Նորք Մարաշի զինված խումբը խա՞յծ է այլ իրական խմբից ուշադրություն շեղելու համար
23:14, April 1, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՆախօրեին ԱԱԾ քննչական վարչության ղեկավարի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը Նորք Մարաշում վնասազերծված խմբի գործով մանրամասներ հայտնեց։ Ըստ այդմ, խմբի անդամները տեղեկություններ են հավաքել 147 անձի, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների, երեք նախագահների վերաբերյալ։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։
Որքանո՞վ է, ըստ Ձեզ, արժանահավատ այս տեղեկատվությունը, հնարավոր սցենարը։
Ընդհանրապես ԱԱԾ կողմից շատ հազվադեպ է լինում, երբ որևէ հրապարակային դիրքորոշում են ներկայացնում հանրային ուշագրավ երևույթների մասին։ Հատկապես նախաքննության փուլում գտնվող քրեական գործի հետ կապված նման հրապարակումն ինքնին արտառոց է, որովհետև գոնե օրենքի տրամաբանությունը, որին մշտապես հղում են անում իրավապահ մարմինները, այն է, որ նախաքննության գաղտնիքները չեն կարող հրապարակվել մինչև նախաքննության ավարտը։ Զարմանալի է նաև, որ այս դեպքում քրեական գործի շրջանականում որևէ տեղեկություն չի համարվում պետական կամ ծառայողական գաղտնիք։ Այսինքն՝ նման հրապարակումները որպես կանոն պետք է համարել բացառություն, իսկ եթե որպես բացառություն լինում է, ապա պետք է ունենա որոշակի նպատակ։ Ո՞րն է այդ հրապարակման նպատակը:
Ի սկզբանե ես ասել եմ, որ չեմ հավատում, որ կարող են այդքան մեծ թվով մարդիկ ներգրավված լինել կամ նման անձնավորության գլխավորությամբ կազմակերպել ահաբեկչական գործողություն պաշտոնատար անձնանց նկատմամբ։ Այն, որ կարող է նման բան ծրագրվել, բնական է, մենք ունեցել ենք նման նախադեպ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, և եթե հիշում եք, այդ խմբի անդամների թիվը խիստ սահմանափակ էր։ Այսինքն՝ նման տիպի գործողություններ իրականացնելու համար մեծաթիվ կազմակերպված խումբ չեն ձևավորում։ Ահաբեկչական խմբավորումները միշտ լինում են խիստ սահմանափակ հենց այն պատճառով, որպեսզի տեղեկատվության արտահոսք չլինի։ Իսկ եթե այս պահին կալանքի տակ է գտնվում 33 մարդ, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ, ազատամարտիկներ, երիտասարդներ, այս դեպքում ավելի շատ պետք է խոսենք ապստամբական խմբավորման մասին։ Սա ավելի շատ ապստամբություն բարձրացնելուն ուղղված գործողություն պետք է դիտարկել, քան ահաբեկչական գործողություն: Հակառակ դեպքում այսքան մեծաթիվ մարդկանց ներգրավումը նման է «Իսլամական պետությանը», որի համար ՀՀ-ում նման պայմաններ չկան։
Բայց, մյուս կողմից, այս հրապարակումը բացահայտեց մի քանի հետաքրքիր հանգամանք։ Առաջին՝ մենք այդպես էլ մինչև հիմա չիմացանք, թե ովքեր են այդ պաշտոնատար անձինք, որոնց մասին ԱԱԾ քննչական բաժինը ամենսկզբի արձագանքներում նշում էր, որ կան նաև պաշտոնատար անձինք, որ ներգրավված են այս կազմակերպպված հանցավոր խմբի մեջ։ Մինչ այժմ մենք որևէ պաշտոնատար անձի այդպես էլ չենք տեսնում։ Հաջորդ ուշագրավ հանգամանքը, որ ասուլիսին հայտնեց քննչական բաժնի պետի տեղակալը, որ ֆինանսավորողը գտնվում է երկրի ներսում և ազատության մեջ է։ Սա շատ ուշագրավ հայտարարություն է, որ հիմք է տալիս ինձ եզրակացնելու, որ կամ այդ ֆինասավորողը ինքն էլ չգիտի, որ ինքը ֆինանսավորել է, հակառակ պարագայում ինչո՞ւ պետք է գտնվեր երկրում, կամ շատ պարզունակ այնպիսի վիճակ է, որ ԱԱԾ-ն շարունակում է օպերատիվ հետախուզական աշխատանքները ֆինանսովորողի նկատմամբ՝ պարզելու՝ արդյոք կա՞ն այլ խմբավորումներ, որոնց ֆինանսավորելու է, թե ոչ։ Սա տեղ է թողնում այն վարկածի համար, որ բացի Արթուր Վարդանյանի խմբից կարող են լինել նաև այլ խմբեր։ Ստեղծվում է տարօրինակ իրավիճակ, որ ՀՀ-ում իշխանությունն իր նկատմամբ ահաբեկչական գործողություններ կատարելու կասկածանք կարող է ունենալ ամենատարբեր մարդկանց, խմբերի նկատմամբ։
Ամենաուշագրավ հանգամանքը, որ պետք է այս ասուլիսում ուշադրություն դարձնել, և իմ կարծիքով հիմնական նպատակն էր, այն է՝ կազմակերպված հանցավոր խմբի թիրախ է հանդիսացել ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև նախորդ նախագահները։ Սա բոլորովին նոր հանգամանք է, որ առաջին հայացքից շատ տարօրինակ է, թե ինչու պետք է թիրախ վերցվեն նախորդ նախագահները, եթե այսօրվա նախագահն է այսօրվա իրավիճակի պատասխանատուն, և որին, ըստ իրենց խմբի անդամների առանձին պատկերացումների, որի մասին քննչական մարմինն է նշում, որ իբր նրանք դժգոհ են, կամ փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել նրանց նկատմամբ, որոնք չեն ելնում երկրի շահերից։ Այդ դեպքում նախորդները ի՞նչ կապ ունեն այսօրվա իրավիճակի հետ, եթե կապ ունեն, տարօրինակ է։
Եթե հիշենք, հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողությունը կոնկրետ թիրախ ուներ ընտրված՝ վերացնել Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դուետի իշխանությունը, և ամենևին խոսք չէր գնում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որ մեկ տարի առաջ հրաժարական էր տվել։ Այս դեպքում այս ուղերձի նպատակն այն էր, որ Սերժ Սարգսյանը չէր ուզենա, որ ինքը հասարակության ընկալման մեջ ներկայանա որպես հիմնական միակ թիրախ։ Այսինքն՝ այսօրվա իրավիճակի պատասխանատվությունը փորձում է քննչական խմբի ղեկավարի միջոցով տարածել նաև նախորդ նախագահների վրա, որ այսօրվա իրավիճակի համար պատասխանատու է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև նախորդները։ Սա լիովին տեղավորվում է Սերժ Սարգսյանի իշխանության տրամաբանության մեջ։ Եթե հիշում եք, իշխանության գալուց հետո նա որդեգրեց այնպիսի կուրս, ինչպես Ռոբերտ Քոչարյանը, որ գործող նախագահը ոչ մի բանի համար մեղավոր չէ, փորձում է նախորդների արած հետևանքները լուծել, բայց որոնք այնքան խորն են, որ չի կարողանում։ Բայց ամբողջ իրողությունն այն է, որ նույնիսկ նման հայտարարությամբ Սերժ Սարգսյանը չի կարող խուսափել պատասխանատվությունից, որովհետև եթե մարտի 1-ի հանցագործության համար պատասխանատու է Ռոբերտ Քոչարյանը, ապա այդ հանցագործության կոծկման և դրան իրավական գնահատական չտալու համար պատասանատվություն է կրում հենց Սերժ Սարգսյանը։ Նա պատասխանատվություն է կրում այն բազմաթիվ դժգոհությունների համար, որ այս օրերին դուրս է հորդում, այսպես կոչված, անանուն մարդկանց կողմից։ Մասնավորապես ՊԵԿ-ի մի խումբ աշխատակիցների կողմից հրապարակած տեսանյութը, որտեղ հստակ կոռուպցիոն հանցագործությունների մասին տվյալներ էին հաղորդում, որտեղ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու, ինչպես նաև «Կրակեմ Հրաչի» անուններն են նշում։ Այսինքն՝ իշխանությունն իր իսկ վարած քաղաքականության հետևանքով առնչվում է բազմաթիվ խնդիրների, որոնց պատասխան չունի, և այդ պատասխանատվությունից խուսափելու միտումը ստիպում է նրան պատասխանատվությունը բաշխել տարբեր մարդկանց, այդ թվում՝ նախորդ նախագահների միջև, որպեսզի շղարշի այն հասարակական ընդվզումը, որ գոյություն ունի Սերժ Սարգսյանի իշխանության նկատմամբ:
Եվ ինչպես ի սկզբանե զարմացել ենք խմբի ոչ պրոֆեսիոնալիզմով, նույնքան էլ զարմանալի է նախաքննությունն իրականացնող նախաքննության մարմինների ոչ պրոֆեսոնալիզմը։ Տեղի ուենցած մամուլի ասուլիսի վերլուծությունը ինձ բերում է համոզման, որ կարծես թե իրենք փնտրում են այլ շահագրգիռ խմբերի, որոնք նպատակ ունեն ահաբեկչական գործողություն իրականացնել Սերժ Սարգսյանի կամ իշխանության նկատմամբ: Բայց պետք է հասկանանք, որ այս քրեական գործի դրդապատճառը, որն ընկած է այդ խմբի կազմակերպման հիմքում, այնքան տարածված է, որ ցանկացած մարդու համար կարող է հիմք հանդիսանալ նման նախաձեռնություն ցուցաբերելու։
