Քոչարյանը տեսնում է իշխանությունը վերցնելու ռեալ հնարավորություն
15:47, July 1, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին խնդրեցինք մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվացումը եւ այդ կապակցությամբ ստեղծված իրավիճակը
– Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը բացատրում եմ նրանով, որ նախ իրավիճակը և իրավիճակը բնութագրող չափորոշիչներն այնքան են իջել պլինտուսի մակարդակի, որ արդեն Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է համարում սեփական անձի հանդես գալը: Ցավոք սրտի, սա մեզ մոտ իրավիճակի վատթարացման նշան է, հակառակ պարագայում ինքն ավելի շատ պետք է մտածեր պատասխանատվությունից խուսափելու մասին և այդ ուղղությամբ քայլեր կատարեր: Բայց հիմա ինքը ոչ թե պատասխանատվությունից խուսափելու մասին է մտածում, այլ նույնիսկ նախաձեռնողական վարք է դրսևորում, որը պայմանավորված է ավտորիտար միտումների զարգացմամբ: Պարտադրանքի համակարգում Ռոբերտ Քոչարյանը լիովին տեղավորվում է, որովհետև ինքը տասը տարի հենց այդ ոճի և այդ բնույթի վարքագիծ դրսևորեց:
Երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է իշխանությունը վերցնելու ռեալ հնարավորություն: Սերժ Սարգսյանը Կրեմլի պատվերների տեսակետից բավական անհետևողական և թույլ ղեկավար է: Լավագույնը, ով կարող է կատարել Կրեմլի պատվերները որպես գեներալ-գուբերնատոր, Ռոբերտ Քոչարյանն է: Ավելին, ինքը կարող է ինչ-որ պահի մտածել, որ կարող է ազգափրկչի դերում հանդես գալ: Այստեղ մի կարևոր խնդիր կա, թե ինքը ինչ պատասխան է տալու հայ-ադրբեջանական կոնտեքստում: Բանն այն է, որ Քոչարյանը Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացից դուրս է մղել Ղարաբաղին, բայց հիմա եկել է արդեն վերջնական լուծման անհրաժեշտությունը: Կրեմլը հստակ ասում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի որպես նախապայման՝ Ադբեջանին Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկելու համար: Ես չգիտեմ, թե Ռոբերտ Քոչարյանը պատրա՞ստ է Կրեմլի առաջարկած լուծմանը գնալու, թե ոչ: Ես կարծում եմ, որ պատրաստ է, որովհետև ինքը միշտ էլ ունենալու է այն տարբերակը, որ Եվրասիական տնտեսական միությունը մի համակարգ է, որտեղ տարբերություն չկա, թե այդ խնդիրը ինչպես կլուծվի: Այդ տեսանկյունից, կարծում եմ, որ Քոչարյանը հստակ պետք է ձևակերպի իր մոտեցումը:
Բոլոր առումներով, նման անձի քաղաքականության վերադառնալու հայտի ներկայացումը մարտահրավեր է բոլորիս համար, առավել ևս, որ նա արդեն սկսել է խոսել հենց երկրի նախագահի դիրքից: Մենք այստեղ ունենք այդ անձին մեկուսացնելու խնդիրը, այլապես մեզ մոտ ավելի վատ վիճակ կարող է լինել, քան նույնիսկ Ռուսաստանում ու Բելառուսում: Նա բացարձակ միապետական իշխանության կրող է: Ընդ որում, օլիգարխները, կամ այսպես ասած պետական սեփականության կրող տնօրենները երևի կարիք ունեն հենց նման բռի ուժի բնույթ ունեցող իշխանության, որովհետև նրանց պետք է ուժեղ իշխանություն, որը կհովանավորի իրենց անվտանգությունը, տնօրենի իրենց աթոռի ապահովությունը: Նրանք տեսնում են, որ Սերժ Սարգսյանն իրենց անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս, միայն պահանջում է: Ու այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծվել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար, և նա դա տեսնում է: Բայց որքան դա նպաստավոր է նրա համար, նույնքան անբարենպաստ է Հայաստանի քաղաքացու գոյության համար: ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ այն վտանգները, որն այսօր Հայաստանն ունի, մարմնավորված է Ռոբերտ Քոչարյանի անձի մեջ, որը հավակնություն ունի վերցնելու երկրի ղեկը: Եթե այս վտանգը չընկալվի, մնացած խնդիրների լուծման հնարավորություններն իպառ վերանալու են, և մենք էլի մի 70-80 տարի կարող ենք խարխափել արդեն ռուսական կայսրության տիրապետության ներքո, մինչև հերթական միջազգային մեծ ցնցումը կլինի, որ նորից սկսելու շանս կստեղծվի մեզ համար:
Աղբյուրը՝ www.lragir.am