Պետք է ստեղծել Ընտրական օրենսգրքի այլընտրանքային նախագիծ եւ ուղարկել Վենետիկի հանձնաժողով. Արթուր Սաքունց
10:27, March 1, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԱյն քաղաքական ուժերը, որոնք իշխանության նախաձեռնած Ընտրական օրենգրքին դեմ են, իրենք պետք է ստեղծեն այլընտրանքային Ընտրական օրենսգրքի նախագիծ եւ ներկայացնեն հանրությանն ու Վենետիկի հանձնաժողովին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Այս առաջարկը նա ներկայացրեց նաեւ հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի հետ համատեղ հանրային քննարկման ժամանակ։
«Այսինքն՝ սպասողական դիրքից, որի մեջ մտնում է նաեւ քննադատությունը, պետք է անցնենք նախաձեռնողական եւ կոնկրետ առարկայական ոճի։ Ազգային ժողովի պատգամավորները կարող են ստորագրել եւ այդ փաստաթուղթը ուղարկել Վենետիկի հանձնաժողով։ Իրենք օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ են եւ կարող են»,-ասաց Արթուր Սաքունցը։
Նա նշեց, որ պատգամավորները, քաղաքական ուժերն ունեն ռեսուրսներ՝ պատրաստելու այդ նախագիծը։
«Հարկ եղած դեպքում քաղաքացիական հասարակությունն էլ կարող է ռեսուրս տրամադրել նախագիծը մշակելու համար, բայց նախագծի իրավական կարգավիճակը կարող են տալ պատգամավորները կամ խմբակցությունները։ Այսինքն՝ այս կերպ նաեւ պետք է կասեցնել մոնոպոլ պրակտիկան Վենտիկի հանձնաժողով դիմելու»,-ասաց Սաքունցը։
Ըստ մեր զրուցակցի՝ եթե ազգային մակարդակում հարցը լուծում չի ստանում, հարցի տեղը կարող է լինել միջազգային մարմինը, որը փորձագիտական եզրակացություն է տալիս։ Սա է ճանապարհը։ Վենետիկի հանձնաժողովն իր ձեռքին ունենալով երկու նախագիծ՝ տեսնելու է տարբերությունը։