Ինչու է լռում Հայաստանի պաշտպանության նախարարությունը
10:29, February 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԼՂՀ ՊՆ-ն փետրվարի մեկին հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, թե ապրիլյան քառօրյային մասնակցած զինծառայողների գրքույկներում «անվավեր» նշումները «պայմանավորված են տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով»:
«Հայաստան24»-ը իրավապաշտպանների հետ զրույցում փորձեց պարզել, թե որքան է խելամիտ երկրի պաշտպանական գերատեսչության նման բացատրությունը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԼՂՀ ՊՆ-ի այս արձագանքը ոչ միայն խելամիտ չի համարում, այլև գնահատում է անհամարժեք:
«Տարօրինակ եմ համարում ՀՀ պաշտպանության նախարարության լռությունը, որովհետև խոսքը վերաբերում է մարդկանց մարտական գործողությունների մասնակցելու փաստի արձանագրմանը և դրա սրբագրումը համարում եմ ոչ միայն բարոյական տեսակետից անթույլատրելի , այլև ուղղակի անբարոյականություն: Սա նաև պատմության կեղծում է, որովհետև այդ փաստաթղթերը նաև վավերագրերի նշանակություն ունեն: Պատմական վավերագրությունն է կեղծվում»,- մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
«Մյուս կողմից ամբողջ մեղքը բարդել հրամանատարների վրա, համարում եմ կեղծիք, որովհետև այդ զինվորական մասերի հրամանատարները կամ այնտեղ անձնական գործերի համար պատասխանատու անձինք, բացարձակապես որևէ կենսական, անձնական շահ չունեին սրբագրելու, կեղծելու: Սա հրահանգի արդյունք է, հրահանգ տվողներն ուղղակի մտածել էին, որ հերթական անգամ մարդիկ կարող էին լռել, կեղծիքի մասին չբարձրաձայնել, որը տեղի չունեցավ, և այդ կեղծիքը բացահայտվեց»,- հավելեց Արթուր Սաքունցը` ընդգծելով, որ բացի հարցի բարոյական կողմից, կա ևս մեկ հարց` ֆինանսական հարցը.
«Պատմական այդ արձանագրումը` անձի մարտական գործողություններին մասնակցության փաստի վավերագրումը, սոցիալական որոշակի արտոնություններ էր ենթադրում և նախատեսում օրենքով, որի համար պետությունը պետք է ֆինանսական ներդրումներ կատարեր և պետք է անպայման կատարի: Դա կլինի տարբեր խնդիրներ լուծելու ժամանակ, թե օրենքով սահմանված արտոնություններից օգտվելիս: Եվ այստեղ շատ հետաքրքիր մի փաստ ենք արձանագրում, որ ազգ-բանակ կոնցեպցիայի հեղինակը, բացարձակապես բերանը ջուր առած, լռում է այն երևույթի վերաբերյալ, որի իբր թե ջատագով է հանդես գալիս: «1000 դրամների» կոնցեպցիայի դեպքում իբր թե պետք է փոխհատուցումներ կատարվեին մարդկանց ներդրման համար, և սա ցույց է տալիս, որ ավելի շատ շոուի հետ գործ ունենք, որն ունի պոպուլիստական բովանդակություն և միայն քաղաքական նեղ նպատակ: Այդ որոշումը չէր բխում մարդկանց խնդիրները լուծելու մտահոգությունից, այլ զուտ ֆինանսական խնդիր լուծելու մտադրություն կար: Մարդը չպետք է մահանա, զոհվի, որպեսզի նրան փոխհատուցում տրվի»,- փաստեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը` ընդգծելով, որ նման գործելաոճը բացարձակ անպատասխանատվություն է ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
«Զորակոչի ժամանակ այցելել զորամասեր, զորակոչը պատշաճ կազմակերպելու մտահոգությամբ հանդես գալ, լուսանկարվել, գովազդ անել սեփական անձի նշանակությունը ցույց տալու տեսակետից, բայց բացարձակապես անպատասխանատվություն ցուցաբերել այդ նույն մարդկանց նկատմամբ, համարում եմ անբարոյականություն, անմարդկային վերաբերմունք անձանց նկատմամբ: Կոչ եմ անում բոլոր զինծառայողներին, որոնք մասնակցել են մարտական գործողութոյւններին կամ ապրիլի 2-5-ը եղել են մարտական հերթապահության մեջ և կատարել զինվորական հրամաններ, հետամուտ լինեն, չլռեն և եթե աջակցության կարիք ունենան, կարող են դիմել նաև մեզ»,- եզրափակեց իրավապաշտպանը` ընդգծելով, որ պետք է վերականգնվի պատմական և սոցիալական արդարությունը:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս փաստեց, որ սա բավականին ամոթալի հարց էր.
«Երկու շաբաթ և ավելի դեռ շրջանառվում էին զինգրքույկների հետ կապված խոսակցությունները, և Վիգեն Սարգսյանը ևս տեղյակ էր, որովհետև ասուլիսներից մեկում պատասխանել է այդ հարցին` որ կուսումնասիրեն: Ինչպես կարող էր երկու շաբաթ շարունակ բարձրաձայնվող հարցը թյուրիմացության արդյունք լիներ: Իսկ ինչու այն ժամանակ Վիգեն Սարգսյանը չասաց, որ դա թյուրիմացություն է` ասելով, որ կուսումնասիրեն հարցը և երկու շաբաթ է ուսումնասիրում են հարցը: Ինչպես կարելի է նսեմացնել զինծառայողներին. հարցը դա է: Կարծում եմ` տեսնելով, որ աղմուկ բարձրացավ, զինծառայողները իրենք սկսեցին բարձրաձայնել հարցը, որն իրոք ամոթալի հարց է: ՊՆ-ն փորձեց այս ձևով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Սա ընդամենը արդարացում է և բավականին անհաջող»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:
Մեր զրուցակցին խնդրեցինք նաև պարզաբանել, թե ինչու հենց ԼՂՀ ՊՆ-ն զինգրքույկների հետ կապված հաղորդագրություն տարածեց, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը լուռ է: Իրավապաշտպանն իր տեսակետը հայտնեց:
«Ներքին կարգով ասել են, որ ԼՂՀ ՊՆ-ն անի այդ հայտարարությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը և նախարար Վիգեն Սարգսյանը շատ լավ գիտեին` ինչ է կատարվում և թույլ էին տալիս, որ դա շարունակվի: Քանի որ զինծառայողները Լեռնային Ղարաբաղում են ծառայել, և պատերազմական գործողությունները այնտեղ են կատարվել, դրա համար ԼՂՀ ՊԲ-ն է բացատրություն տալիս, բայց գրեթե բոլորը Հայաստանի քաղաքացիներ են: Պաշտպանության նախարարությունը փորձեց, այսպես ասած. «տակից դուրս գալ»: Շատ ամոթալի, մեր հերոս տղաներին նսեմացնող, մյուսներին հիասթափեցնող մի արարք է սա: Ուրեմն այս տղաներն արժանի չէի՞ն ինչ-որ մի արտոնությունից օգտվելու: Կյանքի գնով սահման էին պահում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հ. Գ. Նշենք, որ փետրվարի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին: Ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ: