«Կուսակցությունները հարմարվել են պետության ոչնչացմանն ու գոյություն քարշ տալուն»
14:37, July 1, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խումբն իրենց միանալու կոչ էր արել Հայաստանի՝ Եվրոասոցացման կողմ արտահայտվող մի շարք կուսակցությունների:
Մինչ այսօր այդ կուսակցություններից և ոչ մեկը այս նախաձեռնությանը չի միացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցն ասաց, որ քաղաքական դաշտում կան որոշ կուսակցություններ, որոնք հստակ հայտարարություն էին արել եվրոպական ուղղությանը միանալու նպատակահարմարության մասին, և իրենց նպատակն է եղել համատեղ աշխատանք ներկայացնել քաղաքական կուսակցությունների հետ․ «Պետք է արձանագրել, որ որևէ կուսակցություն ցանկություն չի հատնել ներգրավվել այս նախաձեռնության մեջ. ես դա նորմալ եմ համարում: Լավ կլիներ, իհարկե, համատեղ աշխատանքը, բայց եվրոպական արժեքների մեջ կարևորագույնը անհատական մոտեցման գաղափարն է, ես որևէ սարսափելի բան չեմ տեսնում»:
Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ ինքն այս հարցում տրամագծորեն տարբեր պատկերացում ունի․ «Ավելի էֆեկտիվ կլիներ նման մարտահրավերի դեմ կանգնել դաշինքով՝ կուսակցությունների և քաղաքացիական դաշտի միջև որոշակի գործողությունների ծրագիր պետք է ներկայացնել, իսկ այսպես ինչ-որ տեղ խանգարելու է, որովհետև դաշտում ստեղծելու է մրցակցություն»,- ասաց Հովհաննիսյանը:
Արթուր Սաքունցի կարծիքով՝ եթե մենք այսպես գլխապատառ շարունակենք մեր անդամագրումը Եվրասիական տնտեսական միությանը, ապա մենք գնալու ենք դեպի ինքնամեկուսացում․ «Մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որ քաղաքական կուսակցությունների զգալի մասը իրենց առօրյա քաղաքական նպատակները ավելի են կարևորում, քան այն խնդիրները, որ ունի Հայաստանը: Հայաստանի Հանրապետության խնդիրները ստորադասվում են իրենց նեղ անձնական շահերին և այնպիսի վարքագիծ են դրսևորում, որ հարմարվեն նոր իրողություններին և ոչ թե իրավիճակ փոխեն, իրենք հարմարվել են պետության ոչնչացմանը ու գոյություն քարշ տալուն»:
Աղբյուրը՝ www.1in.am