«Պաշտպանության նախարարը պետք է բացատրի, թե ինչպես է լինում, որ բանակում ինքնասպանություն կատարողների, սպանվածների մեջ էլի պաշտոնատար անձանց երեխաներ չեն հայտնաբերվում»․ Արթուր Սաքունց
10:51, February 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԲանակում գրանցվող մահվան դեպքերն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ շարունակում են սահմանային կետեր զորակոչվել անապահով ընտանիքների երեխաները, իսկ պատասխանատու մարմինները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավառ Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով օրերս գրանցված հերթական դեպքին:
Տեղեկացնենք, որ հունվարի 25֊ին Տավուշի մարտական դիրքերում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Շավաշ Գալստյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեն հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Դեպքի մասին տեղեկությունն ստանալուց անմիջապես հետո պարզվեց, որ Շավարշ Գալստյանը միակողմանի ծնողազուրկ էր, տան միակ երեխան: Նրա հայրը մահացել էր հինգ տարի առաջ, մայրն ապրում է Աբովյան քաղաքում՝ հանրակացարանային պայմաններում:
Արթուր Սաքունցի խոսքով՝ սա հերթական փաստն է, որ սոցիալապես անապահով, նաև որևէ տանիք չունեցող ընտանիքի երեխաները բանակ զորակոչվելիս հայտնվում են ամենաթեժ կետերում:
«Դա օրինաչափություն է, որը չի խախտվում, հետևողական իրականացվում է, զարմանալիորեն հենց այս ընտանիքների երեխաներն են վիճակահանությամբ սահման մեկնում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը հիշեցնում է, որ եթե զինծառայության մեկնող երիտասարդը ծնողազուրկ է, ապա օրենքի պահանջ է՝ նրանց բնակության վայրից 150 կմ հեռավորության վրա զորակոչեն իսկ տվյալ դեպքում այդ պահանջը խախտված է, քանի որ Աբովյանից մինչև սահմանային Տավուշ 150 կմ-ից ավելի ճանապարհ է:
Թեպետ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, սակայն զինծառայողի հարազատները պնդում են, որ նրա վրա բռնության հետքեր կան: Շավարշ Գալստյանի տատը պատմել է, որ նա խառը պատմությունների մեջ էր հայտնվել, ինչի մասին չի մանրամասնել ընտանիքի անդամներին: Իսկ մարաքույրը պնդում է, որ Շավարշին սպանել են, հետո զենքը դրել նրա ձեռքերի մեջ դրել․
«Մեզ համար ամեն ինչով պարզ է, որ էս ինքնասպանություն չի։ Էրեխու ձեռքերի մեջը կապտած է ու կապած։ Երևում է, որ երեխուն չարչարել են, ծեծել են ու հետո ձեռքերի մեջ են դրել հրացանը։ Դեմքն ամբողջովին ուռած է»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Շավարշ Գալստյանի մորաքույրը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պնդում է, որ իրեն զեկուցվել է՝ այս դեպքով զորակոչի հետ կապված որևէ խախտում չի հայտնաբերվել: Քրեական գործին զուգահետ նաև ծառայողական քննություն է կատարվում այս դեպքով:
«Անկախ ընտանեկան ու սոցիալական վիճակից ցանկացած զինվորի խոցում, մահ, ինքնասպանություն մեզ համար չափազանց մտահոգիչ ու ծանր ընդունվող երևույթ է: Մենք յուրաքանչյուր դեպքում փորձում ենք մինչև վերջ հասկանալ դեպքի պատճառները»,- հայտարարել էր նախարարը:
Նա նաև այս դեպքի սլաքն ուղղել էր դեպի ինքնասպանություն՝ հայտարարելով, որ ինքնասպանությունը չունի սահման:
