Վանաձորի Տարոն-4 թաղամասում գտնվող Մարդու իրավունքների այգու բարեկարգման աշխատանքները շարունակվում են
11:09, September 1, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունՎանաձորի Տարոն-4 թաղամասում 2011 թ.-ից գործում է Մարդու իրավունքների այգի, որը բացվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ:
2016 թ.-ին այգում աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց «Դեպի Հայք» կազմակերպությունը: Ավելի քան մեկ տասնյակ կամավորներ, որոնք ամռան ամիսներին ապրում և կամավորական աշխատանք են կատարում Վանաձոր քաղաքի մի շարք հասարակական կազմակերպություններում՝ ներգրավվեցին նաեւ Մարդու իրավունքների այգու բարեկարգման աշխատանքներում:
Աշխարհի տարբեր անկյուններից հայրենիք ժամանած երիտասարդները մեծ ոգևորությամբ էին մասնակցում «Դեպի Հայք» կազմակերպության աջակցությամբ այգու բարեկարգման աշխատանքներին՝ կարևորելով իրենց մասնակցությունը քաղաքի ծայրամասային թաղամասի երեխաների համար ժամանցի վայր ստեղծելու գործում: Նրանք իրենց հետ զրույցում նշում էին, որ նմանատիպ փորձ նախկինում ևս ունեցել են:
Երիտասարդները մասնակցեցին այգու պարսպի նորոգման, կառուցապատման, տարածքի բարեկարգման եւ պատի ձեւավորման աշխատանքներին: Թաղամասում ապրող երեխաները ևս օգնում էին նրանց:
Մարդու իրավունքների այգու բարեկարգման աշխատանքները շարունակական են եւ նախատեսվում է հետագայում եւս շարունակել այգու տարբեր հատվածների կառուցումը եւ բարեկարգումը, թեմատիկ նստարանների տեղադրումը, ինչպես նաև ծառատունկը՝ տարածքն ավելի բարեկարգ ու կանաչապատ դարձնելու նպատակով:
Մարդու իրավունքների այգու մասին ավելի մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