Քննարկում՝ Վանաձորի մանկատուն
00:00, September 13, 2008 | Նորություններ | Երեխաների իրավունքներ2008թ. սեպտեմբերի 13-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ Վանաձորի մանկատանն իրականացված մարդու իրավունքների մոնիթորինգի արդյունքների քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին Վանաձորի մանկատան իրավաբանը, հոգեբանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի կողմից ներկայացվեցին մոնիթորիգի ընթացքում վեր հանված խնդիրները: Վանաձորի մանկատան աշխատակիցները գրասենյակի կողմից ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված խնդիրների կապակցությամբ որոշակի բացատրություններ և պարզաբանումներ տվեցին:
Մանկատանն առկա խնդիրները կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝
համակարգային խնդիրներ, որոնք առկա են մանկատանը օրենսդրական թերությունների կամ սահմանված օրեսնդրական մեխանիզմների ոչ համարժեք կիրառման արդյունքում.
• մանկատանն ապրող երեխաների համար առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավական կարգավիճակը սահմանելու մեխանիզմները խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ժամկետների և սահմանված կարգի առումով չեն պահպանվում
• առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավական կարգավիճակի բացակայության դեպքում երեխաները զրկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից՝ անվճար բուհական կրթություն, պետության կողմից սահմանված սոցիալական աջակցություն
• ՀՀ օրենսդրությամբ առողջարանային բուժումը նախատեսված է միայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, և փաստացի նման բուժման կարիք ունեցող մանկատան մյուս երեխաները նման աջակցությունից չեն օգտվում
• մանկատանը երեխաների դասապատրաստման առանձին մասնագիտացված սենյակների և մասնագետների առկայություն օրենսդրությամբ սահմանված չէ
• մանկատունը չունի իր տարածքում երեխաների արհեստագործությամբ զբաղվելու հնարավորություններ
և մանկատանն առկա խնդիրներ, որոնք առկա են մանկատանն ընդհանուր կազմակերպական կանոնների բացակայությամբ
• մանկատանը սահմանված չեն երեխաների հետ վարվեցողության ընդհանուր կանոնները
• երեխաների կողմից առաջարկություններ, բողոքներ ներկայացնելու սահմանված կարգը չի գործում:
Մանկատան հոգեբանը նաև որոշակի բացատրություններ տվեց երեխաների նկատմամբ աշխատակիցների վերաբերմունքի կապակցությամբ: Նրա բացատրությամբ՝ մանկատան սաների յուրաքանչյուր խմբի հետ /8-13/ մարդ աշխատում է 1 դաստիարակ միջինը 12 ժամ: Այս հանգամանքը լրացուցիչ լարվածություն է ստեղծում, ինչն էլ երբեմն կարող է դրսևորվել դաստիարակների կողմից երեխաների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի մեջ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, այնուամենայնիվ, գտնում է, որ նման երևույթների կանխարգելման համար համապատասխան միջոցառումներ է պետք ձեռնարկել:
Այս և մյուս բարձրացված խնդիրների կապակցությամբ մասնակիցները պայամանավորվեցին համապատասխան առաջարկություններ մշակել առաջիկա 2 հանդիպումների ընթացքում: