ՔԱՆ-ում քննարկվեց Հայաստանում այլատյացության (քսենոֆոբիայի) խորացման վտանգը
00:00, August 3, 2009 | Քննարկումներ2009 թ. հուլիսի 30-ին Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը (ՔԱՆ) անցկացրեց «Այլատյացությունը Հայաստանու» թեմայով քննարկում, որին մասնակցեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, իրավապաշտպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ շրջանակներ:
Բացելով քննարկումը ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը մատնանշեց այն վտանգները, որոնք պարունակում են իրենց մեջ այլատյացության տարատեսակ դրսեւորումները, եւ, մասնավորապես, անհանդուրժողականությունը այլոց քաղաքական հայացքների հանդեպ, հոմոֆոբիան եւ անհանդուրժողականությունը այլոց հավատքի իրավոնքի հանդեպ: Հատկապես Հայաստանի պես երկիրը, որը ունի վտանգներով լեցուն արտաքին մարտահրավերներ, չի կարող իրեն թույլ տալ ներհասարակական համախմբմանը խոչընդոտող այնպիսի երեւույթների խորացում, ինչպիսին է այլատյացությունը: Ցավոք, դրա գիտակցումը հատկապես իշխող քաղաքական շրջանակներում գրեթե բացակայում է եւ իշխանությունները իրենց գործողություններով` հատկապես էլեկտրոնային ԶԼՄ-ների ներգրավմամբ, նպաստում են այս մտահոգիչ երեւույթի արմատավորմանը հասարակական գիտակցության մեջ:
Քննարկման առաջին բանախոսը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էր, որը ներկայացրեց անհանդուրժողականության դրսեւորումները քաղաքական այլակարծության հանդեպ: Դիտարկելով քաղաքական անհանդուրժողականության արմատները Հայաստանում` նա մատնանշեց վերջին դարերի պատմությունը, երբ Հայաստանը գտնվել է օտար տերությունների լծի տակ, ինչի արդյունքում խոչընդոտվել է քաղաքական մշակույթի ազատ զարգացումը: Սակայն ըստ բանախոսի դա չի կարող լինել Հայաստանի իշխանություննրի գործելաճի արդարացում, երբ քաղաքական հայացքների համար մարդիկ ազատազրկվում են` համալրելով քաղբանտարկյալների շարքերը, երբ քաղաքական դիրքորոշման համար շատերն ազատվում են իրենց աշխատանքից, իսկ գործարարներից խլում են իրենց սեփականությունը: Բանախոսը մեծապես կարեւորեց խնդրի կարգավորման ուղղությամբ հանրակարգային (ինստիտուցիոնալ) բարեփոխումները:
Այնուհետեւ ՙՀանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք՚ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մամիկոն Հովսեփյանը ներկայացրեց հոմոֆոբիայի ահագնացող չափերը Հայաստանում: Հոմոֆոբիայի դրսեւորումները բազմաթիվ են բանակում, ԶԼՄ-ներում, դրանք խրախուսվում են բարձրաստիճան պաշտոնյաների եւ իշխող կուսակցության առաջատար ներկայացուցիչների կողմից: Եւ այս ամենը տեղի է ունենում հոմոֆոբիայի դեմ քայլեր իրականացնելու` Հայաստանի գործող իշխանությունների կողմից միջազգային տարբեր ատյաններում պարտավորությունների պարբերաբար ստանձնման ֆոնի վրա: Նման պարտավորությունների ստանձնումը բանախոսն անվանեց ձեւական եւ միմիայն եվրոպական կառույցների աչքերին թոզ փչելու նկատառմամբ արվող քայլեր, որոնք որեւէ ազդեցություն չեն ունենում երկրի ներսում այս ուղղությամբ իշխանությունների իրական քայլերի վրա եւ բերեց մի շարք օրինակներ: Նա նաեւ նշեց, որ հոմոֆոբիայի ծավալները ավելանում են հասարակության մեջ կրթական մակարդակի հետզհետե նվազմանը եւ տգիտության խորացմանը զուգընթաց:
Երրորդ զեկուցող, ՙՀամագործակցություն հանուն ժողովրդավարության՚ կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը ներկայացրեց Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքում իշխող կուսակցության կողմից առաջարկված փոփոխությունների նախագիծը եւ դրանում առկա վտանգները: Նա նշեց, որ այս նախագծի վերաբերյալ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը, OSCE/ODIHR և Եվրախորհրդի Մարդու իրավունքների Գլխավոր դեպարտամենտի համատեղ կարծիքը բացասական է եղել: Ըստ զեկուցողի` ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցած օրենքի նախագիծը ուղղված է կրոնական ազատությունների խիստ սահմանափակմանը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային համաձայնագրերին:
Ծավալված քննարկման ընթացքում ելույթ ունեցողները հիմնականում միակարծիք էին այն հարցում, որ քսենոֆոբիան իրապես վտանգավոր է մեր հասարակության համար, եւ որ դրա դեմ համալիր միջոցառումների կարիք կա, ինչի վերաբերյալ, սակայն հույս կապել գործող իշխանությունների հետ որեւէ հիմք չկա: Իսկ բացառապես ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով խնդրի լուծումը գնահատվեց անհնարին, քանի որ օրենքները պարզապես չեն գործում, դրանց կիրարկման մեխանիզմները կամ բացակայում են կամ անկատար են:
Հնչեց նաեւ կարծիք, որ երբեմն շփոթում են անհանդուրժողականություն եւ հաշտվողականություն եզրույթները: Այսպես, իշխանությունների կողմից կատարվող ապօրինությունների հետ հասարակությունը երբեւէ չպետք է հաշտվի, այլ պետք է դրանց դեմ մշտապես պայքարի, եւ այս հարցում կարեւորվեց քաղաքացիական հասարակության բոլոր դերակատարների, հատկապես ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների դերակատարությունը:
Իր ամփոփիչ խոսքում ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական զարգացումների տրամաբանությունը ցավալիորեն տանում է քաղաքական համակարգի միակուսակցականացմանը` սովետական ամբողջատիրության նմանությամբ, դրան զուգահեռ նույնը փորձ է արվում իրականացնել կրոնական ոլորտում` խախտելով պետության եւ եկեղեցու ՀՀ սահմանադրությամբ ամրագրված տարանջատումը եւ քաղաքացիների խղճի ազատությունը: Նման զարգացումներ թույլ չտալու համար քաղաքացիական հասարակությունը պետք է համախմբվի եւ առավել համակարգված ու արդյունավետ գործի:
Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը 2001 թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: ՔԱՆ գործունեության նպատակը հասարակական հանրակարգերի եւ պետական համակարգի համալիր բարելավումն է: Նախաձեռնությունն իր գործնական աշխատանքներն իրականացնում է ստեղծված հինգ ենթակառույցների՝ պետաիրավական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային, արտաքին քաղաքականության եւ երիտասարդության հարցերի հանձնախմբերի միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել հեռախոսով՝ (37410) 271-600 կամ 270-003, հեռապատճեն՝ (37410) 524-846, էլ. փոստ՝ info@nci.am, կայքէջ՝ http://www.nci.am: