռեալություն է եւ քանի որ մենք խաղաղ, անզեն, օրինապաշտ շարժում ենք, պատրաստ ենք այդ հարցը լուծել քաղաքակիրթ ձեւով, քաղաքական պայքարի ընդունված նորմերով»: Տեր-Պետրոսյանը մեջբերեց Ստեփան Դեմիրճյանի միտքը կրկնեց. «Քանի որ այս վիճակը ստեղծվել է ընտրությունների պատճառով, ուրեմն այս վիճակից դուրս գալու ելքը նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են»:
ԵՐԵՒԱՆԸ ԲԱՂԴԱԴ ԵՔ ԴԱՐՁՐԵԼ
«Երեւանը երեք ամիս է Բաղդադից չի տարբերվում, ահա սա է վարկանիշի ցուցանիշը: Հայաստանի վարկանիշի մասին մտածողը Երեւանի կենտրոնում այսպիսի օկուպացիոն զորքեր կտեղադրե՞ր: Ինչ վախի մասին է խոսքը, չգիտե՞ն, որ այս շարժումը կարգապահ, օրինապահ շարժում է: Ու եթե իրենք չհրահրեն, չկրակեն, չհրմշտեն ժողովրդին, որքան պահանջվում է կշարունակենք մեր քաղաքակիրթ պայքարը»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ խորհուրդ տվեց իշխանությանը դրական փոփոխություններ անել. «Թող Սերժ Սարգսյանը դրական քայլեր անի: Ո՞վ դեմ կլինի, բայց այս 3 ամսում ի՞նչ է արել: Շախմատային լեզվով ասած՝ ռակիրովկաներ. Քոչարյանի կադրերին նստեցրել է տարբեր աթոռների, ոչ մի նոր մարդ, ոչ մի նշանակում, որը ժողովրդի մի մասի կողմից գոնե դրվատանքով ընկալվեր: Կանեք դրական քայլեր՝ կողջունենք, մարտի 1-ի հանցագործներին կձերբակալեք՝ կողջունենք, մոնոպոլիստներին կբերեք հարկային դաշտ՝ կողջունենք»: Նա հասարակությանը հիշեցրեց ընդդիմության ֆունկցիաները. առաջինը՝ ընդդիմության խնդիրը իշխանության գալն է, մյուս խնդիրը՝ ընդդիմության ճնշման տակ իշխանությանը ստիպել դրական քայլեր կատարել դեպի իր ժողովուրդը. «Եթե դա անեն, մենք մեր ֆունկցիան կատարած կհամարենք մասնակիորեն: Եթե լավ բան անեն, ո՞նց կասենք վատ է, հո մենք ժողովրդի թշնամին չե՞նք»: