Սերժ Սարգսյանն ունի մի ռեսուրս, որն ամենախիստ ձևով է կիրառելու
12:08, February 1, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրավիճակը Հայաստանում: Ի՞նչ է տեղի ունենում ՀՀԿ-ի ներսում՝ հաշվի առնելով, որ նավը լքողների շարքը շարունակվում է։ Ասում են՝ oլիգարխները կուտակվելու են մի տեղում։ Դուք նման միտում տեսնո՞ւմ եք։
Նախ այդ տեղաշարժերի, հեռացումների, խռովելու հիմնական պատճառը, իմ կարծիքով, ռեսուրսների սղությունն է։ Նավի վրա, որն անվանում են Բաղրամյան 26, արդեն ռեսուրսները, որ կարող էին բավարարել բոլորի համատեղումն ու համակեցությունը, այլևս անբավարար են։ Նման դեպքում բալաստը կամ գցում են, կամ դժգոհությունը մեծանում է, որովհետև ռեսուրսների անբավարարության արդյունքում իրենց սպասելիքները կամ ակնկալիքները չեն բավարարվում։ Սա մի պատճառն է։ Երկրորդ պատճառը՝ կրկին ռեսուրսների անբավարարությամբ պայմանավորված կառավարելիությունն է նվազել։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն այլևս կառավարման այն հիմնական լծակը, որ ուներ՝ բլիթից բաժիններ տալով ապահովել ախորժակներն ու կառավարել դրանով, ըստ էության, հիմա այլևս չունի այդ բլիթը, որովհետև չի ստեղծել, անընդհատ միայն յուրացրել է։ Դրա հետևանքով այն խոստումները, որ ինքը պարբերաբար տալիս էր նավի անձնակազմին, այլևս չի կատարում։ Սրանք են բուն պատճառները։ Թե մնացողները, թե գնացողները նույն բլիթի մտածողությամբ են ապրում և փորձում են բլիթը բաժանողից նեղանալով՝ բաժանման գործառույցը վերցնել իրենց ձեռքը։
Իսկ նեղացածները կարո՞ղ են ամբողջությամբ խլել բլիթը։
Եթե տեղի ունեցող դժգոհությունները ծավալվեն, Սերժ Սարգսյանը ունի մի ռեսուրս՝ ուժային ռեսուրսը, որը պետք է կիրառի և ամենախիստ ձևով է կիրառելու։ Ինչպես քրեական ցանկացած խմբավորման մեջ, ով փորձ է անում դավաճանել կամ հեռանալ թիմից, նրան պատժում են, և կպատժի անպայման՝ ընդհուպ մինչև ազատազրկում, ունեզրկում, որի միջոցով եղած ռեսուրսները նորից կփորձի կենտրոնացնել։ Հիմա ամբողջ խնդիրն այն է՝ արդյոք կկարողանա՞ գնալ դրան, կհանդիպի՞ դիմադրության, թե ոչ։ Այսինքն՝ ուժերի վերախմբավորման բուն իմաստը տարբեր դաշինքներում հենց այդ հարցերի լուծմանն է ուղղված։ Կհասցնե՞ն սրանք վերախմբավորվել, ուժերը վերադասավորել, որ կարողանան այդ գործառույթը Սերժ Սարգսյանի ձեռքից խլելու համար բավարար հիմքեր ու կարողություններ ստեղծեն, դժվար է ասել։
Մյուս կողմից, արդյոք Սերժ Սարգսյանը կհամարձակվի գնալ ցուցադրական պատիժների՝ հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանը։ Սա մի քիչ ռիսկային է, բայց բովանդակությամբ քրեական աշխարհի այդ մեթոդները կիրառելով՝ նրանք հանրային պատասխանատվություն չունեն, և այդ մեթոդներից տուժողներն էլ չեն դժգոհելու, նրանք ընդունելու են, որ պարտվեցին, և հեռանալու են։ Մի մասն ավելի խելացի է, որ թողնում միանգամից է գնում, էլ չի մասնակցում խաղին։ Այսինքն՝ ինչ ստացել է, դա համարում է բավարար և հեռանում է, որպեսզի կարողանա իր գոյությունը պահպանել։ Ու հետաքրքիրն այն է, որ նույնիսկ այդ հեռացողները, այսպես կոչված հայրենասիրական տերմինոլոգիան օգտագործողները որևէ բառ չեն ասում, որևէ գնահատական չեն տալիս, դրանով նաև բացահայտում են, որ իրենք նման տերմինոլոգիա օգտագործելով, այդ բառերի հասկացողությամբ չեն ապրում։ Պետության նկատմամբ պատասխանատվություն ունեցող անձը պետության ռեսուրսները յուրացրած և փախչող անձին պետք է անպայման որոշակի գնահատական տա։ Այստեղ դասական իմաստով քաղաքականություն ասածը բացակայում է, և եթե փորձենք քաղաքական կատեգորիաներով մոտենանք, ապա շատ ավելի նման է Անգլիայում թագուհու և լորդերի միջև հակասության ժամանակաշրջանին, երբ լորդերն այլևս չհանդուրժելով թագավորի կամայականությունները, երբ մի օր կարող էր սեփականություն տալ, հաջորդ օրը վերցնել, փորձում են վերցնել որոշակի անկախություն, որոշակի ինքնուրույնություն։ Այստեղ պայքարը գնում է վեզիրների, լորդերի և թագավորի միջև լիազորությունների վերաբաշխման համար։ Այսինքն՝ այստեղ քաղաքականությունը Բաղրամյան 26-ի մեջ է։
Հանրությունն այստեղ շատ քիչ մասնակցության հնարավորություններ ունի, որովհետև հասարակության 42 տոկոսը, գոնե մեր հարցումներով, մերժում է ԵՏՄ արտաքին կողմնորոշումը։ Բայց մենք այդ 42 տոկոսի ակնկալիքները բավարարող որևէ քաղաքական միավոր չենք տեսնում։ Հասարակության ամբողջ խնդիրը այդ խզվածության մեջ է։ Բաղրամյան 26-ը հասարակությունից վաղուց է հեռացած, բայց Ազգային ժողովում ևս, ցավոք սրտի, միայն Բաղրամյան 26-ն է տիրապետում, ու մենք այնտեղ խցկվելու հնարավորությունը դեռևս չենք տեսնում՝ հանձինս ինչ-որ միավորումների կամ դաշինքների, կուսակցությունների։ Սա հանրության ամենամեծ խնդիրն է։ Իսկ նավի ներսում տեղի ունեցող գործընթացները մեզ հետ կապ չունեն։ Եվ դրանք քաղաքական գործընթացներ ներկայացնելը սխալ է, պետք է ներկայացնել պալատում տեղի ունեցող ինտրիգների տրամաբանության շրջանակում։
Օհանյանը, Ծառուկյանը, Աբրահամյանը իրենց հայտարարություններում այդպես էլ չեն ասում՝ ո՞րն է քաղաքականությամբ զբաղվելու մոտիվացիան։ Իշխանափոխության մասին էլ լռում են։ Ինչո՞ւ։
Բուն իմաստը բլիթի բաշխումն է, ինչը հրապարակային չեն կարող հայտարարել։ Եվ երբ Օհանյանն ասում է տնտեսական վատ վիճակ, նկատի ունի ոչ թե երկրի, այլ իրենց տնտեսական վիճակը։ Փորձում են նույնականացնել սեփական տնտեսական վիճակը երկրի տնտեսական վիճակի հետ։ Իրականում դաշինքների բուն իմաստը վերաբաշխման և լիազորությունները վերցնելն է այսօրվա բաշխողի ձեռքից։ Այս առումով, կան վռնդվածներ, և պետք է խոսենք վռնդվածների դաշինքի կամ բլիթից քիչ բաժին ստացածների դաշինքի մասին։ Եվ տեսնում ենք, որ այդ վռնդվածների շրջանակում են այդ դաշինքները։ Եվ հիմա դա մեկ կամ երկու դաշինքի ձևով կլինի, էությունը դրանից չի փոխվում։ Եվ եթե վռնդվածների երկու դաշինք ձևավորվի, դրանք միավորվելու են, որովհետև իրենք կենսական շահեր ունեն։ Եվ մենք ականատես ենք լինելու պալատական դեմոկրատիայի տիպիկ դրսևորման, ոչ թե հանրային, այլ պալատական դեմոկրատիայի։
Որտեղ ուժերը կենտրոնացած են Բաղրամյան 26-ի ձեռքո՞ւմ։
Բաղրամյան 26-ը ունի միայն մեկ լծակ՝ ուժային։ Պատահական չէ, որ պաշտպանության նախարար Բաղրամյան 26-ը նշանակեց իր պալատական գործիչներից մեկին, ԱԱԾ-ն փոխեց, ոստիկանությունը շարունակելու է պահել, որը հավատարիմ է մնալու մինչև վերջ, գլխավոր դատախազ նորից իր նվիրված մարդկանից մեկին նշանակեց, իսկ կառավարության բլոկը հանձնեց Կարեն Կարապետյանին՝ դրանով ռուսական ուղղությանը որոշակի բավարարում տալով։ Տնտեսական բլոկի նախարարներին որևէ էական ֆիգուր չդրեց, քանի որ այդտեղ չկա անելիք։ Այսինքն՝ Բաղրամյան 26-ը կառավարման միայն ուժային լծակներ ունի, և այդ լծակներով է փորձելու կարգավորել։ Այդ գործիքները իրենց բնույթով պատժիչ են և միայն պատժիչ գործողությունների միջոցով է հնարավոր կառավարել, բայց միայն ուժային մեթոդներով կառավարելը արդյունավետ չի լինում, որովհետև Սովետական Միության օրինակը ցույց տվեց, որ միայն ուժային մեթոդները չէին կարող արդյունավետ լինել, քանի որ սոցիալական, գաղափարական, քաղաքական որևէ այլ լծակ Սերժ Սարգսյանն այլևս չունի։ Եվ եթե նույնիսկ այդ ուժային լծակներով Սերժ Սարգսյանը փորձեց ընտրություն կոչված միջոցառումն անցկացնել և դիրքերը պահել, ապա շատ ավելի ծանր վիճակում է հայտնվելու, քանի որ ապրիլի երկուսից հետո հետագա իրավիճակում ինքը չի կարողանալու շարունակել իր ազդեցությունը պահել։ Սա կոչվում է ցուգցվանգի վիճակ, երբ ինչ քայլ էլ անես, սխալ է, բայց պարտադրված ես անելու, քանի որ այլ քայլեր չունես: Բայց և Սեյրան Օհանյանի, և Վարդան Օսկանյանի, և Գագիկ Ծառուկյանի, և Սերժ Սարգսյանի, այս բոլորի մասնակցությամբ է այս վիճակը ստեղծվել, և հիմա մեկը մյուսից դժգոհում է։ Պետք չէ մեկը մյուսից դժգոհել, պետք է սեփական պատասխանատվությունը այս իրավիճակի համար հրապարակային ընդունել, ոչ թե ասել տնտեսական վիճակը վատ է, այլ ասել, որ ես մեղավոր եմ, որ ես՝ որպես նախկին նախարար, այս հարցերում պատասխանատվություն ունեմ, և ոչ թե ասել քննությունը կպարզի: Քննությունը չի պարզելու, դու պետք է ասես, որ ես եմ մեղավոր, այդքան քաջություն պետք է ունենաս ասելու։ Վարդան Օսկանյանը պետք է ասի՝ես եմ մեղավոր, ձեռքս տվեցին և ես գլուխս կախ արեցի, Ծառուկյանը պետք է ասի, որ ինչպես է լինում, որ ինքը հեռանում է մի կուսակցության ղեկավարի պաշտոնից մեկ այլ կուսակցության նախագահի որոշմամբ, և հիմա հանդես է գալիս քաղաքական միավոր։
Դաշինքները ընդամենը լինելու են արևի տակ իրենց տեղը գտնելու նպատակ հետապնդող դաշինքներ, բայց ոչ թե պետության և հանրության առջև պատասխանատվություն վերցնողներ։ Քանի որ պետության առջև պատասխանատվություն վերցնողների պահվածքը միայն քավարանն է, եթե քավարանով չես անցնում և այդ մեղքերի բաժինը վերցրած՝ ուզում ես դրանցով հանդես գալ որպես փրկիչ, առնվազն ոչ միայն խաբեություն, այլ ինքնախաբեություն է։ Մինչև դու չխոստովանես գործած մեղքերդ, չարածներդ և պատասխանատվությունդ հրապարակավ չընդունես, դու չես կարող փոփոխության հավակնություն ունենալ։
Հնարավո՞ր է՝ սա իշխանության գծած սցենարը լինի։
Իշխանության գծած սցերարը չէ, բայց գտնվում է իշխանության գծած սցենարի շրջանակներում, դրա համար այդպիսի ընկալում է, որ Սերժ Սարգսյանը տիրապետում է իրավիճակին։ Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանը չի տիրապետում, այսքան թույլ իշխանություն Հայաստանում երբևէ չի եղել։ Իրենք պետք է խոստովանեն, որ Սերժ Սարգսյանը թույլ է, եթե չեն խոստովանում, նշանակում է, որ իրենք շարունակում են գործել Սերժ Սարգսյանի գծած համակարգի շրջանակերում։ Համակարգից վախենում են դուրս գալ, իրենք այդ տեսակի մեջ են իրենց կայուն, հզոր զգում, իսկ այդպիսի պահվածքով նրանք ի սկզբանե պարտված են, քանի որ այդ դեպքում ուժային ռեսուրսները որոշիչ են դառնալու, եւ իրենք անխուսափելիորեն պարտվելու են։