Սերժ Սարգսյանը կարողացավ ազատել ՊՊԾ գնդի տարածքը, բայց նա դեռեւս խնդիր ունի ՀՀ քաղաքացիների հետ. Արթուր Սաքունց
17:59, August 1, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Սասնա ծռեր» խմբի անդամները միանշանակ բացատրեցին հանձնվելը՝ խուսափել արյունահեղությունից, որը կարող է անխուսափելի լիներ, եթե շարունակեին մնալ: Իշխանությունները պատրաստվում էին գրոհի՝ հատկապես ԱԱԾ-ի տարածած ամսի 30-ի հայտարարությունից հետո: «Սասնա ծռեր» խումբը միանշանակ մնաց այն տրամաբանության մեջ, որ չի ուզում արյունահեղություն իրականացնել, ուղղակի սա քայլ էր, որը ելնում է նրանից, որ ցավոք, ՀՀ-ում կուտակված խնդիրների լուծման, փոփոխությունների համար այլ միջոցներն ու մեթոդներն արդյունավետ չեն, չեն գործում: Անցած 14 օրերի ընթացքում իշխանության վարքագիծը միանշանակ դա հիմնավորեց, որովհետեւ բացի ուժային գործիքներից այլ գործիքներ չտեսանք իշխանության կողմից»,- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում այսպես գնահատեց ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի հանձնվելը: Ըստ նրա, իշխանությունը բացարձակապես չի հասկանում, թե ինչ իրավիճակում է հայտնվել երկիրը. «Որեւէ ուղերձ մենք այդպես էլ չստացանք իշխանության կողմից: Սերժ Սարգսյանի հայտարարությունը եղավ միայն 4-5 օր հետո, այն էլ նրանք միայն պահանջում էին հանձնվել: Մենք կարող ենք ամրագրել, որ Սերժ Սարգսյանը կարողացավ ազատել ՊՊԾ գնդի տարածքը, բայց նա դեռեւս խնդիր ունի ՀՀ քաղաքացիների հետ: Մենք տեսանք, որ այս ընթացքում մի շարք բողոքի ակցիաներ եղան Սարի թաղում, Սիսիանում՝ Սպանդարյան գյուղում, թեկուզ փոքր ծավալի, բայց բողոքի ցույցեր եղան Վանաձորում, Գյումրիում, Կապանում: Սերժ Սարգսյանը իր համար միակ թիրախը տեսավ «Սասնա ծռեր» խմբին, բայց չտեսավ այն հանրությանը, որը բազմահազարանոց բողոքի ցույցեր էր անցկացնում: Այդ ցույցերում մարդիկ վերստին պահանջում էին իշխանության հրաժարականը: Նա այդպես էլ մեկ քայլ չկատարեց՝ այդ քաղաքացիների հետ երկխոսության մեջ մտնելու: Մենք հիմա այսպիսի իրավիճակ ունենք՝ Սերժ Սարգսյանը ՊՊԾ գունդը գրավեց, բայց չկարողացավ գրավել ամբողջ Հայաստանը: Թե ինչպես հիմա իրեն կպահի իշխանությունը՝ հանգուցային նշանակություն ունի»:
Արթուր Սաքունցը վստահ է, որ կիրառված բռնությունները հանգեցնելու են բողոքի նոր բռնկումների. «Եթե ինքը փոփոխությունների չի գնում, պահում է ուժի կիրառման ստատուս քվոն, ապա ինքը ուղղակիորեն հրահրելու է նոր ճգնաժամային իրավիճակների: Այսինքն, ճգնաժամը չի հաղթահարված, լռեցված է, բայց շարունակվում է»:
Ըստ Արթուր Սաքունցի, հերթական անգամ ամլացավ ամբողջ քաղաքական համակարգը, բացառությամբ մեկ-երկու քաղաքական գործիչների: Սերժ Սարգսյանը քաղեց այն պտուղները, որը ինքը հետեւողականորեն ձեւավորել է իր նախագահության օրոք:
Մեր հարցին՝ լուրեր են շրջանառվում, որ այս դեպքերից հետո Սերժ Սարգսյանն ուզում է ազատվել Վլադիմիր Գասպարյանից՝ Արթուր Սաքունցն արձագանքեց. «Թե ով ումից է ուզում ազատվել՝ Սերժ Սարգսյանը Գասպարյանից, թե Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանից, դա մեզ համար որեւէ էական նշանակություն չունի, որովհետեւ կգա Սերժ Սարգսյան երկրորդը կամ Վովա Գասպարյան երրորդը: Ապրիլյան պատերազմից հետո էլ մենք տեսանք, որ այդպիսի փոփոխությունները որեւէ նշանակություն չունեն»: