ՔՆՆԱՐԿՈՒՄ
00:00, September 12, 2008 | Նորություններ | Պացիենտների իրավունքներ2008թ. սեպտեմբերի 11-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում իրականացված մարդու իրավունքների մոնիթորինգի արդյունքների քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի կողմից ներկայացվեցին մոնիթորիգի ընթացքում վեր հանված խնդիրները: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի և մարզպետարանի առողջապահության բաժնի աշխատակիցները բարձրացված խնդիրների կապակցությամբ որոշակի բացատրություններ և պարզաբանումներ տվեցին:
Քննարկման արդյունքում մասնակիցների կողմից համատեղ վերաձևակերպվեցին այն խնդիրները, որոնց շուրջ հաջորդ քննարկումների ժամանակ մասնակիցները համապատասխան առաջարկություններ կմշակեն:
Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ.
• պետբյուջեից տրամադրվող գումարը չի բավարարում հոգենյարդաբանական դիսպանսերում գտնվող հոգեկան խանգառումով տառապող անձանց անձնական հիգիենայի անհրաժեշտ պարագաներով, հագուստով, բազմազան և որակյալ սննդով, հիվանդասենյակների անհրաժեշտ գույքով, որակյալ և արդյունավետ դեղամիջոցներով ապահովելու համար
• հոգենյարդաբանական դիսպանսերի շենքային պայմանները թույլ չեն տալիս առանձնացնել ժամանցի սենյակը, ճաշարանը և այցելությունների սենյակը
• սանիտարների թիվը չի համապատասխանում հոգեկան խանգարումով տառապող անձանց համար նախատեսված խնամքն ապահովելու, զբոսանքը կազմակերպելու համար
• պետության կողմից չի ֆինանսավորվում հոգենյարդաբանական դիսպանսերի աշխատակազմի վերապատրաստումը
• հոգենյարդաբանական դիսպանսերում աշխատողների աշխատավարձերը չեն համապատասխանում նրանց կողմից իրականացվող աշխատանքի բովանդակությանը:
Հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենը նաև որոշակի բացատրություններ տվեց հոգեկան խանգարումով տառապող անձանց նկատմամբ աշխատակիցների վերաբերմունքի կապակցությամբ: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի մոնիթորինգի ընթացքում հոգեկան խանգարումով տառապող անձինք նշել են, որ աշխատողների կողմից կիրառվում են հանգստացնող-զսպող միջոցներ, որոնց տևողությունը կարող է հասնել 24 ժամի: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենը նշում է, որ իրոք անկառավարելի հոգեկան խանգարումով տառապող անձանց նկատմամբ կիրառվում է ֆիքսում, որի ժամանակ սավանով փաթաթում են և անշարժացնում, բայց առավելագույնը 1 ժամ տևողությամբ:
Ժամանակակից դեղերի ազդեցությունից հիվանդը 10 րոպեից հանգստանում է և ազատվում անշարժացումից: «Գ. Քալանթարյանը բացատրեց նաև, որ հոգեկան խանգարումով տառապող անձանց մոտ ժամանակի զգացողությունը հստակ չէ և նրանց նշած ժամանակահատվածը իրենց ընկալմամբ է և կարող է չհամապատասխանել իրականությանը:
Քննարկման ընթացքում մասնակիցները որոշեցին նաև հաջորդ քննարկման օրակարգի հարցերը՝ խնդիրների այն շրջանակը, որոնց շուրջ անհրաժեշտ է համապատասխան առաջարկություններ անել: