«Ցանկացած անձի կարելի է ստիպողաբար հոսանքահարել»
23:03, April 1, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ 30.03.2016թ.` ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանն անգիտակից վիճակում` էլեկտրահարված: Ս.Մանուկյանն Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հարցադրում է՝ «Ի՞նչ է նշանակում հոսանքահարվել է,
ի՞նչ գործ ունի զինծառայողը հոսանքի հետ, տեխնիկական սպասարկման գծով պատասխանատու չկա՞ր»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Արթուր Սաքունցը նշեց.
«Ճիշտն ասած, շատ տարօրինակ է նման պատճառաբանությունը՝ հոսանքահարման հետևանքով մահվան դեպքը: Նախ և առաջ զինծառայողը չի կարող առնչություն ունենալ հոսանքի հետ: Կամ էլ ի՞նչ հոսանք է, որը կարող է հանգեցնել մահվան: Այստեղ կասկածներն ավելի մեծ են, որ մահվան հանգեցրած պատճառները բոլորովին այլ են: Որովհետև ի սկզբանե նաև առանց քննության նման վարկած են առաջադրում, արդեն իսկ կասկածելի է: Միայն քննության արդյունքում կարելի է եզրակացնել՝ որոնք են մահվան իրական պատճառները: Ոչ միայն կասկածամտություն, այլ նաև վրդովմունք է առաջացնում այս ամենը: Ի՞նչ է նշանակում ի սկզբանե կանխորոշել քննության ընթացքը կամ արդյունքները»:
Սաքունցը հիշեցնում է 2007 թվականի օգոստոսի 30-ի միջադեպը, երբ կրկին նախապես պաշտոնական վարկած հրապարակվեց, որ ՊՆ զորամասերից մեկում էլեկտրահարումից մահացել է զինծառայող Տիգրան Օհանջանյանը:
Սակայն զինծառայողի հարազատները պնդում էին, որ Տիգրանին սպանել են: Տիգրանի մահվան համար նախաքննական մարմինը ծառայողական անփութության համար մեղադրանք էր առաջադրել զորամասի կապի հանգույցի պետ Ռուստամ Ասատրյանին և նույն հանգույցի ծառայող Կարեն Թովմասյանին, որոնց, սակայն, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը վերացրեց և գործն ուղարկեց նոր քննության:
«Այս դեպքը ևս կապում էին հոսանքահարման հետ: Սակայն մինչ այժմ պատշաճ քննություն չի իրականացվել, որովհետև իրական պատճառները բոլորովին այլ են: Ապացուցվել է, որ հոսանքահարումից չի եղել, որովհետև այն լարը, որը որպես ապացույց նշում են, որ իբր թե այդ լարից է հոսանքահարվել, այդ լարն ընդհանրապես միացված չի եղել բարձրավոլտ հոսանքին»,- նշում է Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, նշեց.
«Քննիչն իրավասու չէ, մասնագետ չէ և չի կարող նման եզրակացություն տալ: Դա կարծիք է ընդամենը: Վերջնական կարծիք կարելի է հայտնել միայն օբյեկտիվ դիազննումից հետո, թե կատարվածը պատահականությո՞ւն է եղել, թե՞ դիտավորություն: Ցանկացած անձի կարելի է ստիպողաբար հոսանքահարել: Այս պահի դրությամբ ավելին ասել հնարավոր չէ, որովհետև օբյեկտիվ չի լինի»:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։