Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկվեց
00:00, February 9, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք2011 թ. փետրվարի 2-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունը որոշում է կայացրել Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Լոռու մարզի դատախազությունը, կատարելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, մերժել է քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ դեռեւս 2009 թ. օգոստոսի 29-ին կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննիչի կողմից քաղաքացու բնակարանը, առանց դատարանի որոշման, խուզարկելու փաստի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումն ուղարկել է Լոռու մարզի դատախազություն, որը սակայն հաղորդմանը պատասխանել է գրությամբ:
2009 թ. կազմակերպությունը դիմում է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել է պարտավորեցնել Լոռու մարզի դատախազությանը քննիչի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ ներկայացված հաղորդման կապակցությամբ կայացնել որոշում եւ որոշման օրինակը տրամադրել կազմակերպությանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շուրջ երկու տարի սպառեց բոլոր դատական ատյանները, որի արդյունքում վերջապես դատախազությունը կայացրեց որոշում:
2011 թ. փետրվարի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքարկել է Լոռու մարզի դատախազության որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն:
Կից ներկայացվում է Լոռու մարզի դատախազության որոշումը եւ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված դիմում-բողոքը: