Ի՞նչ է անելու ոստիկանությունը ընտրական շրջանում. քննարկում
17:09, February 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՈստիկանությունԱյսօր ՀՀ ոստիկանությունում հրավիրվել էր քննարկում` «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունները» թեմայով: Թեև քննարկման մասին ոստիկանությունը իրազեկում էր արել, սակայն հանդիպում-քննարկմանը շահագրգիռ կողմերից քչերն էին ներկայացել: Հանրային քննարկմանը ներկա էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ասաց, թե այս ուղեցույցը մշակելիս հաշվի են առել այն բոլոր խնդիրները, որոնց բախվել են նախորդ ընտրությունների ժամանակ:
Արթուր Սաքունցը, անդրադառնալով մշակված ուղեցույցին, նախ ողջունելի համարեց, որ նման քննարկում է հրավիրվել, քանի որ նախադեպային է` ներկայացնելով մի քանի դիտարկումներ: Մասնավորապես, նա ընդգծեց, որ ուղեցույցը մշակողները պետք է նկատի ունենան ոստիկանների գործողությունները ոչ միայն բուն քվեարկության օրը, այլ նաեւ նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Ըստ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարի՝ անհրաժեշտ է խիստ հսկողություն սահմանել նաեւ քրեորեն հետապնդելի արարքների նկատմամբ: «Քրեորեն հետապնդելի արարքների ուղղությամբ գործողությունների նկատմամբ պետք է հետեւողականություն ցուցաբերել, մասնավորապես, ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգումների հետ կապված»,- ասաց Սաքունցը:
Նրա խոսքով` մտահոգիչ են վարչական ռեսուրսների օգտագործման դեպքերը: Մասնավորապես, լինում են դեպքեր, երբ այս կամ այն թեկնածուն օգտագործում է իր վարչական լծակները: Սաքունցը նաեւ օրինակ բերեց: «Լինում են, որ ծառայողական մեքենաներով են գալիս քարոզարշավի»,- նկատեց Սաքունցը: Նա նաեւ նշեց, որ այս եւ այլ խնդրահարույց կետերի վերաբերյալ իր դիտարկումները գրավոր կներկայացնի:
Նույն խնդիրների մասին խոսեց նաեւ Դանիել Իոաննիսյանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ այս ընտրությունների ժամանակ իրավապահ մարմինները հետեւողական կլինեն:
Հովհաննես Քոչարյանն արձագանքելով նշեց, թե ընտրակաշառքի հետ կապված դեպքերը հնարավոր է կանխարգելել հասարակության ակտիվ ջանքերի շնորհիվ: Միեւնույն ժամանակ, ըստ Քոչարյանի, լինում են ահազանգեր, թե այս կամ այն երթուղայինում ընտրակաշառք են բաժանում, բայց ոստիկանները տեղ են հասնում, պարզվում է` ինչ-որ պարտքի հետ է կապված: Քոչարյանի այս պարզաբանումն ներկաների ծիծաղն առաջացրեց:
Արձագանքելով` Արթուր Սաքունցն էլ նկատեց, որ ընտրությունների օրը մարդկանց մեքենաներով են տեղափոխում ընտրատեղամասեր: «Կարո՞ղ ա սիրուն աչքերի համար են տեղափոխում»,- հարցադրում արեց Սաքունցը: Իսկ Քոչարյանն ասաց, թե որեւէ մեկին զոռով, կապելով չեն բերում ընտրության: «Առաջինը այդ կարգի մարդիկ են բողոքավորները, ովքեր անպայման կհայտնեն այդ մասին»,- ասաց ոստիկանության պաշտոնյան:
Տես նաև՝ tert.am