ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը՝ ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի՝ 2016թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության վերաբերյալ
23:02, October 1, 2016 | Հայտարարություններ, Սեփական | Ընտրական իրավունքՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա.Ահարոնյանը 2016թ. հոկտեմբերի 1-ին տարածվեց հայտարարություն, որում ուղղակի նշվում է. «կեղծ ահազանգերը կարող են ունենալ իրավական հետևանքներ»:
ՀՀ-ում մինչ այս տեղի ունեցած ընտրություններն ուղեկցվել են տարատեսակ բնույթի և տեսակի ընտրակաշառքներով, ընտրողների, թեկնածուների և նրանց համակիրների նկատմամբ ճնշումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկություններով և այլ բազմաթիվ խախտումներով:
Նման տխուր ընտրական փորձի առկայության պայմաններում սպասելի էր, որ ՀՀ Ոստիկանությունը պետք է հանդես գար ընտրական խախտումների կանխարգելման, ընտրական խախտումների դեմ պայքարելու պատրաստակամությամբ: ՀՀ Ոստիկանությունը պետք է դիմեր քաղաքացիներին՝ դրսևորելու համառություն, սկզբունքայնություն և քաղաքացիական բարձր գիտակցություն ու ակտիվություն՝ ընտրական խախտումների դեմ պայքարում ՀՀ Ոստիկանությանն աջակցելու կոչով: Ավելին՝ ոստիկանությունը պետք է զգուշացներ հնարավոր ընտրական խախտումներ կատարողներին, որ նման փորձ կատարողներն անպայման կենթարկվեն պատասխանատվության:
Մինչդեռ ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը զգուշացնում է հնարավոր կեղծ ահազանգերի համար իրավական հետևանքների մասին:
Ահազանգերի կեղծ կամ իրական լինելը կարող է պարզվել միայն ստուգմամբ, համապատասխան օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում: Մինչդեռ, ահազանգերի մի մասին արդեն իսկ որակում տալը և դրա համար պատասխանատվության սպառնալիք հնչեցնելը ոչ միայն չի նպաստելու ընտրական խախտումների դեմ քաղաքացիների պայքարելուն, այլ ընդհակառակը՝ հանգեցնելու է խախտումներ կատարողների անպատիժ գործողություններին:
Խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի նման դիրքորոշումը, և կոչ ենք անում քաղաքացիներին՝ ահազանգել բոլոր խախտումների մասին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին:
Կարծում ենք ՀՀ Ոստիկանության ղեկավարությունը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես կգան համապատասխան պարզաբանումներով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
ք. Վանաձոր, հոկտեմբերի 1, 2016թ.