Զինծառայող Գ. Խաչատրյանի մահվան գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց
12:31, April 2, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Գրիշա Խաչատրյան, Զինված ուժեր2016 թ. մարտի 29-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ս. Չիչոյանի, սկսվեց զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Մուրադ Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. փետրվարի 18-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: Սույն որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը:
2016 թ. մարտի 29-ի դատական նիստը կայացավ տուժողի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի, վերջինիս ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ: Դատական նիստին չէին ներկայացել կայազորի զինվորական դատախազի տեղակալ Անուշավան Հարությունյանը և վարույթն իրականացրած ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Եղոյանը: Վերջինս գրավոր միջնորդությամբ հայտնել էր, որ դատական նիստի նշանակված օրը նախապես պլանավորված գործողության մասնակցելու նպատակով, չի կարող ներկայանալ դատական նիստին, միաժամանակ, միջնորդությամբ խնդրել էր հետաձգել դատական նիստը՝ հնարավորություն տալով իրեն մասնակցել բողոքի քննությանը և իր դիրքորոշումը հայտնել դրա մասին:
Միջնորդությամբ բարձրացված հարցի լուծումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը թողեց դսատարանի հայեցողությանը, իսկ Մ. Խաչատրյանը գտավ, որ դատական նիստը կարող է շարունակվել:
Նախագահող դատավոր Ս. Չիչոյանը որոշեց շարունակել դատական նիստը՝ բողոքի հիմնավորումները ներկայացնելու նպատակով:
Տ. Սիրադեղյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմնավորումները: Մասնավորապես, նա հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ նախաքննության ընթացքում չեն բացահայտվել Գ. Խաչատրյանի մահվան բոլոր հանգամանքները, և չեն հերքվել ինչպես մեկ այլ անձի կողմից Գ. Խաչատրյանին մահ պատճառելու, այնպես էլ նրա կողմից զենքի կանոնները խախտելու պայմաններում անզգուշությամբ հրազենային մահացու վնասվածք ստանալու վարկածները: Նման պայմաններում, Տ. Սիրադեղյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը չէր կարող միանշանակ հետևություն կատարել, որ մահը եղել է զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանք: Միաժամանակ, Տ. Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց նաև այն մասին, որ նախաքննության ընթացքում գնահատականի չի արժանացել զորամասի հրամանատարական անձնակազմի և Գ. Խաչատրյանի անմիջական հրամանատարության գործողությունների ու առաջացած հետևանքի միջև պատճառական կապի առկայության կամ բացակայության հարցը, հատկապես այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ հերթափոխի հանձնում-ընդունում չի կատարվել, որի դեպքում դիրքի ավագի օգնականը պետք է ստուգեր նաև զինծառայողի զենքի վիճակը: Այսպիսով, Տ. Սիրադեղյանը խնդրեց կայացնել նոր դատական ակտ ու բեկանել ՀՀ Արարատի և Վանոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թ. փետրվարի 18-ի՝ բողոքը մերժելու մասին որոշումը:
Մ. Խաչատրյանը նշեց, որ իր որդին պատշաճ ծառայել է, որ խնդիրներ և բողոք չի ունեցել ծառայությունից, և համոզվածություն հայտնեց այն մասին, որ որդին սպանվել է՝ գտնելով, որ նման վնասվածքն անձամբ պատճառելն անհնար է:
Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ ապահովելով վարույթն իրականացրած մարմնի մասնակցությունը բողոքի քննությանը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2016 թ. ապրիլի 20-ին, ժամը 13:00-ին: