«Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործով ներկայացված բողոքը կրկին մերժվեց
19:55, December 1, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Հայկ Մովսիսյան2014 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Մ. Պետրոսյանի, շարունակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր դատարանի նախաձեռնությամբ՝ կարճված քրեական գործի ամբողջական նյութերն ստանալու համար ևս մեկ անգամ ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմելու նպատակով: Մասնավորապես, նախագահող Մ. Պետրոսյանը գտել էր, որ գործի նյութերը տրամադրելու իր խնդրանքը կատարվել է մասնակիորեն, այն է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրվել են արդեն իսկ առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը: Հաշվի առնելով նշված հանգամանքը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, համաձայն որի՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութերը՝ դատարանը գտել էր, որ այդ պայմաններում գործի քննությունը անհնար է շարունակել և հետաձգել այն:
2014 թ. դեկտեմբերի 1-ի դատական նիստին նախագահող դատավոր Մ. Պետրոսյանը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացվել է գրություն, ըստ որի բողոքի քննության համար անհրաժեշտ նյութերն արդեն առկա են գործում: Դատարանը հայտարարեց, որ այսպիսով դատաքննությունը համարում է ավարտված և անցավ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար միջնորդությունների քննարկամն փուլին:
Բողոքաբեր Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ Ա. Զալյանը միջնորդեց կրկին ձեռնարկել միջոցներ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կարճված քրեական գործի նյութերն ստանալու ուղղությամբ: Դատարանը, քննարկելով միջնորդությունը և տեղում խորհրդակցելով, կայացրեց միջնորդությունը մերժելու մասին որոշում, գտնելով, որ դատարանն արդեն իսկ ձեռնարկել է բոլոր հնարավոր և անհրաժեշտ միջոցները հիշյալ նյութերն ստանալու համար: Բացի այդ, դատարանը նշեց, որ առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը բավարար են խորհրդակցական սենյակ անցնելու և որոշում կայացնելու համար:
Ա. Զալյանը մեկ անգամ ևս պնդեց ներկայացված միջնորդությունը, նշելով, որ հակառակ դեպքում կխախտվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, քանզի հիշյալ դրույթը վարույթն իրականացնող մարմնին պարտադրում է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութերը: Նախագահող դատավոր Մ. Պետրոսյանը նշեց, որ վկայակոչված նորմը սահմանում է, որ վարույթն իրականացնող մարմինը կարող է ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր և դրանք ներկայացնելու պարտադիր պահանջ չի պարունակում: Այնուհետև, ճշտելով այլ միջնորդություններ չունենալու հանգամանքը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Շուրջ 20 րոպե անց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Պետրոսյանը հրապարակեց կայացված որոշման ներածական և եզրափակիչ մասերը, որով օրինական ուժի մեջ թողեց ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչների կողմից ներկայացված բողոքը:
Սույն որոշումը Հ. Պետրոսյանի ներկայացուցիչների կողմից կբողոքարկվի ՀՀ վճռաբեկ դատարան՝ ստանալու պահից 15-օրյա ժամկետում: