Քրեական հանցագործությունների բարձր մակարդակը համաչափ է զարգանում Հայաստանի բոլոր տարածքներում
18:21, August 19, 2013 | Նորություններ | Իրավունքների չարաշահման արգելում, Սոցիալական իրավունքներՇիրակի մարզի դատախազը խուսափողական պատասխան է տվել` գիտակցելով, թե ինչ է կլանը և որտեղ է իրականում այն գտնվում,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ Լոռու մարզի նախկին և Շիրակի մարզի ներկայիս նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանը Galatv.am կայքին տված հարցազրույցում նշել է, որ ինքն այն կարծիքին չէ, թե Գյումրիում կան կլաններ։ Ըստ նրա՝ պարզապես թաղերի միջև կան խորը հակասություններ:
Արթուր Սաքունցի կարծիքով` Հայաստանում կլանները կարող են ձևավորվել և գոյություն ունենալ միայն կենտրոնական իշխանության թույլտվությամբ: «Սերժ Սարգսյանն իր «քաղաքական թիմով» կարող է որոշել, թե ո՞ր կլանը կարող է գոյատևել, որ քաղաքում ով կարող է այդ կլանի` որպես տեղական ներկայացուցիչ հանդես գալ: Այնպես որ, Գյումրիում էլ գործում են իշխանական կլանի տեղական ներկայացուցիչները»,- ասաց Ա. Սաքունցը:
Ինչ վերաբերում է ընդհանրապես Շիրակի մարզի քրեածին առումով բարդ լինելուն, ապա նշենք, որ մարզի դատախազը կարծիք էր հայտնել, թե հանցագործությունների ու առանձնապես՝ ծանր հանցագործությունների վիճակագրական ցուցանիշներով Շիրակն ավելի բարձր ցուցանիշներ չունի, քան օրինակ՝ Լոռու մարզը: Անդրադառնալով Շիրակի մարզի դատախազի այս դիտարկմանը` Ա. Սաքունցը նշեց. «Թեև սոցիալական լարվածությունն այս մարզում մեծ է, ինչն էլ հենց նպաստում է քրեածին մթնոլորտի առաջացմանը, սակայն չեմ կարծում, թե այդ առումով մարզն առանձնահատուկ է: Սոցիալական անապահովությունն ու քրեական հանցագործությունների բարձր մակարդակը երկու գործոններն են, որոնց առումով իշխանությունը հասել է արդյունքի: Դրանք համաչափ զարգանում են ամենուր»,- նշեց իրավապաշտպանը:
Ըստ նրա` ճիշտ կլիներ խնդիրներն իրենց բուն անուններով նշել և ուշադրություն դարձնել իշխանության ընտրողական վերաբերմունքին: «Իշխանության կողմից որոշակի արտոնություններ ունեցող անձանց նկատմամբ օրենքը չի կիրառվում: Այն կիրառվում է միայն քաղաքական հովանավորություն չունեցող անձանց նկատմամբ: Կապ չունի` դա Շիրակի մարզն է, թե Երևանն է: Մեզանում ընտրողական արդարադատությունը իրավապահ մարմիններին բնորոշ հատկանիշ է թեʹ հանցագործությունների բացահայտման, թեʹ քրեական գործերի հարուցման և թեʹ դատավարության իրականացաման ժամանակ»,- խոսքը եզրափակեց Ա. Սաքունցը: