«Ցինիկ մոտեցմամբ խաբելու են միջազգային կառույցներին, թե ունեն քաղաքական կամք»
10:01, March 2, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ուսումնասիրելով ՀՀ կառավարության որոշումը կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու վերաբերյալ, այդ կառույցի հիմնական գործառույթները, եկել է այն եզրահանգման, որ իրականում հիմնականում գործադիր մարմնի ներկայացուցիչներից կազմված խումբը ոչ թե պայքար է ծավալելու կոռուպցիայի դեմ, այլ իրականացնելու է խորհրդատվական, ռիսկերի գնահատման ֆունկցիա: Սա կարեւոր հարց է համարում Սաքունցը, որը հարկավոր է առանձնացնել:
«Իր գործառույթների ցանկի տեսանկյունից, որ նայում ենք, ավելի շատ ունի խորհրդատվական գործառույթներ, որոնք իմպերատիվ, հրամայական նշանակություն չունեն եւ ավելի շատ կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, գնահատման ֆունկցիա են իրականացնելու եւ տալու են գնահատականներ, թե այդ բացահայտված ռիսկերի վերացման ուղղությամբ ինչ քայլեր կարելի է կատարել: Այսինքն, միայն առաջարկություններ է ներկայացնելու: Պետք է անվանումը լիներ ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, այլ պետք է լիներ կոռուպցիոն ռիսկերի գնահատման եւ մշակման խորհուրդ, որը շատ ավելի կհամապատասխաներ անվանումը՝ բովանդակության հետ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
«Հանձնարարվել է՝ հիմք ընդունելով նշված հայեցակարգը, մշակել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր և վերանայել ՀՀ նախագահի 2004թ. հունիսի 1-ի` «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-100-Ն հրամանագիրը»,-նշված է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու որոշման մեջ:
Սա նշանակում է, որ այս խորհուրդը գալիս է փոխարինելու դեռեւս 2004 թվականի հունիսի մեկին ՀՀ նախագահի հրամանագրով նույն նպատակների համար ստեղծված խորհրդին:
Իրավապաշտպանը հարցադրում է՝ կա՞ արդյոք դեռեւս 2004 թվականին ստեղծված խորհրդի գործունեության գնահատականը, ի՞նչ հաջողություններ եւ ի՞նչ թերություններ է ունեցել այդ խորհուրդը եւ գործունեության ընթացքում ի՞նչ արդյունքներ է արձանագրել:
«Որո՞նք են այն խնդիրները, որ մտահոգել է, կամ որոնք պետք է լուծեին նոր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծման միջոցով: Այսինքն, մենք պետք է ունենանք նախկին խորհրդի գործունեության եւ արդյունքները, եւ նաեւ նրա ինստիտուցիոնալ գնահատականները, որպեսզի հասկանանք, թե նոր խորհուրդը ի՞նչ հարցերի է գալիս պատասխան տալու, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ լինի»,-ընդգծեց Արթուր Սաքունցը:
Նոր խորհրդում բավականին լուրջ ներկայացված են գործադիր իշխանության մարմնի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ խորհուրդը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրա հետ միասին նույն կառույցում աշխատելու են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, արդարադատության նախարարը եւ այլոք: Ընդհանուր առմամբ, մոտ 14 հոգանոց խումբ է աշխատելու այդ խորհրդում: Այստեղ քաղաքացիական հասարակությունն ունենալու է ընդամենը երկու ներկայացուցիչ: Արթուր Սաքունցը կարծում է, որ նման ներկայացվածությունն ունենալու է ձեւական բնույթ, քանի որ այդ եղանակով չի լուծվում քաղաքացիական հասարակության ներգրավվման խնդիրը: «Որոշումներ են չէ՞ կայացնելու, բայց այդ որոշումների մեջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերն ըստ էության զրո է, որովհետեւ ձայների ընդամենը երկու կողմ կա»:
Հայաստանի համայնքների միությունը խորհրդի կազմում ունենալու է մեկ ներկայացուցիչ: Այս առումով էլ անորոշություն կա, որի մասին բարձրաձայնում է իրավապաշտպանը:
«Հայաստանի համայնքների միությունը նույնպես հասարակական կազմակերպություն է, ինչո՞վ է պայմանավորված հասարակական կազմակերպությունների միջեւ խտրական վերաբերմունքը, երբ մեկին դու ուղղակի ընդգրկում ես կազմի մեջ, իսկ մյուս երկու տեղը պետք է մրցույթով որոշվի: Ի՞նչն է նման մոտեցման պատճառը: Կարո՞ղ եմ արդյոք եզրակացնել, որ Հայաստանի համայնքների միությունը չի համարվում որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ: Իրավաբանական կարգավիճակը որպես ՀԿ է եւ այդ դեպքում ես իրապես հիմնավոր եմ համարում, որ սա խտրական վերաբերմունք է հասարակական կազմակերպությունների նկատմամբ՝ ըստ գործադիր իշխանության նախասիրության: Նման տարբերակումն արդեն իսկ պարունակում է կոռուպցիոն ռիսկ»:
Սաքունցը հետեւյալ եզրահանգումն է անում, որ խորհուրդն անարդյունավետ է՝ գործառույթների տեսակետից, ձեւական է՝ քաղաքացիական հասարակության մասնակցության տեսակետից եւ նման մոտեցմամբ կոռուպցիայի դեմ պայքարելը հեղինակազրկելու է կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարն ընդհանրապես:
«Չեմ խուսափի այդ բառից. Սա ցինիկ մոտեցում է, որը միայն մեկ իմաստ ունի՝ ցույց տալ միջազգային հանրությանը, որ իբր թե ՀՀ իշխանություններն ունեն քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Բայց սա, հստակ եմ ասում, կոպիտ խաբեություն է: Ակնկալիք ունեն, որ միջազգային դոնորները, որոնք ֆինանսական հիմնական ռեսուրսն են համարվում այսօրվա իշխանության, գուցե կգնան նման խաբկանքի»:
Հետեւաբար այդ խորհրդի կազմում վարկաբեկված քաղաքական ուժերի հետ միասին նույն կազմում աշխատելը կհեղինակազրկի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին,- համոզված է իրավապաշտպանը:
«Այդ ՀԿ-ներին էլ կփչացնեն: Եթե փորձեն առողջ մի երկու հոգու էլ փչացնել, դա կլինի իրական արդյունքն այս ամբողջ խորհրդի, որ հերթական անգամ իշխանությունը փչացրեց եւս երկու հասարակական կազմակերպության ներկայացուցչի»:
Աղբյուրը՝ galatv.am