ԸՕ-ի նախագիծը չպետք է մշակվի մի գիշերում ձվածեղ ուտողների կողմից
10:46, March 1, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԵԱՀԿ ԺՄԻԳ-ի ոչ մի հանձնարարական չի կատարվել: Այս մասին այսօր ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը.
«Միջազգային բոլոր զեկույցների հիմնական ձևակերպումն է՝ վստահություն ընտրությունների նկատմամբ: Իշխանությունների, քաղաքական ուժերի հիմնական առաքելությունն է՝ ընտրողների մոտ բարձրացնել վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ: Նաև նշվում է՝ որ ճանապարհով. այդ ճանապարհը համագործակցությունն է, ներառական մասնակցության ապահովումը»:
Իրավապաշտպանի համար անընդունելի է, որ Ընտրական օրենսգրքի նախագծին ծանոթ են միայն Հանրապետական կուսակցությունում, և կուսակցության ներկայացուցիչները հարկ չեն համարել ներկա գտնվելու և ծանոթացնելու, այսպես կոչված, պաշտոնական նախագծի որոշ դրույթներին և մոտեցումներին:
Ավելի ուշ քննարկմանը ներկա իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նկատեց.
«Ես շատ կասկածում եմ, որ ՀՀԿ–ում բոլոր անդամները նախագծին ծանոթ են»:
Նշենք, որ քննարկմանը հրավիրվել էր, սակայն չէր ներկայացել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով իր հարցազրույցներում միշտ նշում է, թե իրենք բաց են համագործակցության համար:
«Թող գար ասեր, որ ծանոթ չեմ, մենք էլ ասեինք, որ մասնակցության գործընթացը նույնիսկ ՀՀԿ-ի ներսում չի ապահովված»,- արձագանքեց Արթուր Սաքունցը, ում կարծիքով սա լինելու է ամենախայտառակ Ընտրական օրենսգիրքը. «Անունով կոչվում է պառլամենտական, բայց էությամբ լինելու է մեծամասնական: ՀՀ տարածքը բաժանում են օլիգարխ-ֆեոդալների ազդեցության տարածքների, և ով որ այդտեղ շատ ձայն հավաքեց, ինքը ցուցակում գրավելու է առաջին տեղը: Բնականաբար, այսօրվա պայմաններում գիտենք՝ այդ ձայների քանակն ապահովելու համար ինչ ռեսուրսներ ու գործիքներ են օգտագործելու: Այստեղ ոչ միայն համամասնական ընտրության համակարգն է վարկաբեկվելու, այլ նաև ռեյտինգավորման քվեարկության սկզբունքն է վարկաբեկվելու: Նման օրենսգրքի պարագայում վտանգի տակ է նաև պառլամենտարիզմը՝ որպես ժողովրդավարական երևույթ Հայաստանում»:
Արթուր Սաքունցին անհանգստացնում է այն, որ իշխանությունները, համագործակցության իմիտացիա ստեղծելով, կարող են փորձել պարտադրել այնպիսի ընտրական օրենսգիրք, որն անխափան կապահովի քաղաքական կայուն և «կառավարելի» մեծամասնական ինստիտուտի ներդրումը.
«ԸՕ-ի նախագիծը պետք է մշակվի ոչ թե մի գիշերվա ընթացքում ձվածեղ ուտողների կողմից, այլ քաղաքական և քաղաքացիական լիարժեք մասնակցության միջոցով»,- ասաց Արթուր Սաքունցը: