Քննիչի որոշման դեմ
00:00, November 26, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն | ՈստիկանությունԻրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր կազմով քննության:
Իրավապաշտպան կազմակերպությունը դիմել էր դատարան՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանի՝ 2011 թ. մայիսի 3-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման:
Ընդհանուր իրավասության դատարանի՝ բողոքի մերժմանը հաջորդել էր վերաքննիչ դատարանի մերժումը:
Այս տարվա փետրվարի 15-ին, ժ.17.00-ի սահմաններում, Վանաձոր-Երեւան ճանապարհի Վանաձորի մուտքի մոտ՝ մինչեւ Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկի մոտ 1 կմ հատվածում, ճանապարհը ոստիկանների կողմից փակվել էր, եւ շուրջ 1 ժամ ամբողջ երթեւեկությունը դադարեցված է եղել:
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի պնդմամբ՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի նախկին հրամանատար Մերուժան Կարապետյանը եւ մի շարք ոստիկանության աշխատակիցներ խոչընդոտել են վրացական պետհամարանիշներով մեքենաների տերերի՝ գյումրեցի ու վանաձորցի վարորդների մուտքը քաղաք, նրանց զրկելով ազատ տեղաշարժի ու խաղաղ հավաքներին, ցույցերին, երթերին մասնակցելու սահմանադրական իրավունքից:
Փետրվարի 17-ին Արթուր Սաքունցի՝ հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդմանն ի պատասխան, այս տարվա մայիսի 3-ին ուշացումով ստացվել է վիճարկվող որոշումը:
Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է, որ 2011թ. փետրվարի 15-ին, ժ.17.00-ի սահմաններում «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցը, համաձայն սահմանված գրաֆիկի, կատարել է ձնամաքրման աշխատանքներ՝ Վանաձոր-Սպիտակ մայրուղում: Բայց քանի որ ժ. 17-ի սահմաններում նույն մայրուղու 1-ին կմ հատվածում խափանվել է ավտոգրեյդերի շարժիչի կցորդի անջատիչի եղանիկի մատիկը եւ մնացել մայրուղու երթեւեկելի գոտում՝ այդկերպ անանցանելի է դարձրել ճանապարհն ու խոչընդոտել մայրուղով ավտոմեքենաների, այդ թվում՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների երթեւեկությունը: Տեղեկանալով խցանման մասին՝ Ճանապարհային ոստիկանության 5-րդ վաշտի առաջին դասակի աշխատակիցներն այցելել են հիշյալ վայր: Կցորդման միջոցով չկարողանալով ավտոգրեյդերը ճանապարհից դուրս բերել՝ ներկաները բեռնատար ավտոմեքենաների օգնությամբ ճանապարհ են բացել ձնածածկ տարածքով: Ժամը 18:00-ի սահմաններում ավտոգրեյդերի վարորդի կողմից այն վերանորոգելուց հետո ճանապարհն ամբողջությամբ ազատվել է, երթեւեկությունն էլ՝ վերականգնվել:
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, ասում է, որ նախաքննության մարմինը նյութերի նախապատրաստման փուլում օբյեկտիվորեն չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրել է միայն ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները:
«Քրեական գործ չհարուցելու որոշմամբ քննչական մարմինը ապօրինաբար թաքցնում կամ պաշտպանության տակ է վերցնում խախտում կատարողներին՝ ողջ խնդիրը տեղափոխելով ավտոգրեյդերի շարժիչի կցորդի անջատիչի եղանիկի մատիկի անսարքության վրա: Մինչդեռ ձայնագրություններ կան, որոնցում պարզ լսվում է շարժիչի աշխատանքի ձայնը»,- ասում է Սաքունցը:
Կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանն էլ հավելում է, որ վերաքննիչ դատարանը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ: «Օբյեկտիվորեն չեն գնահատվել նախապատրաստված նյութերը եւ հանցագործության մասին հաղորդմանը կից ներկայացված հանցագործությունը հիմնավորող ապացույցները», -ասում է նա:
Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումն էլ, ըստ իրավաբանի, չունի պատճառաբանական մաս:
«Արդյունքում խախտվել է կազմակերպության՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ եւ Քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքը»,- եզրափակում է իրավաբան Զալյանը:
Աղբյուրը՝
«Առավոտ» օրաթերթ
http://www.aravot.am/2011/11/26/11003/