Քողարկված սպանություններ
10:34, September 27, 2012 | Քննարկումներ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԲանակում մահացած զինծառայողների ծնողները վստահ են, որ ինքնասպանությունների քողի տակ սպանություններն են թաքցվում:
ՀՀ բանակում 1994 թվականի մայիսի 12-ից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակահատվածում շիրակցի 211 երիտասարդ է մահացել:
Այդ մասին «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունում հ/կ-ների ու բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ «Առավոտին» ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի իրավաբան Լենա Խաչատրյանը:
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ակումբը ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամի օժանդակությամբ իրականացնում է Շիրակի մարզից զորակոչված կամ պայմանագրային ծառայության անցած եւ բանակում հրադադարից հետո մահացած զինվորականների տվյալների բացահայտում ու վերլուծություն:
Շիրակի շուրջ 70 համայնքներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բանակում ինքնասպանությունների դեպքերն անհամեմատ ավելին են՝ սպանությունների դեպքերի հետ համեմատած:
Հակառակ սրան՝ զինվորների ծնողները պնդում են, որ իրականում արձանագրված ինքնասպանությունները ոչ այլ ինչ են, քան քողարկված սպանություններ:
«Ծնողների պնդումներով՝ ինքնասպանության դեպքերը մեծամասամբ սխալ են որակվում՝ խուսափելու համար իրավական հետեւանքներից: Նրանց դիտարկմամբ՝ իրականում ոչ թե ինքնասպանություններն են շատացել, այլ դրանց քողի տակ սպանություններն են թաքցվում»,- ասում է Լենա Խաչատրյանը:
«Պաշտպանենք զինվորի իրավունքները» ծրագրի իրավաբան Արինա Մեծոյանն էլ բանակում խաղաղ ժամանակ մահացած զինծառայողների ծնողների հետ շփման արդյունքում եկել է այն եզրակացության, որ հանցագործության սխալ որակում է տեղի ունենում հիմնականում երկու պատճառով. «Եթե բանակում սպանված կամ մահացած զինվորների ընտանիքներին ՊՆ-ն փոխհատուցում է տալիս, ապա ինքնասպան եղած զինծառայողների ընտանիքները փոխհատուցում չեն ստանում: Երկրորդ պատճառն էլ այն է, որ պատկան մարմինները ինքնասպանության դեպքում նախաքննական, հետաքննական ու դատաքննական աշխատանքներից զերծ են մնում»:
Նա պատմում է մի շարք դեպքեր, երբ ծնողների համառության ու դրսեւորած կամքի շնորհիվ՝ բացահայտելու կատարվածը, նախաքննական մարմնի կողմից ինքնասպանություն որակված դեպքերը դատաքննության ընթացքում ճնշող ապացույցների արդյունքում սպանություններ են վերաորակվել.
«Այսինքն՝ ծնողը ուժեղ է եղել, կարողացել է փաստաբան ունենալ, ու արդյունքում հասել է իրականության բացահայտմանը, բայց շատ հաճախ մարդիկ, չունենալով այդ հնարավորությունները, չիմանալով պաշտպանության ձեւերը, այդպես էլ մնում են անորոշ վիճակում»:
Նա նշում է, որ թե հասարակությունը, թե պետությունը պարտավոր են վերահսկողություն իրականացնել:
Բանակում ոչ մարտական իրավիճակներում զինվորների սպանությունների եւ ինքնասպանությունների թիվը կրճատելու համար էլ նախատեսվում է ուսումնասիրությունների ու վերլուծությունների հիման վրա կազմել բանակում զինծառայողների ծառայության պայմանների բարելավման առաջարկություններ՝ ուղղված ՀՀ իշխանություններին:
«Օրենսդրական, կարգապահական, բժշկական եւ այլ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ կնվազեն այն նախադրյալները, որոնք բանակում նպաստում են հանցագործություններին»,- ասում է Արինա Մեծոյանը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/09/27/113842/