«Քաղաքացիական շարժումը ստիպեց Ռուսաստանին Հաշվի նստել Հայաստանի Հասարակության հետ». Իրավապաշտպաններ
12:28, July 1, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպանները պահանջում են քրեական գործ հարուցել ոստիկանների նկատմամբ հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ Ոստիկանության կատարած գործողությունների համար:
Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնի» քննարկմանը իրենց կարծիքն արտահայտեցին Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ արդեն 10 օր է, ինչ քաղաքացիական հասարակությունը նստացույց է իրականացնում Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով իշխանություններից կասեցնել էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով թանկացնելու որոշումը:
Հունիսի 23-ի վաղ առավոտյան՝ ժամը 05:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող և նստացույց իրականացնող երիտասարդ ակտիվիստների նկատմամբ Ոստիկանությունը կիրառել էր բռնի ուժ և ջրցան մեքենաներով ազատել Բաղրամյան պողոտան: Ոստիկանները բերման էին ենթարկել շուրջ 237 ակտիվիստի, նրանից շատերը ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Մի քանի տասնյակ ցուցարարների տեղափոխել էին բուժհաստատություններ, մի քանիսն անգամ հայտնվել էին վերակենդանացման բաժանմունքներում:
Բռնություններից անմասն չէին մնացել որոշ լրագրողներ և օպերատորներ, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունն էին ծավալում դեպքի վայրում:
«Դասական անհնազանդության օրինակ էր, որ տեղի ունեցավ Երևանում և ՀՀ-ի մյուս քաղաքներում՝ Վանաձորում, Գյումրիում և առանձին բնակավայրերում: Հունիսի 23-ի բռնությունը աննախադեպ էր իր ծավալներով և ցույցի մասնակիցների թվով, ինչպես նաև Ոստիկանության ապօրինություններով: Այսօր նույնիսկ քրեական գործ են հարուցում «Սանիտեկի» աղբամանների գույքի փչացման հիմքով, բայց քրեական գործ խուսափում են հարուցել խաղաղ ցուցարարների և քաղաքացիների նկատմամբ լայնածավալ ահաբեկչական գործողությունների համար, որոնք կատարեցին ոստիկանները: Այդ խայտառակ խախտումների համար պաստախանատուները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի երաշխիք ունենանք, որ հետագայում մարդու իրավունքների նման զանգվածային խախտումներ չեն լինի»,-ասաց Արթուր Սաքունցը:
Քննարկման մասնակից Ավետիք Իշխանյանն ասում է, որ ազնիվ շարժում է սկսվել, որը ազդեց իշխանության վրա, որոնք էլ փորձեցին ինչ-որ որոշմամբ հանգստացնել ժողովրդին:
«Սա ստիպեց իշխանությանը գոնե մի փոքր ընկրկել, բայց միամիտ մարդիկ չկան, անմիջապես հասկացան՝ ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է Ոստիկանության անօրինականություններին, ապա դրանք շարունակվում էին նաև երկու օր առաջ, երբ Օպերայի տարածքից բերման էին ենթարկել 6 քաղաքացու և որևիցե լուր չկար նրանց մասին: Հաջորդ օրը առավոտյան նոր պարզվեց, որ Ոստիկանությունում են եղել ու նրանց 6-7 ժամ պահել են»,-ասաց Իշխանյանը:
Նա հավելեց, որ եթե Ոստիկանությունը կրկին բիրտ ուժ կիրառի ցուցարարների նկատմամբ, ապա իշխանության համար սա կլինի միջազգային վարկաբեկում և մեկուսացում:
Երվանդ Վարոսյանն ասում է, որ այսօր Հայաստանում ոչ մի շարժում ու գործընթաց չի կարող չքաղաքականցվել:
«Եթե երկրում մեկ հոգի, կամ այդ մեկ հոգու շրջապատն է որոշում ամեն ինչ, ապա ցանկացած հարց և շարժում քաղաքական է դառնում: Պարտադիր չէ, որ լինի կուսակցական, բայց քաղաքական է: Ինչու՞ երիտասարդները առաջին օրը շարժվեցին անմիջապես Բաղրամյան, որովհետև գիտեին, թե ուր պետք է գնան հարցի լուծումը ստանալու համար: Իսկզբանե, այս ամենը քաղաքականացված էր, որովհետև իրավիճակն էր այդպիսին»,-նշեց Վարոսյանը:
Նա հավելեց, որ այս շարժումը կոտրեց նաև որոշ կարծրատիպեր, և բոլորը հասկացան, որ. «բողոքի ակցիա նշանակում է փակել փողոց, նշանակում է նաև աղմկել և խանգարել մեկ ուրիշին՝ իհարկե կախված բարձրացվող հարցի կարևորությունից և մասնակիցների քանակից»:
«Ոստիկանությունը գուցե հասկացավ, որ իր բիրտ գործողություններով թեժացնում է իրավիճակը: Պատասխանատվության հարց պետք է բարձրացվի, պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն, որովհետև եթե դա չկա, ոստիկանական մահակը միշտ քաղաքացիների գլխին կմնա»,-ասաց Վարոսյանը:
Նա կարծում է, որ սակագնի վերանայումը հնարավոր է միայն իշխանության ցանկության դեպքում:
«Ասել, որ սա միակ հնարավոր լուծումն է ու բեռը դնել Կառավարության վրա, իհարկե այդպես չէ: Եթե ցանկություն լիներ այդ սակագինը վերանայել, ապա ժամերի ընթացքում այդ սակագինը կվերանայվեր: ՀԷՑ-ը կարող էր նման խնդրանքով դիմել, տարբեր միջոցներ և իրավական լուծումներ կան, բայց ցանկություն է պետք»,-նշեց Վարոսյանը, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու և մինչ աուդիտի արդյունքները ստանալը Կառավարության կողմից բաձրացված սակագինը վճարելու մասին:
Իշխանյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կասեցնելը կախված է հայ-ռուսական հարաբերությունների հետ, որտեղ «հիերարխիկ» բնույթ ունեն:
«Այսինքն գործընկերային հարաբերություններ չեն, այլ հիերարխիկ: Հայաստանում անկախ մարմիններ գոյություն չունեն, օրենսդրորեն անկախ են, բայց բոլորը հրամաններ են կատարում: Հունիսի 23-ի համար գործ պետք է հարուցի Հատուկ քննչական ծառայությունը, բայց նա էլ է ցուցումի սպասում ու չի հարուցում: Իրավական ճանապարհը մշուշոտ է Հայաստանում: Կարող ես անգամ դատի տալ հանձնաժողովին որոշման համար, բայց այն ժամանակ, երբ ուժի մեջ է մտնում որոշումը, այսինքն՝ օոգոստոսի 1-ից հետո: Կարող ես դատի տալ «անկախ» դատարանում «անկախ» հանձնաժողովի դեմ, և այդ «անկախ» դատարաններից հետո մենք գիտենք, թե արդյունքը ինչպիսին պետք է լինի»,-ասում է Իշխանյանը:
Սաքունցը հավելում է, որ իսկապես առաջին անգամ, երբ Հայաստանը հանդիսանալով ԵՏՄ անդամ, այս ցույցի ժամանակ ռուսական պատվիրակություն ժամանեց Երևան:
«Հասարակության շնորհիվ պայծառ, լուսավոր երևույթ եղավ: Մինչ այս դեպքերը Հայաստանի նկատմամբ ուշադրություն չկար միջազգային արենայում, բայց դեպքերից հետո ամբողջ լրատվական հոսքը ուղղվեց Բաղրամյան 26-ի վրա: Ինչ վերաբերում է Պերմյակովի և Հրաչյա Հարությունյանի գործերը հայկական կողմին հանձնելը, ես դա առևտուր եմ համարում: Քաղաքացիական այս շարժումը, այս աննախադեպ ակտիվությունը ստիպեց այնպիսի գետերության, ինչպիսին Ռուսաստանն է, հաշվի նստել Հայաստանի հասարակության հետ և շրջանառության մեջ դնել Սերժ Սարգսյանի շուրթերով խոսակցություններ: Դա անբարոյական առևտուր է, քանի որ ստացվում է այդ մարդիկ պատանդներ են»,-հավելեց Սաքունցը:
Իշխանյանն էլ հավելեց, որ հարցի լուծումը ՀՀ նախագահի մակարդակով որոշում կայացնելն է:
«Իսկ մեր իշխանությունը կունենա՞ այդ որոշումը կայացնելու համարձակություն, թե ոչ, դա կախված է երիտասարդներից, եթե շարժումը շարունակեն»,-նշեց Իշխանյանը:
Տեսանյութն այստեղ:
Աղբյուրը՝ www.media-center.am