Մնացական Մարտիրոսյանի որոշումը բեկանվել է, բայց նրան տույժի չեն ենթարկել
10:15, November 1, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Հայկ ՄովսիսյանԱյսօր Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է «Շուշի» ՔԿՀ֊ում մահացած Հայկ Մովսիսյանի գործով քննիչ Մ. Բաբայանին դատարան ներկայացնել գործի բոլոր նյութերը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է մահացած երիտասարդի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արայիկ Զալյանը։
Փաստաբանը հիշեցրել է, որ հայցվոր կողմը դեռևս Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում պահանջել էր չեղյալ համարել քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ֊ի որոշումը և խնդրել էր ներկայացնել գործի բոլոր նյութերը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը քննիչին չէր պարտավորեցրել ներկայացնել դրանք և մերժել էր ՀՔԾ֊ի որոշման վերաբերյալ հայցվորի դիմումը։
Առաջին ատյանի դատարանում քննիչ Բաբայանը ներկայացրել էր Մովսիսյանի գործով փորձաքննություն անցկացնելու մասին որոշումը և եզրակացությունը։ Քննիչը, սակայն, դատարան չէր բերել գործի շրջանակներում արված հարցաքննությունները, որոնք, Արայիկ Զալյանի խոսքով, շատ կարևոր էին, քանի որ հարցաքննվել են պաշտոնյաներ։
«Գործը վերաբերում է զինծառայող Հայկ Մովսիսյանի դեմ անօրեն վճիռ կայացելուն, տրամաբանական է, որ քննիչը հարցաքննել է այդ վճռի հետ կապ ունեցող մի շարք պաշտոնատար անձանց»,֊ ասել է Զալյանը։
Քանի որ դատավորը հայցը մերժել է առանց գործի բոլոր նյութերը քննելու, Արայիկ Զալյանը դիմել է Արդարատադության խորհուրդ՝ դատավոր Մնացականյանին կարգապահական տույժի ենթարկելու պահանջով, ինչը խորհուրդը մերժել է անել։
Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը չի համաձայնել առաջին ատյանի դատարանի որոշման հետ և այսօր պահանջել է ներկայացնել գործի հետ առնչվող բոլոր փաստաթղթերը։
Հիշեցնենք, որ Զալյանը պահանջում է անօրեն ճանաչել Մովսիսյանի մահվան վերաբերյալ պաշտոնական անփութության հատկանիշներով հարուցված գործը կարճելու որոշումը և Մովսիսյանի մորը՝ Հեղինե Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ, ինչը մինչ օրս չի արվում։
Մովսիսյանը 2012 թվականի նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել զինծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Դրանից 8 օր անց Մովսիսյանին գտել են մահացած «Շուշի» ՔԿՀ֊ի խցում: Երիտասարդի մայրը դեպքից հետո հայտարարել էր, որ ինքնասպանության վարկածին չի հավատում։ Հայաստանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունը կապված է եղել Մովսիսյանի գործում առկա անճշտությունների հետ:
Աղբյուրը՝ www.epress.am