«Եթե հնարավոր լիներ որևէ համակարգում բացառել ինքնասպանությունները, դա կլիներ շատ ցանկալի: Բայց ցավոք սրտի, ինքնասպանությունը գոյություն ունի ինչպես զինված ուժերում, այնպես էլ զինված ուժերից դուրս: Բայց ուսումնասիրելով տարիների վիճակագրությունը՝ ես պարզ տեսել եմ մի բան՝ զինված ուժերում ինքնասպանությունների թիվը մոտ 4 անգամ պակաս է, քան բանակից դուրս»,-հայտարարել էր նախարարը:
Արթուր Սաքունցն ասում է՝ մինչև քննությունը չավարտի, որևէ մեկը, առավել ևս պաշտպանության նախարարը, իրավունք չունեն վարկած առաջ քաշել՝ դա եղել է ինքնասպանություն, թե ոչ:
«Պաշտպանության նախարարը պետք է բացատրի, թե ինչպես է լինում, որ բանակում ինքնասպանություն կատարողների, սպանվածների մեջ էլի պաշտոնատար անձանց երեխաներ չեն հայտնաբերվում»,- ասում է Սաքունցը:
Հատկապես ապրիլյան պատերազմի ժամանակ ցցուն կերպով ի հայտ եկավ այն խնդիրը, որ սահմանին հայտնվում ու մահանում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Իրավապաշտպանը նկատում է, որ այսօր ոչ միայն իրավիճակը չի փոխվել, այլ նաև փոփոխություն կատարելու ձգտում չի նկատվում:
«Վիգեն Սարգսյանը ոչ թե պատահական մարդ է եղել, այլ նախկինում նախագահի աշխատակազմի ղեկարն էր, ով մասնակցել է կառավարության նիստերին, առավել քան տիրապետել է ամբողջ տեղեկատվությանը: Բայց մենք իր պաշտոնավարման ընթացքում այդպես էլ չենք լսել որևէ հայտարարություն, դիրքորոշում բանակում կանոնադրական հարաբերությունների խախտման, մահացություների դեպքերի մասին՝ որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր»,- հավելում է Արթուր Սքունցը:
Օրերս գրանցված մեկ այլ դեպքի անդրադառնալով՝ Արթուր Սաքունցն ուշադրություն է հրավիրում զորակոչի ժամանակ բժշկական զննության խնդրին:
Հունվարի 26-ին զորամասերից մեկի տարածքում հանկարծամահ էր եղել 19-ամյա ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Ափինյանը: Նախնական տվյալներով` այդ օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել էր: Նա տեղափոխվել էր զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
«Մտահոգիչ խնդիրներ կան այստեղ: Ճիշտ է, Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ շարային հրապարակում է եղել առողջական վիճակի վատթարացումը, բայց ես ենթադրում եմ, որ նա շարային հրապարակում ինչ-որ վարժություններ կատարելիս է եղել: Այդ ի՞նչ վարժություններ են կատարել, որը հանգեցրել է կուրսանտի սրտի կանգին: Եթե սիրտը նորմալ է աշխատել, այսինքն՝ զորակոչից առաջ բժշկական զննությամբ նման խնդիր չի առաջացել, նշանակում է, որ շատ տարօրինակ շարային վարժություններ են կատարել, ինչի հետևանքով երիտասարդն այդ ծանրաբեռնվածությանը չի դիմացել»,-«Մեդիալաբին» ասում է Սաքունցը:
Նա նշում է, որ այս խնդիրն իրենք բազմիցս են բարձրացրել, որ բժշկական զննությունը ոչ թե պետք է վերաբերի միայն նրան, որ տվյալ պայմաններում ստուգվի զիծառայողի առողջական վիճակը, այլ նաև տրվի որոշակի եզրահանգում, թե ինչ ծանրաբեռնվածությանը մարդ կարող է դիմանալ:
«Իսկ, եթե եղել են սովորական շարքային պարապմունքներ, ապա այդ դեպքում հարց է ծագում արդեն ոչ պատշաճ բժշկական զննության հետ կապված: Երկու պարագայում էլ սա խիստ մտահոգիչ դեպքերից մեկն է, որի վերաբերյալ նույն պաշտպանության նախարարի կողմից, ցավոք սրտի, մեկնաբանություն չենք ստանում»,- ասում է իրավապաշտպանը: