Քննչական մարմնի վարքագիծը ոչ այնքան համարժեք է. Ա.Սաքունց
06:27, August 6, 2012 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունԱյսօր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը «Հարսնաքար»-ի միջադեպի կապակցությամբ առաջադրված մեկ մեղադրանքին ավելացրել է ևս երկուսը: Կալանավորված անձանց նախկինում մեղադրում էին միայն Քր.օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Մեղադրանքը վերաորակելուց հետո նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), և 118-րդ հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):
Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Այն, ըստ ոստիկանության, ենթադրում է առավել խիստ պատժաչափի սահմանում:
ՍիվիլՆեթի հետ զրույցում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ մտահոգիչ է մեղադրանքի` այս հոդվածներով, և միայն այժմ վերաորակավորումը:
«Առաջին. ըստ տուժողների` հենց ծեծին հաջորդող օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության` Վահե Ավետյանին և նրա ընկերներին ծեծել են 15-20 հոգի. հիմա, երբ ոստիկանությունը հստակ նշում է միայն վեցի մասին, նշանակում է` հանցագործությունը ամբողջությամբ չի բացահայտվում:
Երկրորդ, վերաորակման հոդվածներից մեկում կա «անզգուշությամբ մահ առաջացնելու» սահմանումը. բայց արդյո՞ք դա եղել է անզգուշությամբ. քննությունը պետք է պարզի: Սակայն ակնհայտ է, որ ծեծողները, այսպես կոչված, անվտանգության աշխատակիցներ են եղել` այսինքն մարդիկ, ովքեր գիտեն իրենց հասցրած հարվածի նպատակը. դրանք ուղղակի քաշքշող կամ խփող մարդիկ չեն, իրենք գիտեն` ինչի համար ինչպես են խփում: Նաև, Վահե Ավետյանի վնասվածքների բնույթը` ուղեղի մի կիսագնդի մտնելը մյուսի մեջ, խոսում է այն մասին, որ այդ բռնությունն առավել միտումնավորությամբ է եղել: Երբ մենք ունենք այսպիսի մի ֆիզիկական ուժ կիրառող` հատուկ պատրաստվածությամբ աշխատող, այդ «անզգուշությամբ»-ը շատ հարցական է:
Երրորդ. ինձ մտահոգում է մեղադրանքի վերաորակման ժամանակը: Հենց սկզբից ոստիկանության ձեռքի տակ էին բոլոր բժշկական փաստաթղթերը թե կոմայում գտնվող Վահե Ավետյանի, թե մյուս երկու բժիշկների առողջական վիճակի, մարմնական վնասվածքների մասին: Ինչո՞ւ այդքան ուշացավ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, բռնության հետքերը սկզբից էլ ակնհայտ էին:
Նաև, Վահե Ավետյանը ծեծից հետո ապրում էր ապարատների օգնությամբ: Եվ մեզ հայտնի է, որ ոչ միայն մարդը պիտի մահացած լինի, որ գործում իր փոխարեն ներկայացուցիչ ներգրավեն, այլև` կոմայի մեջ գտնվողը կարող է ունենալ ներկայացուցիչ: Գործում Վահե Ավետյանի ներկայացուցիչ ներգրավեցին միայն օրերս, իսկ դա մի կարևոր ու տևական ժամանակ զրկեց մարդկանց իրավապաշտպանության մեխանիզմից օգտվելու և սեփական շահերը պաշտպանելու հնարավորությունից:
Այս ամենը հաշվի առնելով` ես հիմնավոր կասկած ունեմ, որ բոլորովին այլ գործոններ են ազդել այս վերաորակման որոշումն ընդունելու վրա: Այս ծանր գործի առանձնահատկությունները հաշվի առնելով` պիտի նշենք, որ քննչական մարմնի վարքագիծը ոչ այնքան համարժեք է»,- ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ այսօր ռազմական բժիշկ Վահե Ավետյանի 33-րդ տարեդարձն էր. երեկոյան, ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ քաղաքացիների մի խումբ արդարություն էր պահանջում:
Աղբյուրը` http://civilnet.am/2012/08/02/քննչական-մարմնի-վարքագիծը-ոչ-այնքան-հ