Այսինքն՝ մենք կունենանք այս գործի բացահայտում այնքանով, որքանով իշխանությունը կցանկանա կամ որքանով նրան ձեռնտո՞ւ կլինի, թե այդպես էլ որևէ բան չի բացահայտվի։
Մեծ հաշվով գործը բացահայտված է, քանի որ խումբը որևէ գործողություն չի կարողացել իրականացնել, և եթե զուտ ձևական մոտենանք, ապա հանձինս այդ զենքերի, զինվորական համազգեստների, հանցագործության գործիքների, որոնք ներկայացված են, հանցագործության նպատակով հավաքված խմբի անդամների, հիմա փորձում են ձևակերպել շարժառիթը, բայց սա ձևական կողմն է։ Խնդիրն այն է, որ իշխանությունը հանձինս ԱԱԾ քննչական բաժնի, կիրառում է և կիրառելու է հետևյալ մոտեցումը՝ «համագործակցություն հանուն ազատության» սկզբունքով։ Իր ցանկալի ցուցմունքները ստանալու համար գործարքի է գնալու խմբի որոշ անդամների հետ, որոնց մեջ, ամենայն հավանականությամբ, կլինեն նաև իրենց գործակալները, որպեսզի քրեական գործի ավարտին ունենան այն ձևակերպումը, որն իրենց համար, ցանկալի է, այն է՝ որ այս խումբը իրապես հավաքվել է Սերժ Սարգսյանի նկատմամբ ահաբեկչական գործողություն իրականացնելու։ Բայց մենք այդպես էլ չենք իմանա, թե ինչու հիմա, և թե ինչպես հնարավոր եղավ այդ խումբը ձևավորել։ Կփորձեն ցույց տալ, որ նախապես ծրագրավորված, լուրջ նպատակներով հավաքված խումբ է, որն իրականությանը չի համապատասխանում։ Մի քանի հարյուր հոգով ահաբեկչական խմբավորում չի ստեղծվում, սա արդեն ապստամբական բանակ պետք է համարել, իսկ ահաբեկչական խմբավորումը առավելագույնը կարող է լինել 5-7 հոգի։ Այնպես որ, այստեղ քաղաքական նպատակահարմարությունը գերակշռելու է իրավական գնահատականներին, և ինչպես հոկտեմբերի 27-ի հանցագործությունը կազմակերպիչների մասով մնում է չբացահայտված, այնպես էլ այս խումբը կազմակերպիչների մասով կմնա չբացահայտված։ Մենք առայժմ պետք է ունենանք այն պաշտոնատար անձանց անունները, որոնց մասին խոսում են իրենք, և պետք է ունենանք, թե այս խմբի ձևավորման գործում ով է ոգեշնչել։ Որովհետև սա Արթուր Վարդանյանի կարողությունների շրջանակում ամենևին չի տեղավորվում, որ Վահան Շիրխանյանը օրինակ ներգրավվի այդ գործողության նպատակով, կամ Գառնիկ Մարգարյանը։ Այսինքն՝ այստեղ, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում, կամ պետք է գործ ունենանք ռոմանտիկների հետ, կամ էլ պետք է համարենք, որ ոչ թե ռոմանտիկներ են, այլ լուրջ պրոֆեսիոնալների խումբ, որը մենք տեսնում ենք, որ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ձերբակալության ժամանակ անգամ չհասցրին գոնե մեկ ինքնաձիգ ձեռքները վերցնել և պաշտպանվել։
Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, մյուս ազատամարտիկները, ըստ Ձեզ, որքանո՞վ կարող էին ներգրավված լինել այս խմբի գործողություններում։
Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, ազատամարտիկները բոլորը հանրային, հրապարակային գործիչներ են, նրանք երբևէ իրենց վերաբերմունքը չեն թաքցրել։ Բայց որ նրանք ներգրավվեն կամ փորձագիտական աջակցություն ցույց տան այս խմբին, լիովին անտրամաբանական է։ Բայց այստեղ այն հարցը, որ կան պաշտոնատար անձինք, դա արդեն լուրջ է, քանի որ պաշտոնատար անձինք օգտագործել են այս խմբին ինչ-ինչ նպատակների հասնելու համար։ Այսինքն՝ գործ ունենք Նաիրի Հունանյան ահաբեկչական օպերացիայի մի մոդելի հետ, երբ իշխանության մեջ մի խումբ շահագրգռված է մյուս խմբի վերացնելու հարցում։ Իմ խորին համոզմամբ, Արթուր Վարդանյանի կազմակերպած խումբը ավելի շատ խայծ է ուշադրությունը շեղելու այն իրական խմբերից, որոնք կարող են գոյություն ունենալ, որովհետև Հայաստանում իրավիճակը ավելի քան պարարտ է իշխանության նկատմամբ դժգոհության արտահայտման նման ձևերի համար: