Ցինիզմ ու սրիկայություն են դրսևորում զինծառայողների նկատմամբ
17:51, February 1, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Զինծառայողի զինգրքույկում բոլոր գրառումները պետք է կատարվեն ելնելով ծառայության, իր իսկ անցած ճանապարհից, բոլոր տվյալները պետք է ճշգրտվեն և վերարտադրվեն, սա զորամասի անմիջական պարտականությունն է, և ցանկացած թերացման համար պատասխանատվություն պետք է կրեն զորամասի հրամանատարները»,-Politik.am-ի հետ զրույցում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, իր հերթին որակելով ԼՂՀ Պաշտպանության բանակի հայտարարությունը անհեթեթություն. «Փոխանակ բոլոր այն զինծառայողներին, ովքեր ապրիլի 1-ից 5-ը մասնակցել են մարտական գործողությունների, նրանց բոլորին ճշգրտորեն գրանցեն, հիմա անհեթեթ մեկնաբանություն են տալիս, իբր շփոթմունք է եղել»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատելիորեն շեշտեց, որ զինվորական կենսագրությունը ոչ մեկը խմբագրելու կամ սրբագրելու իրավուքն չունի , իսկ զինվորական փաստաթղթավորման մեջ դա ուղղակի հանցագործություն է. «Սրբագրելով կենսագրությունը սրբագրում և կեղծում են նաև պատմությունը, այսինքն մի որոշ ժամանակ հետո ինչպես են ապացուցելու, որ այսքան մարդ մասնակցել է պատերազմի»:
Մեր այն դիտարկմանը, թե ինչով կարող է պայմանավորված լինել հատկապես այս ձմռանը զորացրված զինծառայողների զինգրքույկներում նման լրացումներ, կամ նշումներ կատարելը, իրավապաշտպանը նկատեց, որ այդ ամենը խոսում է ընտրողական մոտեցման մասին, խտրականություն դնելով զինծառայողների մեջ. այդ սրբագրումները վերջինիս համոզմամբ կատարվում են զուտ ֆինանսական նկատառումներից ելնելով, որովհետև պատերազմական գործողություններին մասնակցած անձինք ունեն սոցիալական արտոնություններ, «այսքանից հետո խոսել, որ 1000 դրամները հավաքում են մահացածների, նրանց առողջական վիճակի համար հոգ տանելու համար, սրանով արտահայտում իրենց ցինիզմն ու սրիկայությունը այդ զինծառայողների նկատմամբ»:
«Ներկայիս պաշտպանության նախարարը պետք է մարդկանց առջև պատասխանատվություն կրի նաև այս դեպքերի համար, շատ հեշտ է մարդկանց ուղարկել պատերազմական գործողությունների մասնակցելու, իսկ նրանց առջև պատասխանատվություն չկրել: Նման անմարդկային վերաբերմունքը ուղղակի հանցագործություն է, թող մեծ-մեծ ազգ-բանակ կոնցեպցիայի մասին հիմարություններ դուրս չտան, մենք ստրուկներ չենք»:
Վերջում Արթուր Սաքունցը ավելացրեց, որ ոչ մի հրամանատար չէր համարձակվի և բացարձակ շահ չուներ նման կեղծիքներ կատարելու կամ սրբագրելու, դա եղել է հրահանգ, այնպես որ թող այդ պաշտոնյաները իրենց հանցավոր վերաբերմուքնը այդ զինծառայողների նկատմամբ չհամարձակվեն տեղափոխել հրամանատարության հարթակ»: