ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց քաղբանտարկյալների գործով առաջին ատյանի դատարանի որոշումը
17:04, February 2, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, ՔաղբանտարկյալներԱյսօր՝ 2015 թ. փետրվարի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Խաչատրյանի, հրապարակեց 2013 թ. նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների կողմից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թ. հոկտեմբերի 17-ի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների հիման վրա կայացված որոշումը: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց նշված դատավճիռն ըստ մեղադրանքի՝ Շանթ Հարությունյանի, Ալբերտ Մարգարյանի, Ալեք Պողոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Միսակ Առաքելյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Սևակ Մնացականյանի, Շահեն Հարությունյանի, Տիգրան Պետրոսյանի, Վահե Մկրտչյանի և Վարդան Վարդանյանի թողնել օրինական ուժի մեջ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքները մերժել:
Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Մ. Մարտիրոսյանի, 2014 թ. հոկտեմբերի 17-ին մեղադրական դատավճռով Շանթ Հարությունյանին, Ալբերտ Մարգարյանին դատապարտել էր 6 տարի ժամկետով ազատազրկման, Ալեք Պողոսյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 4 տարի ժամկետով ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանին՝ 2 տարի ժամկետով ազատազրկման, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Վարդան Վարդանյանին՝ 5 տարի ժամկետով ազատազրկման, Հայկ Հարությունյանին՝ 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Սևակ Մնացականյանին՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Տիգրան Պետրոսյանին՝ 1 տարի ժամկետով ազատազրկման, Վահե Մկրտչյանին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման: Ամբաստանյալ Միսակ Առաքելյանը դատապարտվել էր տուգանքի՝ 50.000 դրամ գումարի չափով, իսկ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը՝ 4 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ, դատարանը որոշել էր Շահեն Հարությունյանի պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 4 տարի ժամկետով փորձաշրջան: