Իրավական քյանդրբազություն է
23:15, October 1, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀերթական անգամ գլխավոր դատախազ Կոստանյանը ամրագրում է, որ ինքը անմիջականորեն շահագրգռված անձ է և որպես Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի շահերի պաշտպան է հանդես գալիս:
Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակմանը:
«Ակնհայտ ապօրինություն է, որովհետև հենց միջնորդություն ներկայացնողը որևէ երաշխիք չունի, որ Տիգրան Խաչատրյանը դրսում գտնվելով, ինչպես Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդը, բռնություն չի կատարի կամ ճնշում չի գործադրի, կամ որևէ այլ հակաօրինական գործողություն չի կատարի նախաքննության մարմնի կողմից քննչական գործողություններին ներգրավված մարդկանց նկատմամբ»,-նկատեց Արթուր Սաքունցը:
«Հանցագործության բնույթը՝ բռնությունը, այն էլ հանցավոր խմբի կողմից կազմակերպված ծեծը, հիմք է տալիս մտածելու, որ նա հակված է բռնություն գործադրելու ցանկացած անձի նկատմամբ, որի հետ, ենթադրենք, կարող է անհամաձայնություն ունենալ: Տվյալ քրեական գործում անհամաձայնության մի ամբողջ սպեկտր գոյություն ունի թե՛ իր խմբավորման մասնակիցների հետ, որոնց գուցե կհամոզի, որ այնպիսի ցուցմունքներ տան, որ ի օգուտ իրեն լինեն կամ պատասխանատվությունից խուսափելու նպատակ հետապնդի և թե՛ վերջին հաշվով նաև խուսափել է ինքը: Վերջին հաշվով անձին բերման են ենթարկել Օդեսայից, համոզել են, որ ներկայանա, այսինքն՝ նա նաև փախուստի հակում ունի»,-ասաց իրավապաշտպանը՝ նկատելով, որ առկա են օբյեկտիվ հիմքեր՝ ենթադրելու, որ Տիգրան Խաչատրյանը և՛ նախաքննությունից խուսափելու, և՛ նախաքննության մեջ ներգրավված անդամների նկատմամբ ճնշելու հնարավորություն և վարքագիծ ունի:
Սաքունցի խոսքով, նման պարագայում, ելնելով նախաքննության շահերից՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես գալը և նաև անձի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց, փոխելու միջնորդությունը, որևէ հիմնավորում չունի:
«Սա միայն կարող է լինել, ենթադրենք, եթե այսպես կոչված, խոսք տա իրենց «պանյատներով» Գևորգ Կոստանյանին, որ «որևիցե արտառոց բան չեմ անի և խելոք կպահեմ ինձ»,-ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ միջնորդության համար օբյեկտիվ այլ հիմնավորում չկա :
Անդրադառնալով Տիգրան Խաչատրյանի ազատ արձակմանը նախորդած ցուցմունքների խառնաշփոթին, ըստ որոնց՝ Տիգրան Խաչատրյանը չի հարվածել Հարություն Զաքարյանի աչքին՝ իրավապաշտպանը դրանք կոչեց «իրավական քյանդրբազություն»՝ նկատելով, որ նախաքննությունը չի ավարտվել և միայն նախաքննության ավարտի արդյունքում ձեռք բերված բոլոր ապացույցների, փաստերի, հանգամանքների, ցուցմունքների վրա նախաքննության մարմինը կարող է եզրակացություն կազմել այն մասին, թե Տիգրան Խաչատրյանը հարվածե՞լ է Հարություն Զաքարյանին, թե՞ ոչ:
«Նույնիսկ, եթե, ենթադրենք, ցուցմունք է փոխվել, ապա դա հիմք չէ նման միջնորդությամբ հանդես գալու, որովհետև չէ որ այդ նույն անձի կողմից մեկ այլ ցուցմունք է եղել: Հիմա նախաքննության մարմինը ինչի՞ հիման վրա է մեկ ցուցմունքին առավելություն տալիս մյուս ցուցմունքից այն պարագայում, որ նախաքննությունը դեռ չի ավարտվել»,-նկատեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ դատախազի միջնորդությամբ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Նա մեղադրվում էր «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին ծեծկռտուքի մասնակցելու և տուժող Հարություն Զաքարյանի աչքը վնասելու մեջ:
Աղբյուրը՝ shabat.am
Տես նաև՝ azatutyun.am