Խուդոյանների գործով տեղի ունեցավ ևս մեկ նախնական դատական նիստ
10:33, December 1, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Խտրականության արգելում, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2014 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր` Գ. Սոսյանի, տեղի ունեցավ ևս մեկ նախնական դատական նիստ ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի ներկայացրած հայցադիմումի շրջանակներում: Հիշեցնենք, որ հայցվորները պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության աշխատակիցների գործողությունները, որոնք կատարվել են դեռևս մեկ տարի առաջ՝ 2013 թ. դեկտեմբերի 2-ի լուսաբացին իրենց ՀՀ նախագահական նստավայրի դիմացից բռնությամբ անհիմն հեռացնելու ընթացքում, որտեղ նրանք նստացույց էին կազմակերպել:
Նախնական դատական նիստի ընթացքում հայցվորների ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդությամբ դատարանին ներկայացրեց երկու տեսաձայնագրություն և խնդրեց դրանք ճանաչել վերաբերելի ապացույց ու հետազոտել դատաքննության ընթացքում: Սույն միջնորդությամբ ներկայացվեցին նաև մի շարք անձինք, ովքեր, ըստ հայցվոր կողմի, տիրապետում էին գործի ելքի համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունների: Հայցվորների ներկայացուցիչը միջնորդեց նրանց ներգրավվել որպես վկա և հարցաքննել հայցի քննության շրջանակներում: Այդ վկաների մի մասը կարող էին տեղեկություններ հայտնել հայցվորին և նրանց երեխաներին ՀՀ նախագահական նստավայրի դիմացից բռնությամբ հեռացնելու, 8 ամսական երեխային տանելու ժամանակ դրսևորած վարքագծի, ինչպես նաև հայցվորների ընտանիքին մեկ օր ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ պահելու փաստերի մասին:
Պատասխանող ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելքոնյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նշելով, որ իրենք ընդունել են հայցվորների նկատմամբ բռնություն կիրառելու հանգամանքը և «տարհանումը» կատարել են նրանց կամքին հակառակ: Դատարանը ներկայացված միջնորդությունը բավարարեց մասնակի՝ որոշեց որպես վկա ներգրավվել միայն այն անձանց, ովքեր կարող են վկայություն տալ հայցվորների ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտման վերաբերյալ, պատճառաբանելով, որ պատասխանող կողմն ընդունել է բռնություն, կիրառելու հանգամանքը, նշելով, որ դա կատարվել է իրավաչափ:
Նախնական դատական նիստի ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչ Մ. Մելքոնյանը դատարանին ներկայացրեց ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերի պատճեններ, որոնցով հերքվել էին խուդոյաններին առևանգելու և նրանց հսկողության տակ պահելու փաստերը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի բաժնի պատահարների գրանցման թիվ 1 մատյանի 2013 թ. դեկտեմբերի 1-ի պատճենները, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված նյութերի քաղվածքներ:
Նախագահող դատավոր Գ. Սոսյանը նշանակեց ևս մեկ նախնական դատական նիստ, որի ընթացքում կհարցաքննվեն հայցվորների հարևաններ, գործով վկաներ Գրետա Ֆիդանյանը, Անի Ֆիդանյանը և Վահագ Սիմոնյանը, որից հետո դատարանը կանցնի դատաքննության փուլին: Սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց 2014 թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին: