Օմբուդսմեն, խելոք տեղդ նստիր
00:00, May 28, 2008 | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունՄարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ տեսակետ հայտնելուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դարձավ Ռոբերտ Քոչարյանի ամենաանհաջող կադրը:
Օմբուդսմենի արտահերթ զեկույցից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ զեկույցում բարձրացված հարցերը հիմնազուրկ են, փաստերը ներկայացված են միակողմանի, կամայական մեկնաբանություններով եւ գնահատականներով:
Այս կտրուկ եւ կոշտ գնահատականներին իր վերաբերմունքն է հայտնում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Զեկույցի վերաբերյալ առարկություններն ապացուցում են, որ դատախազությունը նպատակ չունի իրական եւ անկողմնակալ քննություն կատարել եւ բացահայտել մարտի մեկի դեպքերի, սպանությունների իրական կատարողներին», – հայտարարեց Արթուր Սաքունցը: Գլխավոր դատախազությունը գնահատականներ է տալիս, սակայն որեւէ կերպ չի անդրադառնում զեկույցում ներկայացված բազմաթիվ հարցերին: «Սա նշանակում է, որ դատախազությունը քաղաքական պատվերի շրջանակներից դուրս գալու միտում չունի», – ասում է Արթուր Սաքունցը՝ վստահ, որ դատախազությունն ինքն է միակողմանի, քանի որ Արմեն Հարությունյանի զեկույցում ներկայացված հարցերին համարժեք պատասխան չի տվել: «Դատախազությունը փորձել է ոչ թե պատասխան տալ, այլ՝ հարվածել օմբուդսմենին»:
Ասենք՝ «Եթե մարդուն առավոտյան բերման են ենթարկել ոստիկանություն, պահել 3, 4 կամ 5 օր, եւ մարդու հարազատները տեղյակ չեն, որ նա ոստիկանությունում է, ձերբակալման որոշումը կայացրել են ոչ թե բերման օրը, այլ 4-րդ կամ 5-րդ օրը, դա քրեական հանցագործություն չէ՞, մարդուն ակնհայտ ապօրինի անազատության մեջ պահելու դեպք չէ՞»: Նա վերապահումով է մոտենում դատախազության հայտարարությանը, թե մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում կատարվել է զննություն, այն դեպքում, երբ ոստիկանությունը հայտարարել է, թե կատարվել է խուզարկություն:
Նա եզրակացնում է՝ կամ ոստիկանության աշխատողը չի հասկանում խուզարկության եւ զննության տարբերությունը, կամ էլ դատախազությունը պետք է հիմնավորի, թե ով է խուզարկության ժամանակ դիմադրություն ցույց տվել, եւ ինչ զինված մարդիկ էին, որ զենք չեն օգտագործել: Մի բան էլ՝ զննություն կամ խուզարկություն անողներն ինչու են հետապնդել եւ ծեծել հեռացող մարդկանց: Սաքունցը կարծում է, որ ոչ միայն օմբուդսմենը, այլ նաեւ իրավապաշտպան կազմակերպությունները պետք է լուրջ գնահատական տան դատախազության գրությանը, որն «ուզում է ասել «օմբուդսմեն, խելոք տեղդ նստիր»: «Օմբուդսմենը պետք է իր առաջ քաշած խնդիրները նորից պնդի, այս զեկույցը պետք է մնա օրակարգում, քանի դեռ դատախազությունը համարժեք պատասխան չի տվել»՝ եզրափակում է իրավապաշտպանը:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
http://www.hraparak.am/hodvac.php?h_id=244