ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը:
Այս մասին այսօր ասել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը: Ըստ Բաբայանի՝ Մովսիսյանը դրսեւորել է պատգամավորին ոչ վայել պահվածք:
Հիշեցնենք, ԱԺ էթիկայի հանձնաժողովը նման որոշում է կայացրել՝ քննելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը սպառնացել էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխները, ովքեր կհանդգնեն ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական ձևով արտահայտվել: «Էդ սրիկաներն էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, իրանց պապաներին պետք ա անպայման ճարվի և գլխատվի։ Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ: Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»,- ասել էր Ա.Մովսիսյանը։
Նման մի դիմում էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուղարկել էր ՀՀ Գլխավոր դատախազություն՝ առաջարկելով պատգամավոր Ա. Մովսիսյանի հայտարարությունները՝ բռնաբարելու և գլխատելու մասին, ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում:
Աղբյուրը՝ galatv.am