ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գայանե Առուստամյանի գործով ներկայացված բողոքը
18:28, May 2, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Տեղաշարժի ազատություն | Գայանե Առուստամյան2016 թ. մայիսի 2-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ Տ. Սահակյանի, կայացավ տուժող Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. մարտի 17-ի՝ բողոքը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան բողոքարկել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով 2015 թ. օգոստոսի 8-ին կայացված քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:
Բողոքի քննությանը ներկա էին Գ. Առուստամյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը և վարույթն իրականացրած ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանը:
Բացարկի միջնորդությունների բացակայությունը ճշտելուց հետո դատարանն անցավ գործի դատավարական նախապատմության ներկայացմանը, որից հետո վերաքննիչ բողոքի հիմնավորումները ներկայացնելու համար խոսքը տրվեց բողոքաբերի ներկայացուցչին: Վերջինս նշեց, որ դատարանի կողմից խախտել են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 2-րդ, 127-րդ հոդվածների դրույթները՝ ներկայացնելով այդ հետևության հիմնավորումները: Մասնավորապես, Տ. Սիրադեղյանը նշեց, որ կատարված քննությունը եղել է ոչ արդյունավետ, այն չի տարվել հանցագործությունը՝ խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստը, բացահայտելու և մեղավորներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Գործում եղած ապացույցներն ու ցուցմունքները գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ, հիմք են ընդունվել ոստիկանության աշխատակիցների կողմից տրված ցուցմունքները՝ անտեսելով խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկված և քրեական գործով տուժող ճանաչված Գ. Առուստամյանի ցուցմունքները: Տ. Սիրադեղյանն անդրադարձ կատարեց նաև լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին տուժող կողմի միջնորդությունը մերժելու և դատահոգեբանական փորձաքննություն չնշանակելու հանգամանքներին, նախաքննության ընթացքում միայն ոստիկանության մեկ աշխատակցի հետ առերեսում կատարելուն, չնայած, որ Գ. Առուստամյանի ձերբակալումն իրականացվել է ոստիկանության մի քանի աշխատակիցների կողմից: Նա նշեց, որ տուժող կողմը սեփական նախաձեռնությամբ կատարել է Գ. Առուստամյանի հոգեբանական հետազոտություն, և այն կատարող հոգեբանները գտել են, որ նրա հոգեբանական հետազոտության արդյունքների ու ենթադրյալ խոշտանգման դեպքերի մասին հաղորդման միջև առկա է համապատասխանության բարձր աստիճան, իսկ հոգեվիճակի դինամիկան համընկնում է ենթադրյալ խոշտանգման դեպքերի ընթացքի հետ: Բացի դրանից՝ Գ. Առուստամյանի ներկայացուցիչը հիմնավորումներ ներկայացրեց նաև դատարանի կողմից կայացված դատական ակտի ոչ բավարար չափով պատճառաբանված լինելու վերաբերյալ՝ հղում կատարելով դրա առնչությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներին: Այդպիսով, Տ. Սիրադեղյանը խնդրեց բեկանել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մարտի 17-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
Վերաքննիչ բողոքի դեմ իր առարկությունները ներկայացրեց վարույթն իրականացրած քննիչ Ա. Թադևոսյանը: Վերջինս հայտնեց, որ նախաքննությունը կատարվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, հիմնավոր համարեց իր կողմից կայացված որոշումը՝ հավելելով, որ այն ստուգվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում և հաստատվել: Նա հայտնեց, որ կայացված որոշմամբ հաշվի են առնվել նաև Գ. Առուստամյանի ցուցմունքները և դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված տեսագրությունը, իսկ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության քննարկումը հետաձգվել է, այդ առթիվ հարցաքննվել է փորձագետը, որից հետո միջնորդության բավարարումը մերժվել է: Ա. Թադևոսյանը նաև հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Գ. Առուստամյանի նախաձեռնությամբ, նա է մոտեցել և վիրավորել ոստիկանության աշխատակցին և ընդունել է այդ փաստը: Այսպիսով, Ա. Թադևոսյանը գտավ, որ թե՛ իր, թե՛ դատախազության և թե՛ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները հիմնավոր են, ու խնդրեց մերժել ներկայացված բողոքը:
Նախագահող դատավոր Տ. Սահակյանը որոշ հարցեր ուղղեց վարույթն իրականացնող մարմնին, որոնց ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ Գ. Առուստամյանը բերման է ենթարկվել՝ ոստիկանին վիրավորելու համար, նրան ձեռնաշղթաներ են հագցրել ոստիկաններին չենթարկվելու պատճառով, իսկ տեսագրությունում երևում է, որ Գ. Առուստամյանը վիրավորում է ոստիկանության աշխատակիցներին: Բացի դրանից՝ նա նշեց, որ առերեսում կատարվել է ոստիկանության այն աշխատակցի հետ, ում գործողությունները Գ. Առուստամյանը ոչ օրինական է համարել:
Տ. Սիրադեղյանը հավելեց, որ Գ. Առուստամյանը չի եղել դեպքի նախաձեռնողը, քանի որ իր կողմից կատարված արտահայտությունը հնչել է ոստիկանության աշխատակցի սուլոցից հետո, երբ նա հանկարծակիի է եկել ու արձագանքել իրենից կես քայլ հեռավորության վրա հնչող սուլոցի ձայնին:
Դատարանը, բողոքի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Հրապարակված որոշմամբ դատարանն օրինական ուժի մեջ թողեց ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով ներկայացված բողոքը:
Տես նաև՝ aravot.am